RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018



Տեղադրվել է` 2018-09-07 12:04:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 5519, Տպվել է` 531, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱՎՇՅԱ ԹԱԼԱՆ

Հ. ԱՖՅԱՆ

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը չորեքշաբթի արել է վերջին ժամանակների ամենակարեւոր հայտարարությունը: Ամփոփելով իր աշխատաքի 100 օրըՙ պարոն Սանասարյանն ասել է, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո էլ են գողացել: Չէ, այլ հարց է, որ մենք մինչեւ թավշյա հեղափոխությունն էլ գիտեինք, որ որեւէ հեղափոխությունից հետո որեւէ երկրում գողությունը չի դադարում, հակառակ պարագայում «Մի՛ գողացիրը» 10 պատվիրաններից մեկը լինելու պատվին չէր արժանանա, բայց որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո դրա առաջամարտիկներից մեկն է հայտարարում, որ իրենց օրոք էլ գողանում են, մեղմ ասած հետաքրքրական է: Ճիշտ է, պարոն Սանասարյանը չի շեշտել, որ թավշյա հեղափոխությունից հետո գողանում են նոր իշխանության ներկայացուցիչները. շատ հնարավոր է, որ ղեկավարության տարբեր օղակներում դեռ մնացել են հներից, որոնք էլ հենց թալանը շարունակողներն են, բայց կարեւորն այն է, որ նոր իշխանությունը կա՛մ թույլ է տալիս, որ գողանան, կա՛մ լիազորում է թալանը, կա՛մ էլ փորձում է ՀՀ հպարտ քաղաքացիներին վերջապես դուրս բերել հետհեղափոխական էյֆորիայիցՙ ցույց տալով, որ աշխարհի ոչ մի երկրում գողության դեմ պայքարը վերջնական հաղթանակով չի ավարտվում: Խնդիրը գողերին բացահայտելու ու բռնելու կամքն է (այդ թվումՙ քաղաքական), ոչ թե նրանց իսպառ վերացնելու դոնկիխոտությունը:

Ամեն դեպքումՙ Սանասարյանի հայտարարությունը խոստովանություն է: Հայկ Մարությանինըՙ նույնպես: Ճիշտ է, Երեւանի քաղաքապետի ամենակարգին թեկնածուն հետո պարզաբանեցՙ ասելով, որ ինքը, երբ ասել է, թե մեր դեմ խաղ չկա, իրականում նկատի չի ունեցել, որ մեր դեմ խաղ չկա եւ երբ ասել է, որ մենք սպիտակ ուժեր են, իսկ մյուսներըՙ սեւ, նկատի չի ունեցել, որ մենք սպիտակ ենք, մյուսներըՙ սեւ: Ճիշտ է, «Իմ քայլը» դաշինքի կարգին համակիրները, որոնքՙ մեծ թվի պատճառով ժողովուրդ են կոչվում, որեւէ հանցավոր բան չգտան Հայկ Մարությանի հայտարարություններում, ավելինՙ ասացին, թե կարգին թեկնածուն դեռ մի բան էլ քիչ է ասել, բայց վարչապետ Փաշինյանն այս առիթով ասաց, թե Հայաստանում տեղի է ունեցել սիրո հեղափոխություն եւ իրենց բոլոր հայտարարությունները պետք է տեղավորվեն սիրո գաղափարախոսության մեջ, իսկ Հայկ Մարությանի հայտարարությունն իսկապես տեղ-տեղ ոչ ճիշտ էր ձեւակերպված:

Դրանից հետո կարգին ընտրողները լռեցին: Հիմա, եթե Սանասարյանը խոստովանում է, որ իրենց օրոք շարունակում են թալանել, ապա Մարությանը մեր դեմ խաղ չկա ասելով փաստորեն բացատրում է, թե ինչու: Բանն այն է, որ մեր դեմ խաղ չկա ասում էինՙ ոչ թավշյա Հայաստանում, հենց այդ պատճառով էլ թալանում էին կամ գող տեսնելիսՙ աչքերը փակում: Ես չեմ պնդում, որ «Իմ քայլը» դաշինքը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դարձել են ՀՀԿ, բայց ես պնդում եմ, որ այդ ճանապարհին են: Այս հարցում շատ կարեւոր են առաջիկա ընտրությունները, ինչպես երեւանյան, այնպես էլ համապետական: Եթեՙ նախ մայրաքաղաքի ավագանիում, ապա հանրապետության խորհրդարանում Քաղաքացիական պայմանագիրը դարձավ բացարձակ մեծամասնություն, ինչը շատ հավանական է, ապա հաջորդ օրը վարչապետ Փաշինյանին լրագրողները հարցնելու են, թե գիտե՞ք, որ Ձեր օրոք ոչ միայն ներգաղթ չի լինում, այլեւ արտագաղթը շարունակվում է, ու նա պատասխանելու էՙ «Իյա, իրո՞ք»...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ