ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ LED-ԵՐՈՎ ԿԼՈՒՍԱՎՈՐՎԵՆ ՆԱԵՎ ԱՐՓԻ ԳՅՈՒՂԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում ամռան կեսերից շինարարական աշխատանքներ են մեկնարկել: Մինչեւ տարեվերջ դրանք ամբողջությամբ կավարտվեն: Արփին կհամալրի էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայրերի ցանկը: Ժամանակակից, էներգախնայող LED համակարգի գործարկմանն անհամբերությամբ սպասող բնակիչները, արտաքին լուսավորության խնդրի լուծումը կարեւոր են համարում մի քանի տեսանկյունից. գոնե մասամբ կկրճատվի մայրաքաղաքի եւ իրենց գյուղի զարգացման տեմպերի միջեւ եղած տարբերությունը, երեկոյան ժամերին կավելանա մարդկանց հոսքն ու անվտանգությունը, կթեթեւանա գյուղի ֆինանսական բեռը: «Կան խնդիրներ, որոնց լուծումը համակարգում է շատ հարցեր: Լուսավորությունը դրանցից մեկն է: Հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվող գյուղացին խոտհնձի է գնում երեկոյան ժամերինՙ շոգից խուսափելու համար: Իսկ այդ ժամանակ առաջանում է անվտանգության խնդիր. տարածքում կան վայրի կենդանիներ, որոնց մուտքը գյուղ լինում է երեկոյան ժամերին: Գյուղի արտաքին լուսավորությունը լուծման ենթակա հրատապ հարցերից է»,- ասել է գյուղի վարչական տարածքի ղեկավարըՙ Գագիկ Հովսեփյանը : Արփի գյուղի լուսավորության ապահովմանն աջակցում են գյուղական վայրերում ենթակառուցվածքների զարգացումը ծրագրային կարեւոր ուղղություն դարձրած գործընկերներըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Տեղում վստահ են, որ խնդրի կարգավորումը թույլ կտա համակարգել կարեւոր այլ, օրինակՙ առաջնային բուժօգնությանն առնչվող հարցեր. անհրաժեշտության դեպքում երեկոյան ժամերինՙ հիվանդների տուն այցելությունն այլեւս դժվար չի լինի: «Սովորաբար հիվանդությունները սրվում են երեկոյան ժամերին, եւ մենք, անհրաժեշտ ներարկումներ կատարելու կամ օգնություն ցուցաբերելու համար, ստիպված ենք լինում հիվանդի տուն հասնել մութ փողոցներով: Լուսավորության բացակայությունը բարդացնում է այդ ամենը. գյուղում մեքենա ոչ բոլորն ունեն, երբեմն էլ հիվանդի մոտ հասնելու համար նույնիսկ ուղեկցող չի լինում: Լուսավորությունն անհրաժեշտ է»,- ասել է ընտանեկան բուժքույր Նեկտար Մարտիրոսյանը : Գործընկեր կառույցների ջանքերով, ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած իրավիճակը կմնա անցյալում: Կփոխվի հանրային սեփականության նկատմամբ գյուղացու վերաբերմունքն ու անտեսված չլինելուՙ նրա վստահությունը: էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն կտա թեթեւացնել գյուղի ֆինանսական բեռն ու նպաստել կայուն եւ մաքուր շրջակա միջավայրի պահպանմանը: |