RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018



Տեղադրվել է` 2018-06-22 00:34:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 3394, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԵՐԸ ՔՎԵԱՐԿՈՒՄ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

ՄՈՒՐԻԵԼ ՄԻՐԱՔ_ՎԱՅՍԲԱԽ, Գերմանիա

Բոլոր կանխատեսումներով հունիսի 24-ին Թուրքիայում նշանակված խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում առաջադրած թեկնածուների արդյունքներն այնքան իրար մոտիկ են լինելու, որ խորհրդարանում մեծամասնություն կազմել չկարողանալով, Էրդողանն ստիպված է լինելու հուլիսի 8-ին մասնակցելու նախագահական 2-րդ փուլի ընտրություններին, որի ընթացքում նրա դեմ հանդես է գալու ընդդիմադիր կուսակցությունների ստեղծած կոալիցիայի թեկնածուն:

Արտասահմանյան երկրներում գտնվող թուրք ընտրազանգվածի համար 2-րդ փուլի այդ գործընթացը սկսվելու է հունիսի 30-ին եւ տեւելու է մինչեւ հուլիսի 4-ը: Մոտավոր հաշվարկներով այդ խումբը 5 տոկոսն է կազմում ընդհանուր ընտրազանգվածի եւ նրա ձայնը կարող է որոշիչ դառնալ: Այդ պատճառով էլ Էրդողանը հատուկ ուշադրության կենտրոնում է պահել արտասահմանյան այդ խմբին, որի կազմում ավելի քան 3 միլիոն թուրքեր են, 1,4 միլիոնըՙ Գերմանիայում, 341 հազարըՙ Ֆրանսիայում, 260 հազարըՙ Հոլանդիայում եւ 142 հազարըՙ Բելգիայում, ըստ գերմանական լրատվամիջոցների տվյալների: Մոտ 200 հազար թուրքեր էլ իրավունք ունեն քվեարկելու Մ. Նահանգներում եւ Կանադայում:

Իսկ առաջին փուլի համար Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ավստրիայի թուրքական հյուպատոսարաններում ընտրություններն անցկացվել են հունիսի 7-ից 19-ը: Նախօրեին Էրդողանը կոչ է արել խուռներամ մասնակցել դրանց, ավելի ակտիվ քան անցյալ տարվա հանրաքվեի քվեարկություններին, որոնց ընթացքում 50 տոկոս մասնակցություն էր գրանցվել:

Ինչպես հայտնի է, արտասահմանում զանգվածային ընտրարշավ կազմակերպել արգելվում էր այս տարի: Բայց կարծես Էրդողանն ու իր կուսակցությունը բավականաչափ պաշտպանություն ստացել են, որի պատճառներից մեկը հոգեբանական-գաղափարական գործոնն է:

Հակառակ այն փաստին, որ արդեն երեք սերունդ թուրքերը Գերմանիայում են ապրել, նրանք իրենց ինտեգրված չեն զգում այդ հասարակությունում, եւ իրենց համարում են խտրականության ենթարկված օտարերկրացիներ:

Երկրորդը Էրդողանի կողմից գործադրված քաղաքական ճնշումն է, որի հետեւանքում ըստ «Թուրքիա-Գերմանիա մշակութային ֆորումի» առաջնորդներից, ֆիլմարտադրող Օսման Օքքանի «Վախի մթնոլորտ է ստեղծված»: «DeutschlandFunk» ռադիոկայանին տված հարցազրույցում նա նշել է, որ «մարդիկ վախենում են, որ իրենց «ահաբեկիչ» կամ «ահաբեկիչներին համակրող» կպիտակավորեն Թուրքիայում, իրենց կդասեն գյուլենիստների շարքում եւ կհետապնդեն»:

Սա չի նշանակում, անշուշտ, որ Գերմանիայում ապրող թուրք ընտրազանգվածի քվեարկության արդյունքները Էրդողանին անվերապահ հաջողություն են խոստանում: Գերմանիայում ապաստան գտած մեծ թվով թուրք մտավորականներ, քաղաքական եւ զինվորական շրջանակներից ճանաչված ներկայացուցիչներ եւ ֆիլմարտադրողներ, ինչպես նաեւ բազմաթիվ քուրդեր դեմ են Էրդողանին: Թուրքիայի ներսում էլ գործող կառավարությունը հիմնավորված պատճառներ ունի վախենալու երկրորդ փուլի դեպքում կազմավորվելիք ընդդիմադիր խմբակցությունների կոալիցիայից:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ («The Arm.Mirror-Spectator-ից կրճատումներով)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ