ՑԱՎԴ ՏԱՆԵՄ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Չնայած Ֆրանսիայում նախագահական ընտրությունները դեռ չեն ավարտվել եւ երկրորդ փուլը տեղի է ունենալու մայիսի 7-ին, որին մասնակցելու է Էմանուել Մակրոնը, բայց նա քարոզչական այս թեժ շրջանում ժամանակ էր գտել եւ ապրիլի 24-ին եղել է Փարիզում գտնվող Կոմիտաս վարդապետի արձանի մոտ, որտեղ ոգեկոչում էին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Մակրոնը, որին շատերն արդեն իսկ անվանում են Ֆրանսիայի հաջորդ նախագահ, հայտարարել է, որ երբ ինքը ընտրվի նախագահ, ապա ապրիլի 24-ը Ֆրանսիայի օրացույց կմտնի որպես Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օր: Նույն ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զարթնել է Սպիտակ տանը գտնվող նախագահ Լինքոլնիՙ իրեն հատկացված ննջասենյակում, սովորության համաձայն հեռուստացույցով լուրեր է նայել, այնտեղից էլ, թերեւս, իմացել է, որ այսօր հայերի ցեղասպանության օրն է, հետո, կրկին սովորության համաձայն, խորհրդականների հետ առավոտյան քննարկման ժամանակ ճշտել է վերջիններից, թե իր այդքան չսիրած լրատվամիջոցները ճի՞շտ են արդյոք ասում, իմացել է, որ ճիշտ են ասում եւ հանձնարարել է նրանց, որ իրեն մի խորհուրդ տան, հիմա ինքն ի՞նչ ասի: Խորհրդականներից մեկն էլ ասել է, որ Ցեղասպանություն բառն արտասանել ԱՄՆ նախագահին չի կարելի, կապ չունի այդ ցեղասպանությունը վերաբերվում է հայերին, թե, օրինակ, հնդկացիներին, հետեւաբար, նախագահ Թրամփը պետք է արտասանի Մեծ եղեռն բառերը, ինչպես նախագահ Օբաման: Թրամփն, իհարկե, վրդովվել է, որ ինքը, փաստորեն, պետք է կրկնի Օբամային, բայց խորհրդականները նրան հանգստացրել են, ասելովՙ դա Ամերիկայի համար լավագույն տարբերակն է: Դե քանի որ Թրամփը խենթանում է այն ամենի համար, ինչը Ամերիկայի համար ամենալավն է, որոշել է, որ պետք է արտասանի Մեծ եղեռն բառերը: Բայց սկզբից իհարկեՙ Հոլոքոսթ: Ապրիլի 24-ին, նախագահ Թրամփը երկու ուղերձ հղեց, առաջինը հրեաներինՙ Հոլոքոսթի հետ կապված, երկրորդը հայերինՙ Մեծ եղեռնի հետ կապված: Ընդ որում, հայկական որոշ կայքեր, տեսնելով, որ Թրամփը միայն հրեաների ցեղասպանության մասին է խոսում, շտապել էին արձանագրել, թե բաՙ Թրամփը Հայոց ցեղասպանության մասին մեկ բառ անգամ չի ասել... Իրականում, ինչպես արդեն ասացի, ասել է, պարզապես հաջորդ ուղերձում: Ինչեւէ, հրեաներըՙ երջանիկ են, հայերըՙ նորմալ: Վաշինգտոնից շատ հեռուՙ Մոսկվայում, շատ ավելի հետաքրքրական բաներ են տեղի ունեցել: Նախագահ Պուտինը, հավանաբար զբաղված լինելով այլ գործերով, մոռացել էր, որ ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության օրն է, եւ այդ օրը զբաղված է եղել այլՙ կարեւոր գործերով: Մասնավորաբար հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթանբաեւի հետ: Դա այդ օրը, համաձայն ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջի, նախագահ Պուտինի միակ հեռախոսազրույցն է եղել, իսկ ուղերձ ՌԴ նախագահը, նույն աղբյուրի համաձայն, ապրիլի 24-ին ոչ մեկին չի հղել: Առիթ չկար: Իրավիճակն այս առումով փոքր ինչ մեղմեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը Ֆեյսբուքի իր էջում, շեշտում եմՙ Ֆեյսբուքի իր էջում, ոչ թե ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում, գրել է, որ ինքն այդօրըՙ ապրիլի 24-ին, այցելել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ գտնվող հայկական եկեղեցի, քանի որ ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության օրն է եւ այդ օրըՙ սրտով հայ ժողովրդի հետ ենք: Միայն այդ օրը: Կամ նաեւ այդ օրը: Տիկին Զախարովան շեշտել է, որ ՌԴ Պետդուման դեռեւս 1995-ին ընդունել է որոշումՙ 1915-22-ին հայ ժողովրդի պատմական հայրենիքումՙ Արեւմտյան Հայաստանում հայերի դեմ իրագործված ցեղասպանության մասին: Ինչեւէ, ի տարբերություն նախագահ Պուտինի, ապրիլի 24-ին ուղերձ է հղել ինքըՙ Թուրքիայի նախագահը: Էրդողանը Թուրքիայիՙ իր շատ հարգելի հայ քաղաքացիներին ցավակցել է Առաջին աշխարհամարտի ժամանակ օսմանյան հայերի հետ տեղի ունեցած տխուր դեպքերի կապակցությամբ, շեշտելով, որ հայերն ու թուրքերը այս տարածքում հազար տարի է ապրում են ուս-ուսի, կիսելով միեւնույն պատմությունը, մշակույթը եւ արժեքները: Էրդողանի այս ուղերձը ընթերցվել է Ֆերիքոյի Սուրբ Վարդանանց եկեղեցում ապրիլի 24-ին կազմակերպված պատարագի ժամանակ: Ընթերցումից հետո հնչել են բուռն ծափահարություններ, երեւի, երեւիՙ բուռն: Մի խոսքով, ապրիլի 24-ին նշեցինք Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Նշեցինքՙ ինչպես միշտ, նեղանալով այս կամ այն նախագահից, երկրից, որ այս կամ նախագահը, երկիրը, մեր կյողքին չէ, մեր ցավը չի կիսում, մեր թշնամիներին մեր փոխարեն չի պատժում: Բայց այդ օրըՙ ապրիլի 24-ին, մեր բոլոր տեսակի խանութները, այդ թվումՙ սուպեր, բոլոր տեսակի վարսավիրանոցները, մամուլի, ավելի ճիշտՙ սիգարետի կրպակները, կոշկակարանոցներն ու արտելները,... բաց էին, աշխատում էին: Ռեստորանների մասին ամաչեցի գրել: Դուք կզարմանաք, բայց երբ այդ օրը դրանք փակվեն, ոչ թե օրենքի, այլ ավանդույթի ուժով, մեր ցավը կսկսեն լուրջ ընդունել բոլորը: Հիմա չեն ընդունում, հիմա մենք բոլորս էլ մեր իսկ ցավը լուրջ չենք ընդունում: Դրա համար էլ չի անցնում, ցավդ տանեմ: |