RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018



Տեղադրվել է` 2018-06-22 00:34:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 5847, Տպվել է` 604, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՍԹՐԵՍԻ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ինչպես հաղթահարել հետհեղափոխական սթրեսը

Լրահոսը սպանում է, բարկացնում, ճզմում ու ոչնչացնում. գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատնից ԱԱԾ-ը, զենք եւ ռազմամթերքից բացի, զինվորի բաժին «տուշոնկա» ու խտացրած կաթ է հայտնաբերել` երեխեքի գրած սրտառուչ նամակներով, սահման` զինվորին ուղարկված փաթեթները... հասել են Մանվելի պահեստներ, կեր դարձել նրա արջերին: Գեներալին ձերբակալել եւ կալանավորել են, հանրության զայրույթն ու ցասումը սահման չունեն: ԵԿՄ գրասենյակներ են խուզարկվում, օրենքով գողերի տներում ԱԱԾ-ը միաժամանակյա խուզարկություններ է կատարել` երբեք այս երկու խավերի մասին այս կարգի լուրեր միմյանց կողքի լրահոսում պատկերացնել անգամ չէր կարելի:

Լրահոսը շարունակում է գրոհել` խուզարկություններ են կատարվել «Յանս» ռեստորանային համալիրում (Սերժ Սարգսյանի համհարզ Վաչիկին պատկանող), տեսախցիկ եւ արագաչափ տեղադրող «Սեքյուրիթի դրիմ», «Էլիպս» ընկերություններում (ըստ ԶԼՄ-ների` Ս.Սարգսյանի եղբորը պատկանող):

ՀՀԿ-ում խուճապ է. կուսակցությունը կարող է արգելվել: ԱԱԾ-ը գեներալ Մանվելի տանն այլ բան էր փնտրում, ոսկու սալիկներ, բա. բայց գտավ «տուշոնկա»: Նիկոլ Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել Ծառուկյանի հետ` նրա որդուն տարկետում տրամադրելուն անհամաձայնություն հայտնելով, Էջմիածնում վենդետայի դրսեւորումներ կան (այ մարդ, վենդետան արյան վրեժն է, երեւում է` հայկական վենդետան բոլորովին ուրիշ բան է): Պատկերացնում եք, թե ի՞նչ է զգում հասարակ հայ մարդն այս լրահոսի ազդեցությամբ, նրա խեղճ հոգին ինչպես է մի բուռ դառնում, վիրավորվում, զայրույթից պոռթկում, նվաստանում ու հուսահատվում` լրահոսի «հերոսների» մարդկային ագահությունից, դավաճանությունից եւ շահախնդրությունից: Ամեն ոք այս օրերին տեղեկատվության իր աղբյուրը մոտիկ է պահում ականջին, շունչը պահած սպասում նորություններին` մեծ մասի սրտով է արտոնյալներին ու օրինազանցներին օրենքի դաշտ բերելու նոր կառավարության մտադրությունը: Սակայն արդեն նկատելի է մի խնդիր, որն այնքան էլ երկրորդական չէ:

Լսարանը, կարելի է վստահ պնդել, ամեն օր այս լուրերից ընկնում է այնպիսի սթրեսների մեջ, որից դուրս գալը դառնում է խնդիր: Անգամ ֆուտբոլը չի փրկում սթրեսից: Մարդու հոգին դառնում է լրահոսի գերին, զայրույթը պահանջում է` էլի, էլի, էլի, նկատի ունեմ` էլի ու էլի կոռուպցիոն նոր բացահայտումներ, պահանջում է գետնին փռել բոլորին, ով օրենք է խախտել, յուրացրել, նվաստացրել ու խեղճացրել մարդկանց: Ամեն ինչ վերածվում է գլադիատորական ներկայացման, որտեղ հանդիսականն անընդհատ ներքեւ է պարզում բթամատը` դժգոհ մնալով այս դեպքում բացահայտումների քանակից եւ որակից, լրահոսի հարուցիչը լիովին ներս թողած:

Խոստովանենք` սթրեսը հիվանդագին վիճակ է, որի հաղթահարման ուղիներ հոգեբանները փնտրում են` ընդհուպ դրանց կառավարումն ու վերահսկումը: Այլապես սթրեսի մեջ գտնվող մարդուց ինչ ասես կարելի է սպասել, ներառյալ` անհամարժեք գործողություններ: Իսկ եթե հետհեղափոխական սթրեսի մեջ է մի ողջ ժողովուրդ, ապա սթրեսի կառավարումը դառնում է պետության ղեկավարների խնդիրը, այլապես հիվանդագին բնազդները կարող են եւ տխուր իրավիճակների բերել: Ասելս այն է, որ անվերջ բացահայտումների, բոլորին գետնին փռելու բացիլով վարակված ժողովրդին երբեմն պետք է տալ այն, ինչ դուրս է բերում սթրեսից, երբեմն պետք է շնչառությունը հետ բերելու հնարավորություն տալ: Սա հայտնի է պետությունների ղեկավարներին: Սկսում ենք մենք` այս մասին խոսելով, քանի որ սթրեսի դեմ պայքարելը հոգեբաններն էլ սկսում են հիվանդի հետ դրա մասին խոսելուց: Մնացյալը հավանաբար նոր կառավարության խնդիրն է` քայլ առ քայլ ժողովրդին առողջ սնունդ առաջարկելուց սկսած մինչեւ հանրության զգալի հատվածին ինչ- որ օգտակար գործով զբաղեցնելը: Դե իսկ անհրաժեշտ` խորը եւ դանդաղ շնչելու մասին հիշեցումը մենք էլ կարող ենք անել: Թե չէ` բարկացած, վրեժխնդիր, չբավարարված հանրություն ունենալը նախ խնդիր կդառա երկիրը լրջորեն օրինականության դաշտ տանելը ձեռնարկած նոր կառավարության համար, ու միգուցե ծնվեն նոր, հեղափոխությունից արտոնված ինքնակոչները:

Ճիշտ է, սթրեսի հետ գիրկընդխառն ծիծաղ նույնպես բաժին է հասնում հանրությանը, ընդ որում` առանց որեւէ մեկի ջանքի, դե` ծիծաղը որպես բուժում հոգեբանները եւս առաջարկում են: Իսկ ծիծաղի հարուցումն ինքնին կամ, ինչպես կասեր «դասականը», ինքնըստինքյան է ստացվում, ընդամենը պետք է նայել, օրինակ`գեներալ Սեյրան Սարոյանի վերջին հարցազրույցները, որտեղ կոլորիտն ու բառուբանը տեղըՙ նա ասում է, թե իր մտերիմ գեներալ Մանվելի արածներից տեղյակ չէր: Ծիծաղի հարուցիչ է նաեւ Մանվելին ուղղված միայնակ մեղադրանքը` հեր Աստծո, նույնիսկ Մանվելը մեկ գլխից ավելի չուներ, որ համակարգից դուրս գործեր, որքան էլ Պետրոսի ուրացման սինդրոմը շատ հանրապետականներ կրկնեցին` սահմանազատվելով զինվորի «տուշոնկա» ուտող եւ ապրիլյան պատերազմին զոհված զինվորի բաժին խլած գեներալից: Այսինքն` ծիծաղն էլ այս դեպքում միայն դառը կարող է լինել ու բոլորովին չթեթեւացնել վիճակներս:

Բայց հանրությանն, իրոք, սթրեսից դուրս բերել պետք է, քանի որ ոչ ոք չգիտե, թե ուր կտանի նրան նվաստացման եւ ստորացման պատճառով տարիներով առաջացած եւ հիմա դրվագ առ դրվագ բացահայտումներից սրվող վրեժխնդրության զգացումը: Մանավանդ` այն լուրի ֆոնին, որի աղբյուրը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է, թե տեղեկություններ կան այնպիսի խմբերի մասին, որոնք ցանկանում են վնասազերծել նույն Վանեցյանին, ու անգամ... վարչապետին: Ամեն դեպքում` անօրինական զենքը պետք է առգրավել, այ դա ճիշտ է անում ԱԱԾ-ը, վերջապես, ինչու պիտի լինեն մարդիկ որոնց տներում կամ ներքնահարկերում չթույլատրված զենք լինի, մանավանդ`այդ զենքն անպայման ինչ- որ ժամանակ կրակում է: Հոկտեմբերի քսանյոթ տեսած երկրում հատկապես:

Ո՞ւր հասանք

Այն պահին, երբ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության շենքում լրագրողների հետ խոսում էր օրենքի առաջ բոլորի հավասար պատասխանատվության մասին, Ազգային ժողովում հնչում էր Վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստշրջանի փակման առիթով հիմնը, այսինքն` պատմության գիրկն էր անցնում անցյալ իշխանության խորհրդանիշ Ազգային ժողովը: Անկախ նրանից, որ այս ԱԺ-ն դեռ արտահերթ նիստեր կգումարի, քանի որ պետք է դեռ ընդունի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք նախապատրաստում են մեր դիտարկումներով արդեն աշնան սկզբին անցկացվելիք խորհրդարանկան ընտրությունները: Միգուցե սեպտեմբերին չորրորդ նստաշրջանն էլ բացվի, սակայն բոլորն էլ հասկանում են, որ այս Ազգային ժողովին շատ կարճ կյանք է մնացել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովը նախ ԸՕ բարեփոխումների հայեցկարգ պետք է մշակի, հանրորեն քննարկի դա, ապա եւ փոփոփոխությունների նախագիծ ներկայացանի: Հանձնաժողովի ղեկավարը փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, քարտուղարը` ՀԿ սեկտորից Դանիել Իոննիսյանը:

ԱԺ-ն իր վերջին արտահերթին հասցրեց երկու ընթերցմամբ ընդունել կրքեր բորբոքած երկու օրենք:

Բարեգործության մասին օրենքի նախագիծը, որ Ազգային ժողովում երկու ընթերցում անցավ, տարաձայնություն էր առաջացրել «Ծառուկյան» դաշինքում, ու չնայած, դաշինքից Նաիրա Զոհրաբյանը երեկ ասում էր, թե կառավարության հետ կոմպրոմիսային համաձայնություն է եղել, եւ դաշինքն այդ պատճառով կողմ է քվեարկում, սակայն վարչապետի մամուլի քրտուղար Արման Եղոյանի պարզաբանմամբ` օրենքն այն տեսքով է ընդունվել, ինչ տեսքով որ նախատեսված է եղել ի սկզբանե: Հը՞:

Ընդունվեց նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը` պարտադիր մասնակցության պահանջով, որը վարչապետն անվանում է ժամանակ շահելու քայլ, մինչեւ հետագա քննարկումներն ու ավելի ընդունելի մոտեցումների որդեգրումը: Պարտադիր կուտակային պահանջի համար աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նախ հրաժարական տվեց, ապա երեկ համաձայնեց մնալ ու աշխատել` հետագայում խնդիրը քննարկելու վարչապետի խոստման շրջանակում: Օրենքը հուլիսի 1-ից գործողության մեջ է: Ըստ այդ օրենքի` անձը կուտակում է իր եկամտի 10 տոկոսըՙ 5 տոկոսը վճարում է ինքը, 5 տոկոսըՙ անձի օգտին պետությունը: Նոր նախագծով առաջարկվող տարբերակով 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսըՙ պետությունը: Այս դրույքաչափերը կգործեն մինչեւ եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկըՙ նվազեցնելով նաեւ սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար:

Ընտրական օրենքի փոփոխությունը

Վերադառնանք այն հարցին, թե ինչպես պետք է փոխվի ԸՕ-ն, որ նախկին կաղ բադիկը չլինի: Մեր երկրում ԸՕ-ի մեջ այնպիսի խորամանկություններ էին դրված, մասնավորապես ` ռեյթինգային կարգում, որ դրանք չեզոքացնում էին իբր հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը: Հիմա այդ ռեյթինգային բաղադրիչից ուզում են հրաժարվել, ԸՕ-ում դրույթ մտցնել, որն արտահերթ ընտրությունների համար օրենսդրական հենք կապահովի, մի շարք վերահսկողական մեխանիզմներ պետք է կատարելգործվեն: Մտադրություններ կան նվազեցնելու կուսակցությունների եւ դաշինքների անցողիկ, խորհրդարանում մեծամասնության թվային շեմերը: Խորհրդարանական ուժերից ՀՀԿ-ի դերը այստեղ, որքան էլ այլեւս իշխանություն չէ, կարեւորվում է`գոնե այն առումով, որ նա կարող է ձգել քննարկումները: ՀՀԿ խմբկցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ արդեն իսկ ասում էր, թե շտապել պետք չէ, շտապողականությունը կարող է խանգարել Հայաստանի միջազգային վարկին: Համենայնդեպս` մեկնարկը տրված է, հանձնաժողովը ստեղծված է, Ազգային ժողովում ԸՕ-ի փոփոխություններով զբաղվող բազմակուսակցական խումբ է ստեղծվել, որի առաջին նիստն արդեն երեկ տեղի է ունեցել, մասնակցել են նաեւ ՀՀԿ-ից Դավիթ Հարությունյանն ու Վիգեն Սարգսյանը: Խմբի հաջորդ` հուլիս չորսի նիստին կուսակցությունները պետք է ներկայացնեն ԸՕ-ն փոխելու իրենց առաջարկները, այդ նիստին կմասնակցեն նաեւ կառավարության ներկայացուցիչները:

ԵԿՄ-ն կմաքրի՞ իր անունը

Երկրապահ կամավորականների միությունը, որի նախագահն էր Մանվել Գրիգորյանը, այս օրերին հայտնվել է ԱԱԾ եւ հանրության ուշադրության կենտրոնում, առաջինը` խուզարկում է այն, երկրորդի տարբեր շերտեր քննարկում են` արդյոք պետք է պահպանել, թե՞ լուծարել այդ կառույցը: Չենք կարծում, թե լուծարելու մասին խոսակցությունները լուրջ կամ փաստարկված են, քանի որ այն իրենց կյանքն իսկապես երկրի պաշտպանության համար վտանգած մարդկանց միավորող միակ տանիքն է: Եթե դա գրավել էին շահախնդիր մարդիկ, ապա դրանցից պետք է ազատել այդ կառույցը եւ վերադարձնել այն մաքուր մարդկանց, որոնք անշահախնդիր ծառայել են երկրի պաշտպանությանն ու արցախյան պատերազմին:

Երեկ ԵԿՄ արտահերթ նիստում ԵԿՄ մաքրման գործընթաց է սկսվել, որոշել են հանձնարարել վարչությանըՙ շատ սեղմ ժամանակահավածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները, մինչեւ արտահերթ համագումարը կասեցնել նաեւ ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունըՙ մինչեւ առաջիկա վարչության նիստ աշխատանքների համակարգումը դնելով ԵԿՄ փոխնախագահների վրա: Այդպիսով` ԵԿՄ-ն պահպանելու եւ պատեհապաշտներից մաքրելու ընթացքը կախված է հենց ԵԿՄ անդամների կամքից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ