«ԱՎՐՈՐԱՅԻ» ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸՙ ԿՐԹԱԹՈՇԱԿ «ԱԶՆԱՎՈՒՐԻ» ՊԱՏՎԻՆ Հ.Ծ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանն ու Վարդան Գրիգորյանը հայտարարել են, որ նոր կրթաթոշակ են սահմանում ի պատիվ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի: Կրթաթոշակը շնորհվելու է Ֆրանսիայից եւ Ֆրանկոֆոն երկրներից այն ուսանողներին, որոնք հնարավորություն են ստանալու սովորելու Դիլիջանի միջազգային կրթօջախում: «Շառլ Ազնավուրը մարմնավորում էր հայկական ողջ պատմությունը: Լինելով տարագրյալների զավակՙ նա դարձավ համաշխարհային կուռք, որ մարդկայնություն քարոզեց իր երաժշտության եւ անձնական օրինակի միջոցով: Շրջագայելով աշխարհի տարբեր երկրներում, նա սեր, եռանդ ու հավատ ներշնչեց մարդկանց, որոնք ընդմիշտ հիշելու են նրան: Մենք նրան կարոտելու ենք: Ազնավուրն ի սկզբանե կապված էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ, որը հիմնվեց երախտագիտություն հայտնելու այն բոլոր երկրներին ու մարդկանց, որոնք ապաստան եւ սնունդ տվեցին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ տարագիրներին: Ազնավուրի ծնողքը մեկն էր այդ տարագիրներից եւ նա ապաստան գտավ Ֆրանսիայում», ասված է «Ավրորայի» հիմնադիրների տարածած հայտարարության մեջ: |