ՄԱՐՏԻԿՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ Է Հ.Ծ. Բելմոնտի (Մասաչուսեթս) Հայագիտական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ՆԱԱՍՐ ազգային ասոցիացիայի Էդուարդ եւ Հելեն Մարտիկյանների անվան գրադարանը Հայաստանից դուրս գործող հայկական խոշորագույն գրադարանների շարքին է դասվում իր 30 հազարՙ հիմնականում հայերեն եւ անգլերեն գրքերով, պարբերականներով եւ վավերաթղթերով, որոնց մի մասը 17-րդ դարի վերջերին է պատկանում: Գրադարանը վերջերս հարստացել է ձեռք բերելով հանգուցյալ տեր Գրիգոր Կերկերյանի երկար տարիների ընթացքում հավաքած Հայոց ցեղասպանության հետ առնչվող փաստաթղթերի հարուստ հավաքածուն, որն «անգին» է համարվում ըստ պրոֆ. Թաներ Աքչամի : Կլարքս համալսարանի Ստրասլեր կենտրոնի Հայոց ցեղասպանության ամբիոնի վարիչ Աքչամը մեծապես օգտվել է այդ արխիվային նյութերից գրելու համար իր աղմուկ հանած «Killing Orders: Talat Pasha՛s Telegrams and the Armenian Genocide» (Սպանելու հրամաններ: Թալեաթ փաշայի հեռագրերը եւ Հայոց ցեղասպանությունը) գիրքը: Հավաքածուն ներառում է լուսանկարային պատճենները Օսմանյան շրջանի այնպիսի պաշտոնական հեռագրերի, որոնք օգտագործվել են 1919-20 թվերի զինվորական տրիբունալների ժամանակ, բայց հետագայում համարվել են կորսված (Բեհաէդդին Շաքիր, Նայիմ Բեյ եւ ուրիշներ): Բացի Կերկերյանի հավաքածուից, գրադարանը ձեռք է բերել նաեւ պրոֆեսորներ Ջորջ Բուռնությանի եւ Ջոն Գրեպինի բազմաթիվ հատորները: Հայր Կերկերյանը ծնվել էր Կյուրինում (Սվազ, Սեբաստիա) 1911-ին: Կորցրել էր իր ծնողներին եւ իր մեծ ընտանիքի բոլոր մյուս անդամներին: Կրթություն էր ստացել Լիբանանում Զոմմարի կաթոլիկական մենաստանում եւ Բեյրութի Սենթ Ժոզեֆ համալսարանում, այնուհետեւՙ Հռոմում: Բնակություն էր հաստատել Կահիրեում (Եգիպտոս): Ցեղասպանության վերաբերյալ հետազոտական աշխատանքներ էր կատարել Երուսաղեմի պատրիարքարանում եւ Փարիզի Նուբարյան գրադարանում: Նրա «Գրիկեր» ծածկանունով եւ «Արամ Անտոնյանի հրատարակած թուրք պաշտոնական վավերագրերի վավերականությունը» խորագրով հոդվածը լույս էր տեսել 1965-ին «Զարթօնք» օրաթերթի խմբագրապետ Գերսամ Ահարոնյանի հրատարակած «Հուշամատյան Մեծ եղեռնի» ժողովածուում: |