RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018



Տեղադրվել է` 2018-09-07 12:04:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 5165, Տպվել է` 547, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐԴ ԱՇՈՒՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սկսված բարդ աշնան բազմաշերտ իրադարձություններից, որոնցից յուրաքանչյուրը էաբար ազդում է մեր կյանքի վրա (անկախ այն բանից` բացասական թե դրական ազդեցություն է դա)` այս անգամ հարկ համարեցինք կանգ առնել սեպտեմբերի 8-ին կայանալիք Փաշինյան -Պուտին հանդիպման եւ ընտրակաշառքն ու ընտրական շրջանում բարեգործությունը քրեականացնող օրենսդրական փաթեթի վրա:

Փաշինյանին դժվար հանդիպում է սպասվում

«Թող նախքան քրեական հետապնդումը փոխեին Խաչատուրովին». ռուսների այս դժգոհությունը ՀԱՊԿ նախագահողին Հայաստանում ներկայացված մեղադրանքից, որը վերջերս հայ հանրությանը հայտնի էր արել ռուս քաղաքագետներից մեկը, ընդգծում է, որ ռուսական կառավարող շրջանակները հակված են Խաչատուրովի քրեական հետապնդումը, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ին ուղղված հարված համարել: Այս առումով վաղը, սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպմանը խնդիր կարող է դառնալ Հայաստանի այն առաջարկն օրակարգում պահելը, որ ՀԱՊԿ-ում վարչապետը մեր երկիրը ներկայացնի, քանի որ ՀԱՊԿ-ում հակված են թույլ չտալ Հայաստանի նախագահությունը մինչեւ ժամկետի ավարտը` 2020 թվականը, եւ այն հանձնել Բելառուսին: Ինչ խոսակցություն կլինի այս առումով Հայաստանի վարչապետի եւ Ռուսստանի նախագահի միջեւ, արդյոք կկարողանա, այնուամենայնիվ, Հայաստանը պահպանել իր` մինչեւ ժամկետի ավարտը նախագահելու իրավունքը:

Հետաքրքրական է ԶԼՄ-ներից մեկի այն արտահոսքը, թե ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի դեմ եւս քրեական գործի հարուցում է նախապատրաստվում Հայաստանում. սա լրատվական բադի՞կ է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` Պուտինի հետ հանդիպումից առաջ, դրա մեջ իրո՞ք ինչ-որ առարկայական շերտ կա, թե՞ դա ինչ-որ մեկի ցանկության կամ վրեժխնդրության արտացոլանքն է մամուլում, դժվար է ասել: Սակայն որ դրա արձագանքը կարող է հասած լինել գործընկեր երկրի նախագահին`մի մինի թեմա էլ առաջ բերելով առաջին դեմքերի հանդիպմանը, սա ենթադրվում է: Մեր լրատվամիջոցներն այդ իմաստով սկսել են բավական սեւ գործ անել եւ փաստորեն անցել են գործընթացները վատ հունով ուղղորդելու հին արհեստին:

«Քանի որ բավական խնդիրներ են կուտակվել` մենք սպասում ենք անկեղծ ու լուրջ խոսակցություն հանդիպումից», Պուտինի օգնական Յուրի Ուշակովի այս դիտարկումը ռուսական եւ հայկական լրատվամիջոցները լայնորեն ներկայացրեցին: Իհարկե`խնդիրների շրջանակի մանրամասնումներ չկան` լայնի ու համապարփակի մասին հիշատակումներից զատ:

Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, թե հայ ռուսական հարաբերություններում պրոբլեմների առաջացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, եւ ամեն ինչ իր հունով ընթանում է: Սակայն Կրեմլի հաղորդագրությունները` ողջ համալիրով հարցերի քննարկման վերաբերյալ, խոսում են բոլոր թեմաներով տեսակետները նորոգելու անհրաժեշտության ծագման մասին:

Քանի որ խնդիրներից մեկն անպայման վերաբերելու է ղարաբաղյան բանակցություններին, կամ ավելի ստույգ` դրանց վերականգնմանը, կարծում ենք` նոր կառավարության երեքամսյա գոյությունից հետո ինչ- որ հստակություն այս խնդրում իսկապես պետք է, մանավանդ փորձագիտական մակարդակով ամեն օր ամենատարբեր, այդ թվում` իրարամերժ տեսակետներ են հնչում այս առումով: Եթե հստակեցում էլ չլինի` համենայնդեպս հերթապահ ձեւակերպումներ կլինեն, որից ենթադրություններ անել հնարավոր կլինի, ինչպես Պուտին-Ալիեւ վերջին հանդիպմանը եղավ: Մեզ համար կարեւոր է, թե ո՞ր դիրքից պիտի հանդես գա Հայաստանը, վարչապետի հատվածաբար, տարբեր առիթներով ասված տեսակետների մի նոր դրսեւորում է լինելո՞ւ է Ղարաբաղյան հարցում, թե՞, այնուամենյնիվ, ինչպես որ փորձագիտական ենթադրություններ կան, ինչ-որ բան է փոխվել, ինչ-որ հարկադրանքներ կան միջազգային կառույցներից:

Իսկ թե ԵՏՄ ուղղությամբ ինչ քննարկումներ կգնան` ժամանակին Փաշինյանն ակնարկում էր համագործակցության վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու մասին, արդեն կարո՞ղ ենք խոսել ԵՄ հարաբերությունների եւ ԵՏՄ համագործակցության զուգահեռման հայկական բանաձեւի մասին, թե՞ ամեն ինչ նորից մնալու է անորոշության եւ իներցիայի ծիրում, սա եւս հետաքրքրական կլինի:

Կամ թե Լավրովի ասած` տնտեսական խնդիրների վրա կենտրոնանալու հրավեր-ցանկությանն ի պատասխան ի՞նչ շեշտադրումներ կանի Հայաստանի վարչապետը: Որքա՞ն միախառված կլինեն տնտեսական ու քաղաքական բաղադրիչները հանդիպման թեմաներին: Մի կողմից` Ռուսաստանի պաշտոնյաների արտահայտած մտքերը` Հայաստանի ներքին գործերին չխառնվելու մասին ուրախացնում են, մյուս կողմից դիվանագիտությունը երկսայր է` բարձրաձայնելը ենթադրում է տողատակ հակառակի մասին:

Ցավոտ թեմա կլինի եւ հավանաբար չի շրջանցվի ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով Ադրբեջանի անդամակցության մասին վերջին օրերին հարեւան երկրում ծավալվող խոսակցության առարկայացումը: Գաղտնիք չէ, որ Հայաստանը դեմ է Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին: Մի կառույցում, որից ճիշտ է անվտանգային ինչ-որ մի հատկապես ընդգծված վերաբերմունք չենք տեսել, հատկապես ապրիլյան պատերազմի օրերին, սակայն, այնուամենայնիվ, այդ կառույցը մի ինչ- որ զսպիչ ստվեր ունի անդամ երկրների հետ միջպետական գործընթացներում: Հիմա եթե այնտեղ ներգրավվի Ադրբեջանը` հնարավորություն ունենալով աննկատ եւ ոչ հրապարակային լոբբիինգի, ապա Հայաստանի խնդիրը կբարդանա: Հայաստանը վետոյի իրավունքն ունի, եթե Ադրբեջանի ուղղակի անդամակցության հարց լինի, սակայն դիտորդի կարգավիճակի հարցի քննարկումը վետոյի կիրառում չի նախատեսում: Եթե հարցը քննարկվի, ՀԱՊԿ մյուս չորս պետությունները կողմ կքվեարկեն` մեզ համար իր վատ հետեւանքներով հանդերձ: Այնպես որ Փաշինյանը շատ պերճախոս պետք է կարողանա Ադրբեջանի այդ կարգավիճակի դեմ իր փաստարկները ներկայացնել: Ռուսաստանի որոշ շրջանակների հրճվանքին, թե Ադրբեջանը հուսալի գործընկեր է, եւ վերջին շրջանում 5 միլիարդ դոլարի զենք է գնել Ռուսաստանից, պետք է հակադարձել Ադրբեջան-ագրեսորի կերպարի առարկայական ցուցադրումով:

Լավրովի` եռացող Հայաստանի մասին խոսքը, որին Փաշինյանը հումորով պատասխանել էր, թե` հա, հիմա Հայաստանում շոգ է, պետք է քաղաքական համարժեքն ունենա` ռազմավարական գործընկերոջն ուղղված հստակ ու փաստարկված դիրքորոշմամբ առ այն, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ գիտե անելիքը:

Իսկ եթե վերհիշենք, որ օրեր առաջ Պուտինը շնորհավորել էր Քոչարյանին` ծննդյան օրվա առթիվ, որին Հայաստանում մեղադրանք է առաջադրված , ապա ենթատեքստեր միշտ կարելի է տեսնել, սակայն այդ ենթատեքստերին պետք է հստակ դիրքորոշումներ հակադրել: Չնայած` դիվանագիտությունը միշտ չէ, որ հրապարակային քայլերից է կազմված, արեւելյան դիվանագիտության ողջ բովանդակությունը թաքցվում հրապարակային քաղաքականության չերեւացող ենթաշերտերում, ու մենք, արեւելքի դուռ լինելով, արժե, որ օգտվենք արեւելյան դիվանագիտության զինանոցից, եւ դիվանագիտությունն էլ չնույնացնենք հումորային հաղորդման ընթացքում սրամտելու հետ: Մանավանդ` Ռուսաստանի հավաստիացումները տարբեր պաշտոնյաների խոսքով, թե չի միջամտում Հայաստանի ներքին գորերին, ասվում է միջամտողի կեցվածքով: Հավանաբար` Ռուսաստանին շատ է անհանգստացրել Մարտի 1-ի դեպքերի բացահայտման հնարավորությունն`այդ երկրի շահերի մասով, թե չէ` Քոչարյանը որպես անձ հազիվ թե պետության հարաբերության ենթատեքստում դրվեր. դե պատկերացրեք ինչպես կպահի իրեն մեր ռազմավարական գործընկերը, եթե սկսենք հոկտեմբերի 27-ի գործը փոփրել:

Ընտրական օրենսդրության խստացում, թե՞ ընտրողին ուղղված անվստահություն

Ազգային ժողովն իր արտահերթ նիստով երեկ քննարկեց փոփոխությունների մի փաթեթ, որով քրեականացվում է ընտրակաշառքն` իր տարբեր դրսեւորումներում, հատկապես կաշառք ստանալը, քանի որ կաշառք տալն արդեն իսկ քրեական պատժի առարկա էր մինչեւ այս փաթեթը: Հատկապես ընտրական շրջանում բարեգործությունը (դրամ, սննդամթերք բաժանելը, ծառայություններ մատուցելը) ընտրակաշառք է համարվելու` քրեական պատիժներ են նախատեսվում: Անգամ ընտրողի կողմից կաշառքի դիմաց ընտրելու մտադրության բարձրաձայնման եւ քվե տալու խոստման համար են պատիժներ սահմանվում: Ի դեպ` խոստումն ու խոստման բաձրաձայնումը քրեականացնելը, ինչպես նաեւ փաթեթի այլ բաղադրիչներ շատ քննադատվեցին մարդու իրավունքների տեսակետից` մի շարք դեպքերում անհստակ ու մշուշոտ ձեւակերպումների համար: Քննադատում էին եւ ՀՀԿ-ից, եւ «Ծառուկյան» դաշինքից, երեբեմն` շատ խիստ որակումներով: Քննադատվեց նաեւ քվեարկության գաղտնիության խախտումն անձի կողմից քրեորեն պատժելի արարք որակելը` եթե շահադիտական նպատակներով կամ նախապես տրված խոստումի հիման վրա է դա տեղի ունեցել:

Հետաքրքրական է, որ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը , նշելով, որ փաթեթի խստացումներն անհամադրելի են եվրոպական երկրների օրենսդրության հետ, այնուամենայնիվ այսպիսի փոփոխությունները Հայաստանում ոսկերչական մակարդակի հասած ընտրակեղծիքները կանգնեցնելու միակ ճանապարհը համարեց:

Վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրակեղծիք թույլ տալու, երրորդ անձի ներկայությամբ քվեարկելու, լրագրողի եւ հանձնաժողովականի աշխատանքի խոչընդոտման , ընտրական գործընթացին ոչ հարիր այլեւայլ մեղքերի համար բավական լուրջ պատժաչափեր են սահմանվում: Այս փոփոխությունները պետք է հարեհաս լինեն սեպտեմբերի 23ին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններին, հարց է մնում ընտրողին այս պատժաչափերի մասին ժամանակին իրազեկումը, այլապես ե՛ւ ընտրողը, ե՛ւ փող բաժանողները կարող են մնացած լինել անցյալի իներցիայի մեջ:

Արժե հիշաատակել նորերս պատգամավոր դարձած, Փաշինյանի թիմի անդամ, քաղաքագետ Հայկ Կոնջորյանի խոսքը, ըստ որի խաշած հավի ծիծաղն է գալիս, որ դոլարային միլիոնատերն ուզում է փոքրիկ աշխատավարձով պատգամավոր դառնալ ու ծառայել ժողովրդին: «Եկեք միասին քաղաքական դժոխք ուղարկենք ընտրակաշառքի ուրվականին, քրեական օլիգարխիան չպետք է հնարավորություն ունենա վերադառնալ քաղաքականություն, տեղի ունենա հակահեղափոխություն», կոչ արեց «Ելքի» նրա մի ուրիշ գործընկեր` Գեւորգ Գորգիսյանը . երկուսի խոսքն էլ ակնհայտորեն ուղղված էին դահլիճում առկա օլիգարխներին, ընդհուպ դաշնակից Ծառուկյան:

Չնայած ՀՀկ-ական շրջանակից փաստաթղթի ընդունման շտապողականությունը եւս քննադատվեց, սակայն փաթեթն ընդունվեց 66 ձայնով, մի շարք հիմնարար փոփոխություններ 24- ժամյա ընդմիջմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հասցեագրելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ