RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-11-10 01:10:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 13608, Տպվել է` 1706, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆ Էՙ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԾԱՌԱՅԵԼ ԲԱՆԱԿՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տարկետման փոփոխության թեմային կրկին անդրադառնում ենք ինն ամիս անց

Զինվորական ծառայությունից օրենքով խուսափելու հիմնական ճանապարհը անցնում է բուհովՙ բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա ճանապարհով: Տարկետման պարբերական երկարաձգման շնորհիվ, այս ճանապարհով երիտասարդը «բարեհաջող» հասնում է ոչ զորակոչային 27 տարեկան հասակին եւ նույնքան «բարեհաջող» էլ ազատվում զինծառայությունից: Սա ոչ հայտնություն է, ոչ էլ գաղտնիք: Ընդ որում, սրանից տուժում է բանակը, որը չի ստանում տարեկան մոտ 600-700 զինվոր, որն ամենեւին էլ փոքր թիվ չէՙ մեկ ամբողջական զորամաս դրանով կարող է կազմավորվել, տուժում է նաեւ գիտությունը, քանի որ իսկապես գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցողների փոխարեն հիմնականում ասպիրանտուրա խցկվում են բանակից խուսափողները, եւ վերջապես տուժում է արդարությունը, քանի որ նույն կուրսից մի ուսանող գնում է ծառայության, մյուսըՙ ոչ, այն դեպքում, երբ երկուսն էլ նույն պարտավորությունն ունեն պաշտպանելու սեփական երկիրը, տունն ու ընտանիքը: Հետեւաբար, որեւէ առողջ տրամաբանություն գտնել այս անարդարության վերացման եւ բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու օրենքի նախագծի դեմ բողոքող ուսանողների մոտեցման մեջՙ անհնար է: Այդ բողոքի միակ տրամաբանությունը հետեւյալն էՙ թողեք պահպանվի այս անարդարությունը եւ մի պարտադրեք մեզ մյուսների նման գնալ բանակ: Ակնհայտ է, որ դա անընդունելի մոտեցում է, իսկ առաջարկվող օրենսդրական փոփոխությունը սպասված եւ անգամ ուշացած է: Սկսած 1997-ից Հայաստանի իշխանությունները պարբերաբար փորձել են կատարել այդ քայլը, բայց չեն կարողացել քաղաքական կամք ցուցաբերել եւ տեղի են տվել ամբոխային ու դրա միջոցով քաղաքական դիվիդենտներ շահող քաղաքական ուժերի եւ անձերի ճնշմանը:

Մյուս կողմից, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, գործում է կեղծիքն իրականության տեղ անցկացնելու գործելաոճը: «Տարկետում լինելուԱ» մայդանական լոզունգը սովորական ապատեղեկատվություն է, քանի որ տարկետում իսկապես լինելու է, պարզապես դրա ձեւն է փոխվում եւ շաղկապվում բանակային ծառայության հետ: Եթե ցանկանում ես առանց ընդհատման բարձրագույն կրթություն ստանալ, ապա կարող ես բուհում սովորելուն զուգահեռ շաբաթական մեկ օր ստանալ նաեւ ռազմական կրթություն եւ բուհն ավարտելուց հետո ծառայել որպես սպաՙ երեք տարովՙ մարտական դիրքեր-զորամաս-տուն սխեմայով: Այդ դեպքում ոչ միայն տարկետում ես ստանում, այլեւ անվճար ուսուցում, իսկ ծառայելուն զուգահեռՙ աշխատավարձ, ավարտելուց հետո էլՙ որոշակի միանվագ գումար: Ուրեմն ի՞նչն է խանգարում այս ձեւով տարկետմանը եւ կրթություն ստանալուն կամ, ինչպես ասում ենՙ «գիտությամբ զբաղվելուն»: Պատասխանը պարզ էՙ այդ դեպքում, այնուամենայնիվ, ծառայելու ես բանակում, ավելինՙ մարտական դիրքերում, իսկ դա նույնը չի, ինչ Երեւանում «խրոխտ» կեցվածքով ցույց անելն ու «իրավունքներ» պահանջելը: Բոլոր պարագաներում, տարկետումից չօգտվելու դեպքում, առաջին կուրսն ավարտելուց հետո երկու տարի ծառայելու եւ ուսման վերադառնալու տարբերակը շարունակելու է գործել: Այն եղել եւ առանց որեւէ լուրջ խնդիրների գործել է տասնամյակներՙ դեռ խորհրդային տարիներից:

Հիշեցնենք, որ այս հարցին անդրադրձել էինք դեռեւս փետրվար ամսին մեր հրապարակման մեջ ( «Անթույլատրելի է զինծառայությունից խուսափելու օրինական ճանապարհներ ունենալը», ԱԶԳ, 03.02.2017թ. ), բառացիերոն գրելով հետեւյալը. «Օրենքով «բանակ չգնալու» հնարավարությունը ոչ միայն անթույլատրելի շռայլություն է, այլեւ լուրջ վտանգ պետության համար: Դա «ինչո՞ւ ես պետք է ծառայեմ, իսկ նաՙ ոչ» օրինական հարցադրում է բարձրացնում, որի փաստարկված պատասխանը չկա: Կան միայն անտրամաբանական պատճառաբանություններ, որոնք վաղուց արդեն մի կողմ դնելու եւ օրենսդրական կարգավորումներ տալու ժամանակն է»: Այսօր կարող ենք փաստել, որ զինծառայությունից օրենքով խուսափելու պատուհանը փակող օրենսդրական կարգավորում տրվել է եւ հույս հայտնենք, որ գոնե այս անգամ կառավարությունը վճռական կլինի վերջնարդյունքի հասնելու հարցում:

Վերոնշյալ հրապարակման մեջ անդրադարձել էինք օրենքով բանակից խուսափելու եւս մեկ հնարավորությանըՙ արտերկիր մեկնելուն եւ 27 տարեկանում վերադառնալով, քրեական պատասխանատվությունից ազատելու մասին «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքին: Բանն այն է, որ դարձյալ գիտության հանդեպ «անհագ ծարավից» տառապողների մի խավ իրենց որդիներին ուսման են ուղարկում արտերկիր եւ այնտեղ պահում մինչեւ 27 տարեկանը լրանալը: Հետո վճարում են 9 տարվա ընթացքում զորակոչից խուսափելու համար վերոնշյալ օրենքով սահմանված 1,8 մլն դրամը (յուրաքանչյուր զորակոչի դիմաց 100 հազար դրամ) եւ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը համարում կատարած: Իսկ այդ ընթացքում եւ դրանից հետո, մեզ բոլորիս, այդ թվում նման ձեւով զինծառայությունից խուսափողների ընտանիքի անդամներին պաշտպանում են ուրիշ ընտանիքների որդիները: Արժե՞ ասել, որ այս հնարավորությունից օգտվում են բացառապես ապահովված ընտանիքների զավակները, քանզի արտերկրում 9-10 տարի երեխա պահել կարող են միայն այդ խավի մարդիկ: Ուստի, մեր նախորդ հրապարակմամբ առաջարկել էինք հետեւյալը. «9 տարվա ընթացքում յուրաքանչյուր զորակոչից խուսափելու համար 100 հազար դրամի փոխարեն անհրաժեշտ է սահմանել 500 հազար դրամ (մոտ 1000 դոլարին համարժեք) գումար: Արդյունքում, բանակային ծառայությունից խուսափելու համար Հայաստանից հեռացողները երկիր վերադառնալու եւ քրեական հետապնդումից ազատվելու համար վճարեն 9 մլն դրամ, այլ ոչ թե 1,8 մլն»:

Նկատի ունենալով, թե ովքե՞ր կարող են իրենց թույլ տալ 9-10 տարի ապրել արտերկրում, սա սոցիալական խնդիր չի առաջացնի, գոնե որոշակի արդարություն կապահովիՙ եթե չեն ծառայում, ապա դրա համար թող բարձր գին վճարեն, կնպաստի զինծառայությունից խուսափողների թվի կրճատմանը, լրացուցիչ գումարներ կբերի պաշտպանության ոլորտին, հնարավորություն կտա ավելացնել պայմանագրային զինծառայողների վարձատրությունը եւ ամենակարեւորըՙ անհեռանկար կդարձնի այս ճանապարհով պարտադիր զինծառայությունից խուսափելու շատերի մտայնությունը:

Դեռեւս տարեսկզբին մեր կողմից բարձրացրած այս հարցադրումը 8 ամիս անց դարձել է պաշտպանության նախարարության կողմից առաջադրված եւս մեկ օրենքի նախագիծ: Ընդ որումՙ անգամ քրեական հետապնդումից առաջարկվող գումարի չափը նույնն է, ինչ առաջարկել էինք մենք: Սակայն արի ու տես, որ հիմա էլ այլ առարկություն է ներկայացվում. «դա կխրախուսի արտագաղթը»: Ասել, որ չնչին գնով զինծառայությունից ազատվելու ներկայիս տարբերակը արդեն իսկ խրախուսում է արտագաղթը, նշանակում է ոչինչ չասել: Հարց է առաջանում, եթե զինծառայությունից ազատվելու համար ավելի բարձր գին վճարելը խարխուսելու է արտագաղթը, ապա երկրին ընդհանրապես պե՞տք են մարդիկ, ովքեր ամեն գնով ցանկանում են խուսափել այն պաշտպանելուց :

Նշենք նաեւ, որ եթե տարկետման փոփոխության առնչությամբ 200-300 բողոքող ուսանողներին ուղղորդում են «Ելքի» կամ «Սասնա ծռերի» հետեւորդները, ապա արտերկրում բնակվելու միջոցով զինծառայությունից ազատվելու հնարավորությունը սահմանափակելու դեմ դուրս են եկել հիմնականում ունեւոր խավն ու նրանց քաղաքական ներկայացուցիչներըՙ իշխանական եւ ոչ իշխանական թեւերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ