RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018



ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ

Տեղադրվել է` 2018-08-12 17:15:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 7733, Տպվել է` 1368, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔԸ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Ամեն ժողովուրդ, ամեն ազգ իր դիմագիծը չկորցնելու համար նախ եւ առաջ... պատկառա՛նք պետք է ունենա: Եթե չունիՙ պիտի հորինել այնպիսի մի արժեք, այնպիսի մարդ, գործիչ, որից... պատկառի: Համաշխարհային պատմությունը այդպիսի անուններ ունեցե՛լ է: Հնդկաստանի նման հսկայական երկրում ժամանակին այդպիսի անսահմանափակ ազդեցություն ուներ Մահաթմա Գանդին, ով 400 միլիոնից ավելի մարդ ոտքի հանեց ընդդեմ անգլիական գաղութարարների: Ընդսմինՙ խաղաղ, անզեն ընդվզման, ոչ-բռնի դիմադրության ճանապարհով: Գանդին ոտքով շրջում էր Հնդկաստանով մեկ եւ ամենուրեք քարոզում էր... հարստահարիչ անգլիացիներին խաղաղ ընդդիմանալու, անգլիական ապրանքները, օրինակՙ թեյը, խանութներից չգնելու իր գաղափարները: Այդ քարոզների հետեւանքով թեյի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող բրիտանական ընկերությունները նյութական ահռելի վնասներ էին կրում: Եվ նրանք հսկայական ազդեցություն գործեցին անգլիական իշխանությունների վրա, որպեսզի պաշտոնական Լոնդոնը ճանաչի Հնդկաստանի անկախությունը: Երկրի անկախությունը ճանաչելուց հետո այդ ընկերությունները շարունակեցին իրենց թեյի վաճառքը հնդկաստանյան հսկայական շուկայում: Այսինքն, կապիտալիստների ընչաքաղցությունը մեծ ծառայություն մատուցեց հնդիկ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: 19-րդ դարի Լատինական Ամերիկայում հազարավորներին իր շուրջը համախմբելու մոգական ազդեցություն ուներ անդրօվկիանոսյան գաղութարարների դեմ զինված պայքարի այնպիսի մի հմուտ կազմակերպիչ, ինչպիսին, ըստ պատմաբանների, իրականում մանր ավազակ ու խոշոր գող Սիմոն Բոլիվարն էր: Այժմ մի ամբողջ պետությունՙ Բոլիվիան, կրում է նրա անունը: Արցախյան շարժման ակունքներում անցյալ դարավերջին կանգնած էր այնպիսի մի փայլուն հռետոր, ինչպիսին Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Նիկոլ Փաշինյանն էլ, վստահաբար, ինչ-ինչ դասեր է քաղել Մահաթմա Գանդիի, Սիմոն Բոլիվարի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, միգուցե նաեւ այլ գործիչների օրինակներից: Այսօր շատ տեղեկություններ կան, թե Նիկոլ Փաշինյանը եղել է Տեր-Պետրոսյանին առավել նվիրված անձանցից, նրա քաղաքական կամքի հլու-հնազանդ կատարողներից մեկը: Համենայն դեպս, այդպես էին երեւում իրադարձությունները 2008 թվականի փետրվարի հեռուստատեսային այն ռեպորտաժներից, որոնցում Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն խրախուսում էր (իր այն ժամանակվա բառերով) ոստիկանական ուժերին փառավոր դիմադրություն ցույց տվող տղերքին: Մեքենաներ էին հրկիզվում, խանութներ էին թալանվում, Տեր-Պետրոսյանը վախկոտաբար լքել էր հարյուր-հազար ցուցարարներին եւ պատսպարվել էր իր առանձնատան ցանկապատից այն կողմ: Իսկ այն ժամանակ դեռ շատ երիտասարդ Նիկոլ Փաշինյանը... հրճվո՜ւմ էր այդ վակխանալիայից: Իհարկե, այն ժամանակ դեռ կրակոցները չէին հնչել, ամենաբիրտ միջամտությունները չէին եղել, դեռ մարդիկ չէին մահացել: Սակայն պարզ երեւում էր, որ ամեն ինչ գնում է դեպի արյունահեղություն...

Ի դեպ, ես իմ այդ տագնապն արտահայտել եմ մտավորականների 2008 թ. փետրվարի 28-ի հավաքում, արյունոտ իրադարձությունների հենց նախօրեին, երբ ասացի, թե այս ամբողջ հարայ-հրոցից, ցավոք, արյան հոտ եմ առնում... Ներկա էին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, բազմաթիվ ուրիշներ...

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իսկապե՛ս սխալվում էր, երբ Նիկոլ Փաշինյանին հրապարակավ հանդիմանեց, թե նա դասեր չի քաղել մարտի 1-ի դեպքերից: Իրականումՙ քաղե՛լ էր, 2008 թվականի փետրվարի վերջի զանգվածային խժդժությունների կազմակերպման կամ հրահրաման մեջ ամենաակտիվ դերակատարություն ունեցող Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին այլեւս... չկա՛ր: Նա, բարեբախտաբար, այնքան էր հասունացել, որ վաղուց արդեն հեռացել էր Լեւոն ՏերՊետրոսյանից էլ, նրան երկրպագելու վատ սովորությունից էլ: Համենայն դեպս, 2018 թվականին ի՛նքն էր ամենուրեք հրահանգում ոչ թե զենքով, այլ դատարկ ձեռքերով ընդդիմանալ ժամանակի իշխանություններին: Եվ այսպես կոչված թավշյա նոր հեղափոխության հաղթանակի մեջ Նիկոլ Փաշինյանի անձնական ավանդը, անկասկած, վիթխարի էր: Նա մի մարդ է, որի մատի մի շարժումով հարյուր-հազարավորները պատրաստ էին նետվելու... հրի ու ջրի մեջ: Դա նրա համար ստեղծել է մի լուսապսակ, որը, վախենամ, ավելի շատ վնաս տա իրեն, քանՙ օգուտ: Քանզի յուրաքանչյուր մարդու, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանի այդ կարգի աստվածացումը, անկասկած, կռապաշտություն է: Որովհետեւ բոլոր կուռքերը վաղ թե ուշ... տապալվո՛ւմ են: Ինչքան կուռքերը մեծ են, այնքան նրանց տապալման դեպքում մարդկանց հոգիներին հասցված վերքերը... խո՛րն են լինում: Երբ ազգը կորցնում է պատկառանքըՙ նմանվում է ամբարտակը ճեղքած պղտոր հեղեղի: Փոքրերը դադարում են մեծերին լսել, ամեն տեսակ աղբ դուրս է գալիս ջրի երես, ամեն արժող-չարժող պահանջում է սրա կամ նրա, ընդհուպՙ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը...Հարցն այն չէՙ կաթողիկոսն արժանավո՞ր մարդ է, թե՞ անարժան: Նախ, ո՞վ է մեզնից յուրաքանչյուրին իրավունք վերապահել դատողություններ անելու կաթողիկոսի արժանավոր կամ անարաժան լինելու մասին: Դա բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բարձրագույն հոգեւոր Խորհրդի կազմում ընդգրկվածների քննարկելիք ու լուծելիք հարցն է, ոչ թե ամեն մի պատահական Կորյուն աբեղայի: Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ այդ աբեղան եւ նրա շուրջը համախմբված մի քանի տասնյակ աղմակարարները հենց Հայաստանում լայնորեն ծավալված եւ մեր ազգային եկեղեցին քանդել-կործանելու չարամիտ դիտավորություն ունեցող աղանդավորական բազմաթիվ կառույցներից որեւէ մեկի դրածոները չեն:

Երկրորդՙ վաղու՜ց արդեն համառ ասեկոսեներ կան, որ 20 տարի առաջ ներկա կաթողիկոսի թեկնածությունն առաջ մղողներից մեկը եղել է Վազգեն Սպարապետը: Այնպես որՙ Սպարապետի անունով առերեւույթ երդվողնե՛րը գոնե պիտի բերանները շաղ չտան, թե իբր Հանրապետական կուսակցության հետ պիտի հրաժարական ներկայացնի նաեւ... Հանրապետակա՛ն կաթողիկոսը: Ինչ ասես տեսել էինք, բայց որ կաթողիկոսին նու՛յնպես դիտարկեն կուսակցական պրիզմայի միջովՙ չափից ավելի մեծ անհեթեթություն է: Ճակատագրի հեգնանքն է, երբ այդ ամենը կոչվում է... թավշյա հեղափոխություն...

Եթե Նիկոլ Փաշինյանը իր վիթխարի հեղինակությունը չօգտագործի այդ հեղափոխության ծավալման կործանարար միտումների դեմն առնելու համար, չի խուսափի պատմության լուսանցքում հայտնվելու տխուր հեռանկարից...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ