ՓԱՍՏԵՐՙ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հ. ԱՖ. Անցնող շաբաթ հրապարակվեց այն իրերի ցանկը, որ փաստաբանները եւ մյուսները չեն կարող տանել դատարան: Այսպիսովՙ չի կարելի դատարան տանել գնդակ նետելու հարմարանքներ, կրկնում եմՙ գնդակ նետելու հարմարանքներ, մեխ եւ պտուտակ ամրացնելու արդյունաբերական սարքեր, արբալետներ, նիզակներ, կրկնում եմՙ նիզակներ, բթացնող կամ հարվածող սարքեր, մաչետներ, բեյսբոլի մականներ, գոլֆի թիեր, հոկեյի թիեր, նավակի թիեր, բիլյարդի կիեր, ձկնորսական կարթեր, աէերոզոլային ներկեր, բակտերիաներ եւ վիրուսներ, կրկնում եմՙ դատարան չի կարելի տանել բակտերիաներ եւ վիրուսներ, կոռոզիոն եւ սպիտակեցնող նյութեր, օրինակՙ սնդիկ, քլոր, ինչպես նաեւ արգելվում է դատարան տանել ձկներ, սողուններ, միջատներ եւ թռչուններ...: Անցնող շաբաթ 184 փաստաբան հայտարարեցին գործադուլ: Պարզվեց, որ փաստաբանները դեմ են նախքան դատարան մտնելը խուզարկվելուն: Կարելի է ենթադրել, որ նրանք պարզապես ցանկանում են դատարան տանել տարբեր տեսակի ձկներ, սողուններ, միջատներ եւ թռչուններ ու մանավանդՙ բակտերիաներ եւ վիրուսներ: |