ԳԵՆ. ՋԵՖՐԻ ՀԱՐԻԿՅԱՆԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԱՄՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՕԴՈՒԺԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ Հ.Ծ. ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար առաջադրվելու կապակցությամբ գեներալ Թոդ Ուոլտերզին այսուհետ իր նախկինՙ Եվրոպայում Մ. Նահանգների օդուժի հրամանատարի պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրվել է հայազգի գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիկյանը , որ մինչ այժմ փոխհրամանատար էր ինչպես Եվրոպայում, այնպես էլ Աֆրիկայում տեղակայված ամերիկյան օդուժի: Այս մասին մարտի 26-ին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատակից Պատրիկ Շանահանը , նշելով, որ նախագահ Դոնալդ Թրամփն է Ջեֆրիին առաջադրել այդ պաշտոնում: Սպասվում է, որ Սենատը հաստատի նրա թեկնածությունը: Ինչպես Ուոլտերզը, Հարիկյանը նույնպես կործանիչ ինքնաթիռների օդաչու է եւ ավարտել է 1985-ին Կոլորադո Սպրինգզի ամերիկյան օդուժի ակադեմիան: Ունի F-22, F15C եւ MQ-1 տիպի ինքնաթիռներ վարելու ավելի քան 4000 ժամվա փորձառություն: Մասնակցել է Պանամայի «Just Cause», Իրաքի «Desert Storm» եւ այլ մարտական առաքելություններին: Նախքան Եվրոպայում ծառայության անցնելը նա աշխատել է Մ.Ն.ի օդուժի կենտրոնական հրամանատարությունում, ակտիվ մասնակցություն ունենալով «իսլամական պետության» դեմ իրականացված գործողություններին: Եվրոպայում եւ Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատարի պարտականությունները ստանձնելով նա վերահսկելու է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 104 երկրներում տեղակայված ամերիկյան օդուժի գործողությունները: Այս մասին է տեղեկացնում Ջենիֆեր Սվանը «Stars and Stripes» պարբերականում: |