RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2018-08-12 17:15:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 5450, Տպվել է` 589, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍՊԻՏԱԿ ՍԱՂԱՎԱՐՏՆԵՐ». ՀԵՐՈՍՆԵ՞Ր, ԹԵ՞ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ

Պ.Ք.

Նրանց կեսը տարհանվել է Սիրիայից

«Սպիտակ սաղավարտներ» ջոկատի հարյուրավոր սիրիացի փրկարարներ եւ նրանց ընտանիքի անդամներ հուլիսի լույս 22-ի գիշերը, սիրիա-հորդանանյան սահմանը հատելով, փախել են Հորդանան, հաղորդում է Reuters գործակալությունը: Այդ հարցում նրանց օգնել են իսրայելցի զինվորները եւ արեւմտյան տերությունների ներկայացուցիչները: Այդ մասին հաղորդել են արեւմտյան տերությունների, ինչպես նաեւ Իսրայելի եւ Հորդանանի ներկայացուցիչները:

Մասնավորապես, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կիրակի օրը հակիրճ հեռուստաելույթում ասել է, որ Իսրայելը օգնություն է ցուցաբերել նախագահ Դոնալդ Թրամփի եւ ուրիշ ղեկավարների խնդրանքով, քանզի երկյուղներ են եղել, որ «Սպիտակ սաղավարտների» կյանքը կարող է վտանգված լինել: Նրա խոսքերովՙ Թրամփը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վերջերս իրեն խնդրել են օգնել փրկելու «Սպիտակ սաղավարտներին»: «Ուրիշների կյանքը փրկող այդ մարդիկ հիմա իրենք են հայտնվել վտանգի մեջ: Ուստի ես կարգադրեցի նրանց Իսրայելով փոխադրել ուրիշ երկրներ», ասել է Նաթանյահուն:

«Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն» կամ «Սպիտակ սաղավարտներ» անունով խումբը վերջերս լայն տարածում է գտել Արեւմուտքում եւ գործում է Ասադի ռմբակոծություններին ենթակա դարձած ապստամբական շրջաններում: Իրենքՙ «Սպիտակ սաղավարտները», հայտարարում են, թե չեզոքություն են պահպանում երկու հակամարտ կողմերի նկատմամբ: Սակայն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը եւ իր կողմնակիցները, մասնավորապես Ռուսաստանը, նրանց համարում են Արեւմուտքի գործիքՙ ուղղված Սիրիայի ապակայունացմանը: Այդուհանդերձ, կիրակի օրը «սաղավարտների» դուրսբերման գործողության պաշտոնական հայտարարմանը Դամասկոսը չարձագանքեց:

Հորդանանի կառավարության աղբյուրներից մեկի խոսքերովՙ 422 անձինք Իսրայելի օկուպացրած Գոլանի բարձունքների տարածքով տեղափոխվել են Հորդանան: Հորդանանի արտգործնախարարությունը սկզբնապես հայտարարել էր 800 անձանց տեղափոխման մասին: Դա պայմանավորված է նրանով, որ կառավարական զորքերը խոչընդոտել են գործողության իրականացմանըՙ շրջափակելով սահմանային որոշ անցակետեր: Հիշյալ աղբյուրի խոսքերով, տեղափոխված անձինք Հորդանանում պահվում են գաղտնի տեղում եւ երեք ամսվա ընթացքում կփոխադրվեն Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Կանադա:

Հորդանանի արտգործնախարար Այման ալ Սաֆադին հայտարարել է, որ ինքը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է փրկարարների տեղափոխման առաքելությունը: Սիրիական եւ ռուսական զորքերը օրերս հարձակում էին սկսել Սիրիայի հարավ-արեւմտյան սահմանամերձ տարածքում:

ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել դուրսբերման գործողությանըՙ Սիրիային եւ Ռուսաստանին կոչ անելով կատարել սեփական պարտավորությունները եւ պաշտպանել խաղաղ սիրիացիների իրավունքները: Բրիտանիան հավանություն է տվել տարհանմանըՙ հայտարարելով, որ ինքը եւ դաշնակիցները դիմել են նման խնդրանքով:

Գերմանական Bild շաբաթահանդեսը հաղորդում է, որ Բեռլինը ապաստան կտա 50 «սաղավարտների»: Կանադայի արտգործնախարարը իր հերթին հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերի հարվածներին ենթակա դարձած այդ քաջ մարդիկ օգնության կարիք ունեն:

Նիդեռլանդներում ՌԴ դեսպանատան Twitter-ում տարածված հայտարարության մեջ գոհունակություն է արտահայտվում «Սպիտակ սաղավարտների» դուրսբերման կապակցությամբ եւ հույս է հայտնվում, որ այսուհետեւ կնվազի այսպես կոչված «քիմիական գրոհների» թիվը:

Դամասկոսը եւ իր դաշնակիցները ապստամբներին եւ նրանց աջակիցներին մեղադրում են Սիրիայի որոշ շրջաներում քիմիական գրոհներ կազմակերպելու եւ դրանց պատասխանատվությունը Ասադի վարչակազմին վերագրելու փորձերի մեջ: Արեւմտյան տերությունները իրենց հերթին պաշտոնական Դամասկոսին մեղադրում են ապստամբական շրջանների վրա այդ նույն քիմիական զենքի կիրառմամբ հարձակումներ գործելու մեջ:

Ասադի կառավարությունը խստիվ քննադատել է «Սպիտակ սաղավարտների» դուրսբերման գործողությունը, որոնք կանոնավորապես հաղորդումներ էին տարածում սիրիացի զինվորականների կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

Այսպես կոչված «Սպիտակ սաղավարտների» կազմակերպության անդամներին դուրս բերելու Իսրայելի եւ նրա գործակալների գործողությունը մերկացրեց այդ կազմակերպության հանցավոր էությունը, ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Իսրայելը ստահոդ կերպով պնդում է, թե չի մասնակցում Սիրիայի պատերազմին, բայց երկրից դուրս է բերում ահաբեկչական կազմակերպության հարյուրավոր անդամների եւ ելուզակային կազմավորումների մի քանի պարագլուխներիՙ համագործակցելով ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտնիայի, Գերմանիայի եւ Հորդանանի իշխանությունների հետ», ավելացրել են Սիրիայի ԱԳՆ-ում: Ընդգծվում է, որ ԱԳՆ-ն տեղյակ է եղել ահաբեկչական գործունեությամբ զբաղվող այդ կազմակերպությունից բխող հնարավոր վտանգներին:

Իրականում ովքե՞ր են «Սպիտակ սաղավարտները»: Կազմակերպությունը ստեղծվել է 2013 թվականին որպես կամավորների կոլեկտիվ: Պաշտոնական անվանումն է «Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն»: 3000 կամավորներից 200-ը սպանվել է: Նրանք ներկայացվել են խաղաղության Նոբելյան մրցանակի: Կամավորների խնդիրն էՙ մարդկանց փրկել ռազմական գործողությունների գոտիներում եւ վերականգնել շինությունները: «Սպիտակ սաղավարտները» հայտարարում են իրենց քաղաքական չեզոքության մասին, բայց Դամասկոսը եւ նրա դաշնակից Մոսկվան կազմակերպության անդամներին մեղադրում են ջիհադիստների հետ համագործակցելու մեջ:

«Սպիտակ սաղավարտները» հաճախ առաջիններից են եղել, որ նախապես հաղորդել են սիրիական բանակի կողմից քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին: Մասնավորապես կազմակերպության ակտիվիստները տեղեկացրել էին Սիրիայի Դումա քաղաքում ապրիլի 7-ին քիմիական զենքի օգտագործման երկու ենթադրյալ դեպքերի մասին:

Հունիսին կառավարական զորքերը հուժկու հարձակում սկսեցին Դերաա նահանգում ապստամբների ձեռքին գտնվող Կունեյտրա քաղաքի ազատագրման նպատակով: Ձեռք բերված համաձայնությամբ, ապստամբական ուժերը տեղափոխվեցին երկրի հյուսիսում ապստամբների ձեռքին գտնվող շրջաններ, մինչդեռ կառավարական ուժերը զբաղեցրին հետգրավված շրջանները, տեղեկացնում է BBC-ն:

Ինչպես նշել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, Արեւմուտքում արդեն նորմա է դարձել, որ գրոհների իրականացման միակ ապացույցը դառնում են ոչ կառավարական այնպիսի կազմակերպությունների տվյալները, ինչպիսիք են «Սպիտակ սաղավարտները» եւ «Սիրիա-ամերիկյան բժշկական ընկերությունը»:

«Նրանք կազմակերպել են Արեւմուտքի կարծիքով մի շարք աղմկալի գործողություններ: Օրինակ, քիմիական զենքի կիրառման միջադեպը, երբ «Սպիտակ սաղավարտները» առաջինն էին հայտնվել դեպքի վայրում, իբր փրկում էին մարդկանց եւ տեղեկություններ էին հաղորդում: Եթե այդ տեղեկատվությունը հայտնվի Սիրիայի հատուկ ծառայությունների ձեռքին, ապա անպայման կհրապարակվի», RT հեռուստաընկերությանը հայտարարել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության դոցենտ Գեւորգ Միրզայանը :

Նրա խոսքերով, «Սպիտակ սաղավարտները» գրոհայինների հանրային կապերի գծով ստորաբաժանումն են, իսկ նրանց տարհանմամբ Արեւմուտքը ցույց է տալիս, որ ինքը հոգում է Սիրիայում «իր» մարդկանց մասին:

Комсомольская правда թերթի մեկնաբան, պաշտոնաթող գնդապետ Վիկտոր Բարանեցը կարծում է, որ «Սպիտակ սաղավարտների» տարհանումը կարող է նախապես համաձայնեցված լինել Հելսինկիում Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակ, քանի որ այդ կազմակերպության անդամները Սիրիայում խոչընդոտում են խաղաղ կարգավորման գործընթացին:

Սիրիացիներից մեկի խոսքերը մեջբերելովՙ RT հեռուստաալիքը նշում է, որ տեսահոլովակներում «Սպիտակ սաղավարտները» իբր օգնում են մարդկանց, բայց իրականում օգնում են միայն յուրայիններինՙ գրոհայիններին, ազգականներին եւ մերձավորներին:

Ըստ որում, «Սպիտակ սաղավարտներին» քանիցս մերկացրել են տեսահոլովակների բեմականացման մեջ: Դրանցից մեկը Դումա քաղաքում քիմիական գրոհին վերաբերող տեսահոլովակն է: Այդ կադրերը գրեթե գլխավոր հիմնավորումը դարձան ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիային ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հրթիռային հարվածների համար:

«Սադրանք եւ ապատեղեկատվություն. ահա թե ինչով էին զբաղվում «Սպիտակ սաղավարտները» Սիրիայում: Ահա թե ինչու հանրապետությունում նրանց համարում են հանցագործներ», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան : Նրա խոսքերով, Ռուսաստանը քանիցս ապացուցել է, որ այդ կազմակերպությունը Սիրիայում զբաղվում է քիմիական գրոհների բեմականացմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ