RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-04-11 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1462, Տպվել է` 136, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԲԻԼԻՍՅԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր

Աշխատանքի բերումով մի քանի օրով եղա Թբիլիսիում: Անկեղծ ասածՙ վերջին տարիներին Բաթումիում հանգստանալու մեկնելիս ավտոմեքենայով անցել էի մայրաքաղաքի միջով, բայց չէի կանգնել եւ տպավորություններս սկսվել ու վերջացել էին ավտոմեքենայի պատուհանից տեսածներով: Սակայն այս անգամ բոլորովին ուրիշ էր` չնայած քիչ, ընդամենը մի քանի օր, սակայն ապրեցի Թբիլիսին, ըմբոշխնեցի Այսրկովկասի երբեմնի հայաշատ կենտրոնը, տեսա ու զգացի պատմականի ու այսօրեականի շաղախ քաղաքն իր գույներով ու ասիաեվրոպական բույրերով:

Աշխատանքից ազատ ժամերին պարզապես թափառում էի քաղաքի փողոցներով, «պատահաբար» զրույցի բռնվում անցորդների, խանութների, սրճարանների, հյուրանոցների աշխատակիցների հետ, փորձում որքան հնարավոր է իրական գույներով տեսնել Թբիլիսին, ինչու չէ նաեւ` թբիլիսցուն:

Միանգամից ասեմ, որ տպավորություններս շատ հակասական են. իրար են խառնվել հայ պատմաբանի, շարքային այցելուի, հարեւան երկրի քաղաքացու, եղբայրական ժողովրդի ներկայացուցչի եւ աշխարհի ու տարածաշրջանի հիմնախնդիրներով մտահոգ մարդու ընկալումները:

Նախկինում քաղաքի ծայրին գտնվող «Օրթաչալա» ավտոկայանի փոխարեն երթուղայինը կանգ առավ կենտրոնական հատվածում գտնվող մետրոյի «Հավլաբար» կայարանի մոտ եւ միանգամից իր յուրահատուկ կոլորիտով սկսվեց թիֆլիսյան գունառատ ու աղմկահարուստ միջավայրը:

Թբիլիսաբնակ բարեկամիս` Գոչայի հետ նախ եւ առաջ լուծեցինք հյուրանոցի խնդիրը: Տուրիզմի ասպարեզում շուրջ կես դար աշխատողի հին սովորություն է, քանի դեռ հյուրանոցը չի ապահովված, մի տեսակ անօթեւանի հոգեվիճակ է մոտդ: Սկզբում փնտրեցինք Հավլաբարում, այնուհետեւ գործունեությանս հիմնական վայրի` Վրաստանի ազգային արխիվին մոտիկ մետրոյի Վաժա Պշավելի կայարանի շրջակայքում: Հաճելիորեն զարմացած էինք. ամեն քայլափոխի հյուրանոցներ կային`մեկ անձի համար 40-400 վրացական լարի արժողությամբ համարներով: Հաճելի զգացողություն էր ամենուրեք. դիմավորում էին լայն ժպիտով, փորձում նախապես գլխի ընկնել հաճախորդի նախասիրությունները, պատասխանել` այցելուին հետաքրքրող յուրաքանչյուր հարց անպատասխան չթողնելու ձգտումով, բավարարել նույնիսկ որոշ «տարօրինակություններ», միայն թե այցելուին դարձնեն իրենց հաճախորդը:

Իսկ երբ հետաքրքրվեցինք սնվելու խնդրով, այնքան ձեւեր (ինքնասպասարկումից սկսած հյուրանոցի համար բերելու հնարավորությամբ), միջոցներ ու բազմատեսակ խոհանոցներ էին առաջարկում, որ մեզ մնում էր ոչ վաղ անցյալի թիֆլիսյան «ՏոքպտՌՑ» մակագրությամբ կիսակոտոր ու կասկածելի մաքրությամբ ափսեներով «դուքան-գինետների» մասին մեր ունեցած հիշողություններին անգամ չհավատալ այլեւս: Իսկ երբ հետաքրքրության համար նայում էինք համարները, աչք էին շոյում մաքուր ու գեղեցիկ հարդարված անկողինն ու մյուս պարագաները:

Ընտրեցինք «Ռիո» հյուրանոցը եւ երբ հետաքրքրվեցինք վճարելու հարցով, մեզ պատասխանեցին` երբ, ինչպես, քանի օրվա համար եւ ցանկացած ձեւով: Միակ բանը, որ փոքր ինչ ստվերեց այդքան դրական տպավորություններս այն էր, որ հեռուստաալիքների ճնշող մեծամասնությունը թուրքալեզու էին: Լավ էր գոնե ռուսերենով երկու ալիք կար:

Երբ մենակ մնացի, նախկին սովորությանս համաձայն դուրս եկա քաղաքում թափառելու: Դեռ հին ժամանակներից չգրված սովորություն է, եթե ցանկանում ես որեւէ քաղաքի մասին իրական պատկերացում կազմել, այցելիր այդ քաղաքի շուկա: Իմ սերնդակիցները լավ են հիշում կենտրոնական կայարանի մոտ գտնվող «Դիզիրտերի» շուկան իր արեւելյան աղբահարուստ ու ոչ հաճելի բույրերով: Դրա հետքն էլ չի մնացել: Ավելի շատ ժամանակակից քաղաքակիրթ առեւտրին բնորոշ «մարկետների» առատությունն է այսօր:

Շատ էին փոփոխությունները նաեւ ստորգետնյա Թբիլիսիում: Նախ` մեկ մուտքի համար տոմս չեն վաճառում, այլ կտրոն միանգամից հինգ մուտքի համար, որի քարտը անընդհատ լիցքավորելու հնարավորություն ունի: Մի քանի տարի առաջ էի եղել մետրոյում եւ տարբերություններից առաջինը ժողովրդի շատությունն էր: Ինձ` «սովետիկուսիս» համար, որ մշտապես ուժի ու հզորության չափանիշ է եղել Մոսկվան ու ուղեւորների առատությամբ դրա մետրոն (չնայած եղել եմ նաեւ Եվրոպայի մի շարք մայրաքաղաքների մետրոներում, բայց չափորոշիչը միշտ մնաց Մոսկվան), Թբլիսիինը գրեթե չէր զիջում: Հավանաբար իր դերակատարությունն ունի Թբիլիսիի հին քաղաք լինելու եւ ավտոմեքենաների ամենօրյա ավելացման գործոնը: Գրեթե բոլոր փողոցներում խցանումները դարձել են սովորական երեւույթ, ժողովուրդն էլ ստիպված իջել է ներքեւ:

Ուշ վերադարձա հյուրանոց եւ փորձեցի հանգստանալ, սակայն պատուհանս փողոցին էր նայում եւ քաղաքային աղմուկն այդպես էլ չդադարեց: Մի քանի օրից նորից եմ գնալու Թբիլիսի եւ աղմուկի պատճառով հավանաբար մեկ այլ հյուրանոցում կապրեմ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ