RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018



Տեղադրվել է` 2018-08-12 17:15:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 7622, Տպվել է` 1387, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԱՏՄ-Ն ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է

Հ. ԱՖՅԱՆ

Սանկտ Պետերբուրգ մեկնեց ՀՀ վարչապետը: Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաքում» տեղի է ունեցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը (վարչապետների ձեւաչափով), որին մասնակցելու համար էլ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստան: Բայց քանի որ այս անգամ նրա կողքին ոչ Պուտինն է նստել, ոչ Նազարբաեւը, ոչ էլ Լուկաշենկոն, Փաշինյանը անհրաժեշտ է համարել Ֆեյսբուքի իր էջում, ոչ թե մամուլի խոսնակիՙ «հետամնաց» մակարդակով, տեղեկացնել հետեւյալը. «Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերված կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդումՙ երկրների ղեկավարների ֆորմատում, եւ այս հարցը լուծված է նաեւ դե յուրե, այսինքնՙ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը: Բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռեւս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին, եւ վարչապետերի խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումները չէին կարող ընդունվել եւ ֆորմատը կաթվածահար կլիներ: Քանի որ դեռեւս «թավշյա հեղափոխության» օրերին հայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակըՙ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ-Պետերբուրգ մեկնելու որոշում»:

Հիշեցնեմ, որ ավելի վաղ նշվում էր, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ՀՀ-ն կներկայացնի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, սակայն կային տեղեկություններ, որ Ռուսաստանը մերժել է այս հավանականությունը ու ընդգծել, որ եթե նիստին մասնակցում են երկրների վարչապետերը, ապա Հայաստանն էլ պետք է ներկայացնի հենց վարչապետը: Հիմա Փաշինյանն ասում է, որ նման ընդգծում Ռուսաստանից չի եղել, այլ ինքն է որոշում կայացրել մեկնել Սանկտ-Պետերբուրգ, քանի որ չի ուզում ԵԱՏՄ կաթվածահար անել, ինչը կլինի, եթե ինքը չմեկնի, բայց ՀՀ վարչապետը այլ ուշագրավ բան չի ասում: Մասնավորաբար ե՞րբ եւ ինչպե՞ս պետք է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները համապատասխանեցվեն ՀՀ Սահմանադրության նոր տեքստին: Ո՞վ պետք է դա անի: Այսինքն ԵԱՏՄ-ն պետք է խումբ ձեւավորի, որը պետք է իրավական կարգավորումները համապատասխանեցնի ՀՀ Սահմանադրության նոր տեքստի՞ն, թե՞ ՀՀ-ում պետք է բացառապես երիտասարդներից կազմված մի խումբ ձեւավորի, որը ՀՀ Սահմանադրության նոր տեքստը պետք է համապատասխանեցնի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքների իրավական կարգավորումներին: Եթե առաջինն է, ապա ո՞վ է ասել, որ օրինակ Դմիտրի Մեդվեդեւը համաձայնելու է մի սեղանի շուրջ նստել Արարատ Միրզոյանի հետ, եթե երկրորդըՙ ապա ո՞վ է ասել, որ ՀՀ քաղաքացիները համաձայն են մի անգամ էլ Սահմանադրության տեքստը ենթարկել փոփոխության: Իսկ եթե ոչ առաջինն է, ոչ էլ երկրորդը, ապա դեռ որքա՞ն է ՀՀ վարչապետը նստելու մի սեղանի շուրջ, որտեղ բոլորը վարչապետ են, բայց կարգավիճակով իրենից ցածր:

Ամեն դեպքում ԵԱՏՄ-ն կաթվածահար անել պետք չէՙ անկախ նրանից, թե մենք որքան ենք հույսեր կապում այդ կառույցի հետ: Բայց առավել եւս պետք չէ կաթվածահար անել ՀՀ Սահմանադրությունը, որը թույլ չի տալիս ՀՀ վարչապետին մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի խորհրդի նիստերին, անկախ նրանից, թե ինչ է ընդգծում Մոսկվան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ