RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018



Տեղադրվել է` 2018-06-22 00:34:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 5865, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՒՐԳԱԴԱՙ ՏԱՔ ԱՐԵՎՈՎ ՈՒ ՋԵՐՄ ԲԱՐԵՎՈՎ ԼԻ ՔԱՂԱՔ

Պատրաստեցՙ Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ, Եգիպտոս, Հուրգադա

Մինչ կմտածեի, թե որտեղ կարելի է անցկացնել ամառային հանգիստը, Air Cairo ավիաընկերությունն ու Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ Անռիվա տուրօպերատորը լրագրողների համար կազմակերպեց 7-օրյա մեդիա տուր:

Ի դեպ, AIR CAIRO-ն արդեն 1 տարի առանց ընդհատումների կանոնավոր թռիչքներ է իրականացնում Հայաստանից դեպի Եգիպտոս: Պետք է արձանագրել մի կարեւոր եւ ուրախալի փաստ, որ կանոնավոր ավիափոխադրողի մուտքը խիստ օգտակար եղավ Եգիպտոս հանգստի մեկնող հայաստանցիների համար, որոնք այլեւս ստիպված չեն այդ ուղեւորությունը կատարել Թբիլիսիի օդակայանից:

Տաք արեւի ու բարեւի պակաս Եգիպտոսում, հատկապես Հուրգադայում չզգացինք:

Ամեն քայլափոխի ջերմ ժպիտով փորձում էին հաճոյանալ, թե՛ սպասարկող անձնակազմերը, թե՛ առեւտրականները: Եթե նույնիսկ նույն օրը 10-րդ անգամ էին հանդիպում քեզ, իրենց պարտքն էին համարում հարցնել ինչպես ես ու ընդգծել քո գեղեցիկ լինելը, երբեմն էլ ամուսնության առաջարկություն անելՙ իմանալով հայ լինելդ:

Պետք է փաստել, որ այստեղ զբոսաշրջիկներին գրավելու հատուկ մշակույթ ունեն: Միայն ցավով պետք է ընդգծել, որ Արմենիա բառը լսելուն պես առաջին արձագանքը «Սուպեր Սաքոյի երկիր» ասելն ու «Մի գնա» երգը միացնելն էր:

Առասպելները, թե շատ վտանգավոր է Եգիպտոս մեկնելը եւ հանգիստը անցկացնելը հօդս ցնդեցին առաջին իսկ ժամվա ընթացքում, երբ լրագրողներից մեկն օդանավակայանում կորցրեց բջջային հեռախոսը, ապա ժամեր անց այն վերադարձվեց տիրոջը:

Անվտանգության ապահովման համար միանշանակ կարեւոր է ճիշտ տուրիստական ընկերության ընտրությունը:

Ի դեպ, սակարկելը խանութներում պարտադիր է, քանի որ արեւելյան երկրներում դա ընկալում են որպես հատուկ մշակույթ եւ ճիշտ երկխոսության դեպքում նույնիսկ 20 ԱՄՆ դոլար արժողությամբ զգեստը կարող եք գնել ընդամենը 5 դոլարով:

Հուրգադայում եգիպտուհի աշխատակիցների այդպես էլ չհանդիպեցինք, քանի որ բացառապես բոլոր աշխատանքները կատարում էին տղամարդիկՙ աման լվանալուց մինչեւ հյուրանոցում անկողին հարդարելը: Եթե կին աշխատակիցՙ ապա միայն ժամանած Ռուսաստանից:

Քաղաքում զբոսնելիս եւս հազվադեպ կարող էիր հանդիպել եգիպտուհիների:

Հուրգադանՙ լինելով ընդամենը 40 տարվա պատմություն ունեցողՙ նեղլիկ փողոցներով, կիսակառույց բնակելի շենքերով, սակայն շքեղ հյուրանոցային համալիրներով լեցուն քաղաք, զարգանում է արագ տեմպերով: Քաղաքում առանձնահատուկ վայրեր, շինություններ գտնելը դժվար է: Սակայն լրագրողները մայրամուտի ժամանակ հնարավորություն ունեցան լինելու Մարինա Բուլվար անունը կրող գեղեցիկ նավահանգստում, որտեղ նավերն ու առագաստանավերը կարծես պոդիումի վրա գտնվող մոդելներ լինեին, որոնք հիացնում են մարդկանց իրենց գեղեցկությամբ:

Հուրգադայի զարդը կարող ենք ասել Էլ-Մինա մզկիթն էՙ մարմարապատ ու 40 մետր բարձրությամբ մինարեթով, որը սակայն մեր առջեւ իր դռները չբացեց. Ռամադանի շրջանն էր, իսկ քրիստոնյաներն այդ օրերին իրավունք չունեն մզկիթ մտնելու:

7 օրյա հանգստի տպավորիչ պահերից էր սաֆարի տուրը: Եթե էքստրիմի սիրահար եք, ապա արժե վայելել ադրենալինի այդ չափաբաժինը եւս: Անապատի ավազից ու արեւից հետո ծովի կենտրոնում հայտնվելը իրական հրաշքի էր վերածել մեդիա շրջագայությունը: Եթե անապատում քեզ ժպտում է միայն արեւը եւ «մենավոր ծերունու» պես վեր խոյացած միակ ծառը, ապա ծովի կենտրոնումՙ դելֆինները: Եթե զբոսանավով հայտնվեք ծովի կենտրոնում ու չսուզվեք ծովի հատակըՙ ցամաքի տաք բարեւը ստորերկրա ջրային տարածք տանելով ու հազարերանգ ձկներին ժպիտ պարգեւելով, ապա աններելի կլինի: Իրականում, կապուտաչյա, բայց Կարմիր կոչվող ծովի իրական գեղեցկությունը թաքնված է հենց հատակում:

Ձանձրանալու առիթ Հուրգադայում դժվար ունենաք, քանի որ հյուրանոցային համալիրների անձնակազմն ամեն բան անում է յուրաքանչյուր րոպեն ուրախ եւ հագեցած անցկացնելու համարՙ պարային դասեր, ջրային մարմնամարզություն, յոգա, շոուներ, մրցույթներ եւ այլն:

Եթե որոշեցիք այս ամառ մեկնել Եգիպտոս հանգստը վայելելու, չմոռանաք ձեզ հետ վերցնել նաեւ արեւի ճառագայթներից պաշտպանող կրեմՙ այրվածքներից խուսափելու համար:

Բարի հանգիստ...

Հ. Գ. Շատ սիրեցի Կարմիր ծովը, հուսամՙ ինքն էլ ինձ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ