ՔՈՒԹՈՒՋՅԱՆԸՙ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ Հ. Ծ. Միդլսեքսի շերիֆ Պիտեր Քութուջյանն իր գործընկերների քվեարկությամբ ընտրվել է ամբողջ Մասաչուսեթսի շերիֆների ասոցիացիայի նախագահ: Այդ պաշտոնը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի», նա կզբաղեցնի հունվարին, երկու տարի ժամկետով: Քութուջյանը շերիֆ էր նշանակվել 2011-ին նահանգապետ Դեվալ Պատրիկի կողմից եւ 2012-ին ընտրվել այդ պաշտոնում: 2016-ին նա վերընտրվել էր: Նախկինում նա աշխատել էր որպես Միդլսեքսի շրջանային դատախազի օգնական, նաեւ 14 տարի ներկայացրել էր Ուոլթհեմ, Ուոթերթաուն եւ Նյութոն քաղաքները օրենսդիր մարմնում, որտեղ նախագահում էր առողջապահության եւ հետագայում ֆինանսական միացյալ հանձնախումբերը: Աշխատանքում խստապահանջ եւ սկզբունքային լինելու արդյունքում «Հասարակական անվտանգության կոալիցիան» նրան ճանաչել է որպես «Արդարադատության բարեփոխումների չեմպիոնի»: «Բերքշիրից մինչեւ Էսսեքս եւ դրանից էլ այն կողմ, շերիֆներն ամեն օր փորձում են բարելավել մարդկանց կյանքը հետեւելով կարգ ու կանոնի ամրապնդմանը: Հաջորդ երկու տարիներին ես կմիանամ նրանց ջանքերին եւ կփորձեմ է՛լ ավելի բարձրացնել պատասխանատվության զգացմունքը եւ նվազեցնել հանցագործությունը», ասել է նա իր նոր պաշտոնի ընտրության առթիվ: |