RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017



Տեղադրվել է` 2017-04-28 01:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 5169, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ

ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Բեռլին

Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումներն այս տարի Բեռլինում սկսվեցին ապրիլի 23-ին Շարլոթենբուրգ թաղամասի պատմական պանթեոնում, ուր արդեն մեկ տարի է անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշապատ ունենք:

Այս պանթեոնը պատմական է եւ հայկական ցեղասպանության հետ որոշ կապ ունի` այստեղ է թաղված Յոհաննես Լեփսիուսի որդին, որը հայերիս համար խորհրդանշական է: Պանթեոնում հաճախ են տեղի ունենում խմբային այցելություններ` բարձրաստիճան հյուրեր են գալիս, տուրիստներ, տեղացիներ:

Տեղի ավետարանական եկեղեցում միջոցառման մասնակիցներին ողջունեցին եւ բացման խոսքով հանդես եկան Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, Բեռլինի հայկական եկեղեցական եւ մշակութային համայնքի նախագահ տիկին Սոնա Այպերը եւ Բեռլինի արքեպիսկոպոսական թեմի հոգեւոր հովիվ Լութց Նեհկը:

Հուշ-երեկոյի հիմնական բանախոս, Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի նախագահ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր տիկին Թեսա Հոֆմանն իր ելույթում նշեց, որ անցյալ տարվա հունիսի 2-ի բանաձեւի ընդունմամբ հարցը չի լուծվել, ընդհանրապես բան չի փոխվել, որովհետեւ այդ բանաձեւը իրավական ուժ չունի, բացի դրանից մեր հիմանական զրուցակիցն է Թուրքիան: Իսկ Գերմանիայում հանձնախումբը նույն տեմպով շարունակելու է իր աշխատանքը: Բանախոսը իրենց առաջիկա կարեւոր անելիքն է համարում դպրոցներում` հայկական ցեղասպանության թեման դասավանդման նյութ դարձնելը:

Որպես հարգանքի տուրք` 1915-ի Եղեռնի զոհ դարձած հայ բանաստեղծներ Դանիել Վարուժանի, Սիամանթոի եւ Ռուբեն Սեւակի մի շարք գործեր ներկայացրեցին Թեսա Հոֆմանը, Աիդա Չապարը եւ Ժասմին Գրակոուին:

Այնուհետեւ ներկաները ծաղկեպսակներով շարժվեցին դեպի հուշապատ, որի շուրջ քարերին նշված են նաեւ այն վայրերի անունները, որտեղ տեղի են ունեցել տեղահանություններն ու ջարդերը: Մարիա Գյոդելեկյանն այն ավելացրեց մեկով` նշելով իր ամուսնու նախնիների քաղաքը` Հաճընը: Միջացառման ավարտին հոգեւոր հայրերը իրենց աղոթքով ոգեկոչեցին անմեղ զոհերի հիշատակը:

Ցեղասպանության 102-րդ տարելիցը շարունակվեց ապրիլի 24-ին` Բեռլինի պատմական թանգարանում: Այստեղ ոգեկոչման արարողությունը, ավանդության համաձայն, կազմակերպել էին Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը (ԳԿԽ), Գերմանիայում Հայաստանի դեսպանատունը եւ առաջնորդարանը, որին ներկա էին հարյուրավոր հրավիրյալներ, այդ թվում գերմանացի մի շարք քաղաքական գործիչներ, հոգեւորականներ, Գերմանիայի բազմաթիվ քաղաքներից հայկական համայնքների ներկայացուցիչներ եւ այլք:

Միջոցառումն սկսվեց երիտասարդ դաշնակահար Ժոռա Սարգսյանի կատարմամբ: Ողջույնի եւ ոգեկոչման խոսքով ելույթ ունեցան ԳԿԽ անդամ Անի Սմիթ-Տաքեսյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Բունդեսթագի փոխխոսնակ տիկին Էդելգարդ Բուլմանը: Նրանց ելույթներին հաջորդում էին Միքայել Հախնազարյանի, Հայկ Սուքիասյանի եւ Ժոռա Սարգսյանի երաժշտական կատարումները: Ներկաների առաջ իր անձնական-ընտանեկան ուշագրավ եւ հուզիչ հիշողություններով հանդես եկավ Համբուրգի տեխնիկական համալսարանի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը: Նա պատմեց ծննդավայր Սվազի, իր գերդաստանի մասին եւ հետոՙ թե ինչպես են իր հարազատներից շատերը ողջակիզվել, հայրը հրաշքով փրկվել է ու որբանոց ընկել, այնուհետեւ մի վայրից մյուսը տեղափոխվել, ընտանիք կազմել եւ այլն: Ինքը` Կարապետը, կրթաթոշակի արժանանալով` Գերմանիա է եկել Բեյրութից, ուսանելուց հետո բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել եւ առ այսօր այստեղ է ապրում:

Հուշ-երեկոն իր ելույթով եզրափակեց Սերովբե վարդապետ Իսախանյանը, որից հետո նրան միացան հայ եւ գերմանացի ներկա հոգեւոր հովիվները եւ հանդիսատեսի հետ միասին հոտընկայս, Տերունական աղոթքով ի մի բերեցին արարողությունը:

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման նմանատիպ արարողություններ այս օրերին տեղի ունեցան նաեւ Գերմանիայի մի շարք քաղաքներում: Համբուրգում դասախոսություն կարդաց Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը, Քյոլնում, ուր առավել կարեւորվեց երիտասարդ հայերի ելույթները, Մյունխենում, որտեղ ներկա էր Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը, Բրեմենում, որտեղ «Գայանե» երգչախումբը հանդես եկավ դասական համերգով, եւ այլուր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ