ՄԵԾԱՐՈՒՄ ԵՆ ԵՐՎԱՆԴ ԹԵՐԶՅԱՆԻՆ Հ. Ծ. Ամերիկայի Օդագնացության եւ տիեզերական ուսումնասիրությունների ազգային վարչությունը (NASA) օգոստոսի 2-ին Հյուստոնի Ջոնսոնի անվան կենտրոնում «նշանակալի հասարակական ծառայության» իր բարձրագույն մեդալը շնորհելու է վաստակավոր պրոֆեսոր, աստղագետ Երվանդ Թերզյանին : Ըստ «Միրոր-Սփեքթեյթրի» պատվավոր մեդալը Թերզյանին է հանձնելու NASA-ի կառավարիչ Ջիմ Բրադենշտայնը : Արարողությունը ուղիղ եթերով հեռարձակվելու է: «Դոկտ. Թերզյանն իր կյանքը նվիրել է կրթությանը, հասարակական ծառայությանն ու գիտական ուսումնասիրություններին: Նա տիեզերական հետազոտությունների նկատմամբ իր խանդավառությունը սիրով ու նվիրումով փոխանցել է իր ուսանողներին եւ հանրությանը: Նա անջնջելի ներգործություն է ունեցել երիտասարդների մտածողության ձեւավորման վրա: Այդ առումով եւ իր մարդասիրական բարձր արժանիքների համար նա լիովին արժանի է այս մեդալին», ասված է NASA-ի հաղորդագրության մեջ: Թերզյանը աշխատել է NASA-ի ութ տարբեր հանձնախմբերում: 20 տարի անընդմեջ ղեկավարել է NASA-ի Նյու Յորքի «Space Grant Consortium-ը», որն իր մեջ ներառում է 19 համալսարաններ, հինգ արդյունաբերական ընկերություններ եւ գիտական կենտրոններ: 2012-ին ընտրվել է դրա նախագահը: Ամերիկյան աստղագիտական ընկերությունում որպես այցելու դասախոս է աշխատել 12 տարի շրջագայելով Մ. Նահանգների տարբեր քաղաքներում: Հեղինակ կամ համահեղինակ է ավելի քան 235 գիտական հրատարակումների: Խմբագրել է 7 գիրք, որոնց թվում «Կառլ Սագանի Տիեզերքը»: |