RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:29:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1211, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԵՑՑԵ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանի բոլոր կոշկակարները որոշեն զբաղվել քաղաքականությամբ: Դե այսինքն թարգեն կոշկակարությունն ու մտնեն այս կամ այն կուսակցության կամ դաշինքի ցուցակներ: Ես չգիտեմ, թե քաղաքականության ծակերը դրանից որքանով կսոսնձվեն ու կկարվեն, բայց ես վստահ եմ, որ եթե նման բան լինի Հայաստանում, բոլորս, կապ չունիՙ Գյումրիից Երեւան, թե՞ Բաղրամյան 26-ից Կառավարության շենք, կքայլենք ծակ կոշիկներով:

Այս առումով, Աստված չանի, եթե քաղաքականությամբ զբաղվելու որոշում կայացնեն հացթուխները: Բանն այն է, որ եթե ծակ կոշիկով քայլել հնարավոր է, ապա սոված դա անելն անհնարին է, եւ որովհետեւ քաղաքականությամբ զբաղվել նշանակում է քայլել, ապա հացթուխները սկզբունքորեն չեն կարող դառնալ քաղաքական գործիչներ, քանի որ մարդու, առավել եւս քաղաքական գործչի գլխավոր առաքելությունը, եթե անգամ հայրենիքը շենացնելն է, ապա նպատակը ուտելն է, հնարավորինս շատ, միս, յուղոտ:

Եւ չնայած մեզ դեռ նման արհավիրքներ չեն սպառնում ու կարող ենք կոշիկներն անկախ քաղաքական հայացքներից վերանորոգել, հանգիստ հաց գնելՙ չմտահոգվելով, որ դրա բաղադրության մեջ հատուկ կուսակցականացնող նյութեր են ներառել, բայց իրավիճակը մտահոգիչ էՙ մեկ այլ հացիՙ ճշմարտության առումով: Լրագրողները, որոնք պետք է ներկայացնեն ճշմարտությունը, մեծ խմբով մտնում են քաղաքականություն: Չէ, լրագրողները միշտ են քաղաքականության առնվազն կողքին կանգնած եղել: Պարզապես, Նիկոլ Փաշինյանը ստեղծեց նախադեպ. Հայաստանում բոլորը կարող են իշխանության գալ, նույնիսկ լրագրողները: Դե լրագրողներն էլ մտածում ենՙ քանի երկրի բարձրագույն իշխանության կրողը լրագրող է, բեր մենք էլ մի տաք տեղ տեղավորվենք: Հետո, երբ երկրի բարձրագույն իշխանության կրողը, ենթադրենք, մսագործ լինի, մսագործները կխառնվեն ու այսպես շարունակ, մինչեւ քաղաքականությունը մտնի բոլորիս արյան մեջ, երակներով հոսի ու երկրում բոլորս լինենք կուսակցականներ, օրինակՙ Հայ մսագործների կուսակցություն, Հայ շինարարների կուսակցություն, Հայ քարտաշների կուսակցություն, մի խոսքով... Բայց, մյուս կողմից, իրավունք չունե՞ն լրագրողները զբաղվել քաղաքականությամբ: Իհարկե ունեն: Խնդիրը հայաստանցու առանձնահատկությունն է, մոդան: Եթե Նիկոլայը կարող է զբաղվել քաղաքականությամբ, Արմենն էլ կարող է, Մերուժանն էլ կարող է, Վահանն էլ կարող է, Միսակն էլ կարող է, Վարդուշն էլ կարող է,... Լրագրությունը մարդկանց մի տեսակ ձանձրացրել է, իրենք բարձր թռիչքի թռչուններ են, ինչքա՞ն կարելի է ուրիշների մասին խոսել, թող մի քիչ էլ իրենց մասին խոսեն: Որքա՞ն կարելի է փրկել ճշմարտությունը, երբ ճշմարտության թաղումն ավելի եկամտաբեր է:

Ես անկեղծ ու մեծ հաջողություն եմ մաղթում բոլոր լրագրողներին, ովքեր այս կամ այն կուսակցության ցուցակներում սպասում են պատգամավորական մանդատներինՙ արդեն իսկ մտովի կահավորելով պատգամավորի իրենց առանձնասենյակները: Ես սիրում եմ բոլոր այն լրագրողներին, ովքեր սկզբունքորեն չեն մտնում քաղաքականություն, քանի որ իրենք լրագրող են եւ ճշմարտությունը մեղք էՙ լքվելու համար: Եւ ես նոր խորհրդարանին մի առաջարկ ունեմՙ եկեք բոլոր մասնագիտությունների, փեշակների համար մտածենք ու ստեղծենք Հիպոկրատի երդումի պես մի բան. Օրինակՙ ծաղկավաճառները, ոսկերիչները, պատշարները եւ մանավանդ նկարիչներն ու քանդակագործները գործի անցնելուց առաջ արտասանենՙ «Երդվում եմ ոչ մի պարագայում քաղաքականություն չմտնել»: Կարծում եմՙ քաղաքականությունն ահագին կմաքրենք, ճշմարտությունն էլ կփրկենք, ծակ կոշիկներով էլ չենք քայլի, իսկական պոեզիա կկարդանք եւ չկուսակցականացնող հաց կուտենք, անկախ քաղաքական փոփոխություններիցՙ միշտ մաքուր եւ բարձր որակի հանքային ջրով:

Հիմա, քանի որ շատ սուբյեկտիվ մութ է, չենք տեսնում, որ քաղաքականությունից դուրս ավելի ու շատ հետաքրքրական բաներ կան, Մոսկվայում ու Լոսում չէ, Գորիսում, Սեւանում, Ամասիայում, Հրազդանում,... Հայաստանո՛ւմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ