RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-09-14 22:08:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 7075, Տպվել է` 128, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՆ-Ը ԷՐԴՈՂԱՆԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ՔՐԴՍՏԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ

Պ.Ք.

Մի՞թե Թուրքիան կփլուզվի

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Նյու Յորքում հանդիպել ՄԱԿ-ի նստաշրջանում, որպեսզի համաձայնեցնեն երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցերը:

Թրամփի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո Անկարան մեծ ջանքեր էր գործադրել, որպեսզի Էրդողանը Վաշինգտոնում նրա հետ հանդիպում ունենա նախքան պաշտոնակալությունը: Դա չէր հաջողվել. կայացել էր միայն հեռախոսազրույց: Դրանից հետո Էրդողանի մերձավորներից մեկը հրապարակել էր նրա այն խոսքերը, թե իրենք Թրամփի հետ լեզու կգտնեն: Երբ հայտարարվեց, որ 2017 թ. մայիսի 16-ին նախատեսված է Թրամփ-Էրդողան հանդիպում, թուրքական կառավարամետ լրատվամիջոցները եւ քաղաքական գործիչները Էրդողանի այցն անմիջապես անվանեցին «պատմական»ՙ վերհիշելով, որ Թրամփը Արեւմուտքի միակ ղեկավարն էր, որ Էրդողանին շնորհավորեց 2016 թ. ապրիլյան սահմանադրական հանրաքվեի դրական արդյունքների առթիվ, ըստ որի Թուրքիան անցնելու է նախագահական կառավարման, եւ նախագահի լիազորություններն էապես ընդլայնվելու են:

Հենց այդ ժամանակ էլ գերմանական Der Spiegel-ը կանխատեսեց, որ Թրամփն ու Էրդողանը անպայման փոխհամաձայնության կգան: Ինչո՞ւ: Փաստորեն պատճառն այն է, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ն եւ Թուրքիան «ավելի ու ավելի են նմանվում իրար», իսկ Էրդողանը Թուրքիան տանում է դեպի այն վիճակը, որին ԱՄՆ-ում ձգտում է Թրամփը: ԱՄՆ-ում 2016 թ. նախագահական ընտրություններից հետո երկրի կեսը ցնցված էր: Թուրքիայում էլ 2016 թ. ապրիլին նույնպիսի վիճակ էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո: Ըստ որում այդ 50 տոկոսը նկատելի է ոչ միայն վիճակագրական, այլեւ աշխարհագրական տեսակետից, նշում է Der Spiegel-ը: Երկու երկրներում էլ մղձավանջային վիճակում հայտնված մարդիկ ապրում են ծովափնյա շրջաններում եւ խոշոր քաղաքներում: Ընդհակառակը, գյուղաբնակները, ինչպես Թուրքիայում այնպես էլ ԱՄՆ-ում, գտնում են, որ եկել է իրենց ժամանակը: Երկու դեպքում էլ նրանք նախագահին համարում են «ազատարար»: Այսուհետեւ «աշխարհի ճակատագիրը երեք նախագահներիՙ Թրամփի, Պուտինի եւ Էրդողանի ձեռքին է», գրել է թուրքական Yeni Safak թերթը:

Վաշինգտոնյան հանդիպման նախօրեին Թրամփը հրամանագիր ստորագրեց սիրիացի քրդերին զենք մատակարարելու մասին, ինչին դեմ էր Թուրքիան: Բուն հանդիպումը տեւեց ընդամենը քսաներեք րոպե: Ապա համատեղ մամլո ասուլիսում կողմերը հավաստիացրին, որ իրենք կշարունակեն երկխոսությունը երկկողմ համագործակցության հարցերի վերաբերյալ: Ինչ վերաբերում է գլխավոր տարաձայնությանը, այստեղ առաջընթաց չարձանագրվեց: ԱՄՆ-ը հավաստեց Սիրիայում քրդերի ջոկատներին զինելու իր մտադրությունը: Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան «երբեք չի ճանաչի ԱՄՆ-ի դաշինքը սիրիացի քրդերի հետ»: Էրդողանի այցելությունը մթագնվեց նաեւ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ քուրդ ընդդիմադիրների վրա (նաեւ հայ ցուցարարների.- Խմբ.) Էրդողանի թիկնապահների կատարած հարձակման հետեւանքով: Սենատոր Ջոն Մաքքեյնը նույնիսկ առաջարկեց ԱՄՆ-ից արտաքսել թուրք դեսպանին: Դեպքերի նման ընթացքը սթափեցրեց Անկարային: Ըստ Yeni Safak-ի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ նկատվում է վստահության խոր ճգնաժամ, խորացել է անհանգստությունը մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողությունների հետեւանքով, որոնք ԱՄՆ ներքին հակամարտության արտացոլումն են: Էրդողանին հասկացրին, որ Թրամփը չի վերահսկում իրադարձությունների ընթացքը, եւ որ Սիրիայում ու Իրաքում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը ներհակ է Թուրքիայի շահերին եւ նույնիսկ նախատեսում է վերջինիս մասնատում: Այդպիսով հետեւություն արվեց, որ առանց այդ գործոնների վերացման Վաշինգտոն-Անկարա երկխոսությունն անհնար է: Իսկ Թուրքիան վտանգ զգալու դեպքում պետք է նախապատրաստվի պատերազմի: Թրամփի եւ Էրդողանի երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի սկզբին Համբուրգումՙ G20-ի գագաթաժողովի շրջանակներում: Այն եւս տեւեց քսան րոպեից քիչ ավելի: Էրդողանը չմեկնաբանեց դրա արդյունքները: Սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում ունենալուց հետո նա ընդգծեց հակադրությունըՙ հայտարարելով, որ Մոսկվա-Անկարա համագործակցությունը հստակ օրինակ է տարածաշրջանի ժողովուրդների եւ ամբողջ համաշխարհային ընկերակցության համար:

Ըստ այդմ ենթադրելի է, թե ինչ կարելի է սպասել Թրամփի եւ Էրդողանի երրորդ հանդիպումից. թուրք-ամերիկայն հարաբերություններում փոխհամաձայնություն չկա լուրջ տարաձայնությունների որեւէ կետի շուրջ: Սպիտակ տունը հերթական որոշումն ընդունեց ԻՊ-ի դեմ մարտնչող սիրիացի քրդերին զենք մատակարարելու վերաբերյալ, ինչը, ինչպես եւ սպասելի էր, բացասաբար ընդունվեց Թուրքիայում: Անկարան ոչ առանց հիմքի վախենում է, որ Սիրիայի քրդերին մատակարարվող ամերիկյան զենքը կարող է ուղղվել իր դեմ, չնայած ԱՄՆ-ի այն խոստումներին, թե զենքը կօգտագործվի միայն Ռաքքան արմատականներից ազատագրելու համար: Բացի դրանից, Անկարան դժգոհ է ԱՄՆ-ում իրանա-թուրքական ծագում ունեցող գործարար Ռզա Զարրաբի ձերբակալությունից: Վաշինգտոնը նրան մեղադրում է անօրինական ֆինանսական գործառնություններով Իրանին եւ մի շարք կազմակերպությունների հարյուր միլիոնավոր դոլարներ փոխանցելու մեջՙ ի շրջանցումն հակաիրանական պատժամիջոցների: Անկարան վախենում է, որ Զարրաբը կարող է որոշ գաղտնիքներ բացել թուրքիական կառավարության կոռուպցիոն սխեմաների մասին: ԱՄՆ-ը կոռուպցիայի մեղադրանքներ է ներկայացրել նաեւ Էրդողանի նախկին կառավարության որոշ անդամների:

Ինչ վերաբերում է Մերձավորարեւելքի կացությանը, Թուրքիան հայտնվել է շրջապտույտի մեջ, Արեւմուտքից Արեւելք է նետվում, գործընկերներ է փնտրում, սիրիական ուղղությամբ դիվանագիտական մերձեցում է իրականացնում Ռուսաստանի եւ Իրանի հետ, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում ՆԱՏՕ-ում եւ թուլացնում է Թուրքիայի դիրքերը ԵՄ-ում: Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում առավել տագնապալի երեւույթներից մեկը ռուս-թուրքական հաշտեցումն է եւ Անկարայի համագործակցությունը Իրանի հետ, պնդում է ԱՄՆ պաշտպանության նախկին փոխնախարար Դով Զաքհեյնը Foreign Policy հրատարակությանը տված հարցազրույցում: Ըստ նրա, Սիրիայի պատերազմի կասեցմանն ուղղված թուրք-իրանական համատեղ աշխատանքը Ամերիկայի թուլության հետեւանքն է: Թուրքիան եւս համակվում է նման զգացողություններով:

Իհարկե, Էրդողանը Թրամփի հետ հանդիպման ժամանակ կփորձի խոսել այդ մասին: Ավելին, սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում նախատեսված անկախության հանրաքվեն կարող է տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր գործընթացի սկիզբ դառնալ, որը կազդի ոչ միայն Իրաքի, այլեւ Թուրքիայի, Սիրիայի եւ Իրանի վրա: Շուտով պարզ կդառնաՙ Թրամփը կհասկանա՞ արդյոք Էրդողանին, թե՞ նրան կկանգնեցնի նոր փորձությունների առջեւ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ