«ԵՎ-ԵՎ»ԻՑ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՐՁ «ԿԱՄ-ԿԱՄ»Ի՞Ն ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վաղը Մոսկվա մեկնելը- քիչ էր մնում ասեիՙ կանչվելը- պատմական վատ հիշողություններ կարող է արթնացնել մեր ժողովրդի պատմությանը ծանոթ յուրաքանչյուր անձի մտքում: Արեւելք-Արեւմուտք պայքարի, այժմ ի դեմս Ռուսաստան-Մ. Նահանգներ սրված հակամարտության հետզհետե ավելի վտանգավոր դրսեւորումները իրենց զգացնել են տալիս նաեւ մեր հողում եւ, մեկ անգամ եւս, մեզ դնում են կողմնորոշվելու երկընտրանքի, ավելի ճիշտՙ միակ ընտրության առջեւ, ինչից պետք էինք խուսափած լինել ամեն գնով: Առաջին հերթինՙ զերծ պահելով արտաքին միջամտությունների դիմաց խոցելի լինելուց: Պատկերավոր ասածՙ Մոսկվան չի հավատում արցունքների: Վարչապետ Փաշինյանը քանիցս հայտարարեց, վերջինըՙ Անգելա Մերկելի հետ տված ասուլիսում, որ Հայաստանը ոչ մի քայլ չի կատարի ի վնաս կամ ի հակակշիռ կողմերից մեկի, ու Երեւանը միշտ հավատարիմ է մնալու իր ստանձնած պայմանագրային պարտավորություններին, ամենեւին համոզիչ չի թվում Հյուսիսի մեր դաշնակցին: Վերջինս գործողությունների է սպասում համոզվելու համար, մինչդեռ մեր նոր իշխանությունները Մոսկվայի ակնկալիքներին դեմ գնալու ավելորդ ապացույցներն են հրամցնում ամեն պահ: Արտգործնախարար Սերգեյ Լավրովի եռյակ եւ գրեթե նույնաբովանդակ հրապարակային հայտարարությունները, վերջինըՙ անցած երկուշաբթի օրը Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանի, ուշադրությունՙ առաջին կուրսեցիների հետ հանդիպման ընթացքում, հիշեցում եւ զգուշացում էր միաժամանակ ՀԱՊԿ-ի հեղինակությանը չվնասելու եւ նախորդ իշխանության նկատմամբ քաղաքական հետապնդումներ չիրականացնելու խոստումը դրժելու առնչությամբ, պարզորոշ ցույց է տալիս Ռուսաստանի ջղագրգիռ դժգոհությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործերի առթիվ: Սակայն չպետք է թվա, որ հրապարակային այդ դժգոհությունը անձնական սերտ հարաբերությունների- հիշենքՙ պաշտոնական հաղորդագրությամբ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձի նշումը նախագահ Պուտինի կողմից- գնահատում է պարզապես, կամ ընկերոջ «թասիբին» կանգնելու գործողություն: Դա պատմաբաններին քաջ ծանոթ այսպես կոչված «արեւելյան օրիենտացիան» պահպանելու մերօրյա պահանջ է, որը մեր երկիրը կրկին դնում է «կամ-կամ» դիլեմայի դեմ-հանդիման, վերջին տասնամյակում մեր ձեռք բերած «եւ-եւ»իՙ քաղաքականապես մանեւրելու ազատության փոխարեն: Դա ցույց է տալիս, որ Ռ. Քոչարյանի եւ նրա կողմնակիցների դեմ ծավալված գործողություններում Մոսկվան տեսնում է Հայաստանի ավանդական ռուսամետ քաղաքականության շեղում: Մեզ հայտնի չէ, որ մեր վարչապետը նախորդ երկու հանդիպումներում ի՞նչ եւ ինչպիսի՞ հավաստիացումներ է տվել- եթե տվել է- նախագահ Պուտինին, սակայն հայտնի է, որ արեւմտյան դիվանագետները վերջին շրջանում ավելի համառորեն ու մեղադրանքի ձեւով շեշտում են, որ Հայաստանը, համենայնդեպս, ռուսական ազդեցության ոլորտում է գտնվում եւ դաշնակիցն է նրան: Դեռ վերջերս, մեր դիվանագետներից մեկի հետ մասնավոր զրույցում հարցրեցի, թե ի՞նչ է լինում նման մեղադրանքներին մեր պատասխանը: Պատասխանը, խոստովանեմ, գոհացրեց ինձ. «Իսկ ի՞նչ եք ուզում, թշնամի՞ դառնանք Ռուսաստանին»: Անշուշտՙ ոչ: Եվ այդ «ոչ»ը հասկանալի, ըմբռնելի է յուրաքանչյուր հաշվենկատ ու ողջամիտ հայի, նույնիսկ օտար դիվանագետի համար: Բացիՙ Հայաստանում Մ. Նահանգները ներկայացնող մեծարգո դեսպան Ռիչարդ Միլզից, որն արդեն 4-րդ ամիսն է, որ անընդհատ ելույթներ է ունենում Մարտի 1-ի քրեական թղթածրարը ամբողջությամբ եւ մինչեւ վերջ քրքրելու վերաբերյալ, նույնիսկ փորձելով ազդել դատական գործընթացների վրա, ինչը, սրանից առաջ առիթ ունեցել եմ գրելու, իր հայրենիքում անթույլատրելի արարք է համարվում, դատական հետապնդման ենթակա: Գոնե Ռուսաստանի արտգործնախարարն իր հայտարարություններում երբեք չի մոռանում շեշտելու, որ Հայաստանում ծավալվող իրադարձությունները մեր երկրի «ներքին գործն» են, այսինքնՙ Լավրովը մեր «ներքին գործերին» խառնվում է իբր... առանց խառնվելու: Մինչդեռ պրն Միլզը այդ նրբանկատությունն անգամ հանդես չի բերում եւ ձգտում է ռուս-ամերիկյան ներկայիս գերլարված հարաբերությունների, ավելի շուտՙ հարաբերազուրկ հակամարտության փորձադաշտ դարձնել Հայաստանը բացահայտ կերպով, պարզապես գրգռելով ռուսական կողմին: Ըստ երեւույթին նա շատ է ոգեւորված մեր նոր կառավարության միջանցքներում վտվտացող սորոսականների առատությունից, այն սորոսականների, որոնց մենտոր Ջորջ Սորոսին դեռ ոչ վաղ անցյալում նախագահ Թրամփը հայտարարել էր «ահաբեկիչ»: Բացահայտորեն ձեռնոց նետելու պրն Միլզի գործողությունների շարքը օրերս հարստացավ եւս մեկով, երբ դեսպանը, իր պաշտոնը շփոթելով կոմիսարի պարտականությունների հետ, հայ գործարարներին խորհուրդ տվեց Իրանի հետ առեւտրական հարաբերություններ սկսելուց առաջ կամ շարունակելու համար ներկայանալ դեսպանատուն, իբր ամերիկյան պատժամիջոցների ազդեցության տակ չընկնելու մտավախությամբ: Այնինչ Իրանը ոչ միայն մեր բարեկամ հարեւանն է, այլեւ 26 տարուց ի վեր մեր սահմանը փակ պահող Թուրքիային հակակշռողը: Վաշինգտոնը եթե իրական ցանկություն ունենար, մեզ օգնելու, իր այդ դաշնակցին բացել կտար սահմանը: *** Վաղը վարչապետ Փաշինյանին Մոսկվայում սպասում է շատ կարեւոր, ես կասեիՙ ճակատագրական հանդիպում: Իրատեսությունը, խորամտությունն ու ճկունությունը նրան կբավականացնի՞ մեր երկիրը երկընտրանքային ներկա վիճակից դուրս բերելու համար: Սպասենք վերադարձից հետո իր գործերին, ո՛չ խոսքերին: Մինչ այդ լավ կլինի, եթե ինքն եւ ուրիշներ, մենք բոլորս, մեկ անգամ եւս թերթատենք մեր ժողովրդի վերջին 2000 տարվա պատմության էջերը: |