ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ Կորյուն ԻԼԱՆՋՅԱՆ Ներկայացնում ենք Վենետիկի հայոց լեզվի եւ մշակույթի օգոստոսյան խտացյալ դասընթացներին մասնակցած տասնութամյա ֆրանսահայ Կորյուն Իլանջյանի հոդվածը, տպագրված ֆրանսահայ մամուլում, որը հայերեն է թարգմանել մեկ այլ երիտասարդ ֆրանսահայՙ Աշոտ Փափազյանը: Ամեն ինչ` իր ժամանակին: Ճամպրուկս պատրաստելիս անընդհատ մտածում էի գալիք երեք շաբաթվա մասին, որ պիտի անցկացնեի աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում` Վենետիկում, չնայած հստակ չգիտեիՙ ինձ ինչ պիտի տար այս ճամփորդությունը: Հայերեն շատ քիչ էի խոսում եւ շատ հեռու էի այն մակարդակից, որ թույլ է տալիս երկար զրույց վարել: Դասընթացները (առաջին մակարդակի) կազմակերպված էին այնպես, որ կարողանանք ե՛ւ սովորել լեզվի հիմքը, ե՛ւ զարգացնել հայոց պատմության մեր իմացությունը: Ամեն առավոտ հինգ ժամ խորանում էինք լեզվի գեղեցկության մեջ, որն արտահայտվում է խոսքով եւ գրով, որը «մի գլուխգործոց» է անվանել հայտնի լեզվաբան Անտուան Մեյեն: Ուրեմն, փորձում եմ օգուտ քաղել: Իմ մտքերից ազատվում էի, որ ամբողջովին նվիրվեմ հայոց պատմությանը, մե՛ր պատմությանը: Աշխարհի բոլոր կողմերից եկած հայերի պես կապվեցի Սուրբ Ղազար կղզուն` Իտալիայում հայ մշակույթը ներկայացնող այս անփոխարինելի վայրին: Այցի ժամանակ գրադարանում բացահայտեցինք բազմաթիվ մասունքներ եւ հազարավոր հայկական մատյաններ, որոնցից մեկն ութերորդ դարից էր, ինչպես նաեւ կտավների հավաքածուն, որոնցից մի քանիսը տասնութերորդ դարից են: Կղզին իսկապես խաղաղության եւ ներդաշնակության վայր է: Այնտեղ կարողացա վայելել հայկական ընտանեկան մթնոլորտը եւ շփվել այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ ապրեցի անմոռանալի պահեր` ընդհանուր անցյալ կիսելով: Այս պահերն անվերջ կապրեն իմ հիշողության մեջ: Մենք նույն հպարտությունն ունենք` հայ լինելու հպարտությունը: Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել գերապայծառ Լեւոն Զեքիյանին` ինձ հյուրընկալելու համար, ինչպես նաեւ ուսուցիչների կազմին` իրենց գիտելիքներն ինձ փոխանցելու համար եւ բոլոր նրանց, ովքեր նպաստեցին, որ կեցությունս լավ անցնի: Ի վերջո, Վենետիկում իմ մնալը միայն մի քանի օր էրՙ մի ամբողջ տարվա մեջ, բայց բավական եղավ, որ մեջս ցանկություն արթնանաՙ այդ ուղղությամբ շարունակելու եւ ուսման մեջ խորանալու, որպեսզի մի օր սահուն հայերեն խոսեմ: Ամեն ինչ` իր ժամանակին: Ֆրանսերենից թարգմանեց ԱՇՈՏ ՓԱՓԱԶՅԱՆԸ |