101 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴԵՍՊԱՆ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ԹՈՌԸ Հ.Ծ. Հուլիսի 11-ին 101 տարեկանում վախճանվել է իր գիտակցական կյանքը պապի հիշատակին եւ Հայոց ցեղասպանության ճանաչման նրա որդեգրած դիրքորոշմանը նվիրաբերած Հենրի Մորգենթաու III -ը: Գերմանացի հրեա հայտնի ընտանիքի շառավիղներից, Մորգենթաու III-ը որդին էր նախագահ Ֆրանքլին Դ. Ռուզվելտի գանձապետարանի քարտուղարի, ավագ եղբայրըՙ Մանհաթենի շրջանային արդարադատության նախկին քարտուղար (նախարար) Ռոբերտ Մ. Մորգենթաուի եւ զարմիկըՙ Պուլիցերյան մրցանակի արժանացած գրող Բարբարա Թաչմանի: Հասակ էր առել Վաշինգտոնի եւ Նյու Յորքի քաղաքական եւ գրական շրջանակներում, չնայած որպես հրեայի երբեմն, իր իսկ խոստովանությամբ, իրեն «օտար» է զգացել այդ միջավայրերում: Բայց դա օգնել է, որ դառնա «լավ պատմությունների հեղինակ» ինչպես կինոյում, այնպես էլ տպագիր մամուլում: Որպես հեռուստատեսային պրոդյուսեր հիմնել է «Prospects of Mankind» (Մարդկության հեռանկարները) խորագրով շաբաթական շոուն, նախկին առաջին տիկին Էլեոնոր Ռուզվելտի հովանավորությամբ, որը կլոր սեղանի շուրջ քաղաքական, հասարակական եւ ակադեմիական քննարկումներ է ծավալել այդ բնագավառներում ճանաչված մասնագետների մասնակցությամբ: 1963-ի «The Negro and the American Promise» (Նեգրը եւ ամերիկյան խոստումը) հեռուստատեսային ծրագիրը դեմ առ դեմ հարցազրույցներ է անցկացրել Մարտին Լութեր Քինգ կրտսերի, Մալկոլմ X-ի, Ջեյմս Բոլդուինի եւ ուրիշների հետ: Նրա հեռուստատեսային նախագծերը արժանացել են մրցանակների: 1999-ին Հայ դատի ազգային ինստիտուտն ու Ամերիկայի հայկական համագումարը կազմակերպել են նրա այցը Հայաստան, որտեղ նրան մեծարել են ՀՀ գիտությունների ակադեմիայում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ Երեւանի քաղաքապետարանում: Այդ առթիվ նա նշել է, որ իր պապի համար մեծ նշանակություն է ունեցել հայերին փրկելն ու Մերձավոր Արեւելքի նպաստամատույց ընկերության հիմնադրումը: «Նա հաճախակի է պատմել այդ ոլորտներում իր գործադրած ջանքերի մասին», ասել է: «Հայ ժողովուրդը իսկական մի բարեկամի կորցրեց, ով լավատեղյակ լինելով իր պապիՙ դեսպան Մորգենթաուի անցած ուղուն, ամբողջ կյանքում եղել է հայ ժողովրդի կողքին», նշել է մահվան կապակցությամբ Հայկական համագումարի նախագահ Քարոլին Մուգարը : Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի», 2010-ին Բոստոնից Վաշինգտոն տեղափոխվելով Հենրի Մորգենթաու III-ը իր հարյուրամյակի շեմին սկսել է բանաստեղծություններ գրել իր պատանեկան հիշողությունների եւ ծերունական մտածկոտությունների մասին: Դրանք անցյալ տարի հրատարակվել են «Մի կիրակի քավարանում» (A Sundey in Purgatory) ընդհանուր խորագրի ներքո: Նկար 1. Մորգենթաու III-ը իր որդիների հետ Երեւանի Ցեղասպանության թանգարանում: |