RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019



Տեղադրվել է` 2019-06-06 23:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3627, Տպվել է` 291, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՈՒՆ ՆՊԱՏԱԿԸ ԻՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ Է

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Լարվածության հետեւողականորեն սրումը մշտական գործոն է դարձել Մերձավոր եւ Միջին Արեւելքում: Դրա հետեողականության պատճառով սրվում է նաեւ մեծ տերությունների տարածաշրջանային պետություններով միջնորդավորված անհաշտ մրցապայքարը, ինչի արդյունքում տարածաշրջանում ստեղծվում են առկա հակամարտությունների հետագա ծավալման անհրաժեշտ պաշարները, որտեղ անկայության հետ մշտապես խորանում է առկա քաոսը: Այս ամենը, ինչ խոսք, խիստ ողբերգական հետեւանքներ է ունենում չհայտարարված պատերազմի մեջ ներքաշվելու պատճառով ապակայունացած եւ քաոսային իրավիճակում հայտնված երկրների, մասնավորապես Սիրիայի, Իրաքի, Եմենի, Լիբիայի տառապյալ ժողովուրդների համար:

Ժողովուրդների տառապանքը, ինչ խոսք, չի հետաքրքրում տարածաշրջանում ռազմաքաղաքական գերակայության ձգտումով միմյանց հետ անհաշտ մրցակցության մեջ մտած միջազգային ուժերին: Քաոսի տեւականությունը, սակայն, մեծապես հետաքրքրում է նրանց: Ուստիեւ նրանք տեւականության ապահովման նկրտումով ամեն կերպ ջանում են խորացնել այդ քաոսը, պայմանով, որ դա վերահսկելի լինի:

Թեեւ 2015-ի սեպտեմբերին Ռուսաստանի իրականացրած ռազմական միջամտությունը Սիրիային զգալիորեն դուրս բերեց ԱՄՆ-ի վերահսկողությունից, սակայն աշխարհի միակ լիարժեք գերտերության խնդիրը սոսկ Սիրիան չէ, սյլ ողջ տարածաշրջանը, այդ իսկ պատճառով էլ նա վճռականորեն փորձում է սրել տարածաշրջանի քաոսային իրավիճակն ամբողջությամբ: Այսպիսով հերթական անգամ ԱՄՆ-ի ոտնձգությունների թիրախն է դառնում Ռուսաստանի եւ Չինաստանի աջակցությունը վայելող, Սիրիայից զատ նաեւ Լիբանանում, Եմենում ու Պաղեստինի Գազայի հատվածում ազդեցիկ դիրքեր ունեցող Իրանը:

Ոտնձգությունների պարագայում խոսքը վերաբերում է «Միջուկային պայմանագրով» չեղյալ հայտարարված պատժամիջոցների վերականգմանը: Հատկանշական է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելով չի սահմանափակվում, պահանջում է, որ դրանք դաշնակիցների գլխավորությամբ կիրառեն նաեւ մյուս երկրները: Պատժամիջոցներին զուգահեռ ԱՄՆ-ն ուժեղացնում է քաղաքական ճնշումները Իրանի վրա եւ ռազմական ուժեր է կուտակում Պարսից ծոցում, որ սպառնալիքի տակ պահի վերջինին, բայց ապարդյուն:

Ինչո՞ւ: Մինչ հարցին պատասխանելն ասենք, որ միջուկային այդ պայմանագիրը կնքվել էր դեռեւս 2015 թ. հուլիսի 14-ին եւ ուժի մեջ էր մտել 2016-ի հունվարին: Դա միջազգային շրջանակներում համարվում էր արտաքին քաղաքականության մեջ նախագահ Բարաք Օբամայի խոշորագուն ձեռքբերումը: Ընդորում պայմանագրի տակ ստորագրել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներըՙ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ուսաստանը, Չինաստանը, ինչպես նաեւ Գերմանիան, այն էլ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանՙ ՄԱԳԱՏԷ-ի եզրակացության հիման վրա, թե Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

Դոնալդ Թրամփը, սակայն, անտեսեց այս ամենը. 2018 թ. մայիսի 8-ին որոշեց ԱՄՆ-ին դուրս բերել այդ պայմանագրից, որին նա դեռեւս ընտրարշավի օրերին համարել էլ «աղետալի»: Չնայած Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, նույնիսկ Կանադայի հակազդեցությանը, ԱՄՆ նախագահը նույն թվի նոյեմբերին սկսեց Իրանի դեմ կիրառել նախքան պայմանագրի ստորագրումը կիրառվող բոլոր պատժամիջոցները, փորձելով դրանց կիրառումը պարտադրել այնպիսի երկրներին, ինչպիսիք են Թուրքիան, Հարավային Կորեան եւ Ճապոնիան, էլ չենք խոսում Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի մասին, որոք դժվար թե ենթարկվեն Թրամփի պարտադրանքին:

Ակնհայտ է, որ այդ դեպքում պատժամիջոցները չեն ծառայի Իրանի տնտեսությունը հիմնովին քայքայելու Թրամփի նպատակներին, որպես ճնշման լծակ կնվազի դրանց արդյունավետությունը եւ դրանք չեն կարող Թեհրանին ցանկալի հունով ուղղորդելու միջոց հանդիսանալ Վաշինգտոնի համար: Ըստ երեւույթին, Իրանի սառնասիրտ քաղաքականությունը նմանապես նվազեցնում է ամերիկյան քաղաքական ճնշումների, ռազմական սպառնալիքների եւ տնտեսական պատժամիջոցների արդյունավետությունը, որ ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարներն անընդմեջ իրարամերժ հայտարարություններ են անում: Ավելին, նրանց ձեռնարկած գործողությունները միանգամայն հակասում են հայտարարությունների ոգուն:

Դրանում համոզվելու համար բավական է անդրադառնալ նախագահ Թրամփի հայտարարություններին, որոնց մշտապես ձայնակցում է պետքարտուղար Մայք Պոմպեոն: Մայիսի 20-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր. «Եթե Իրանը պատերազմի է ձգտում, թող իմանա, որ դա նրա վերջը կլինի: Այլեւս Իրանը չպետք է փորձի սպառնալ ԱՄՆ-ին»: Այս սպառնալից հայտարարությանը մայիսի 22-ին հաջորդել էր Թրամփի տրամագծորեն հակառակ հայտարարությունը. «Ես Իրանի դեմ պատերազմ չեմ ուզում: Սակայն, պետք չէ ինքներդ ձեզ խաբեք, այս երկրում գոյություն ունի ռազմարդյունաբերական կոմպլեքս»:

Իրանի դեմ պատերազմ չուզելը, սակայն, ամենեւին չէր խանգարել, որ Թրամփը ռազմական ուժեր կուտակի Պարսից ծոցում եւ այնտեղ գործուղվի «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը: Մինչ Թրամփը իրարամերժ հայտարարություններով փորձում էր ապակողմնորոշել միջազգային հանրությանը, ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոնն էլ բանակցություններ սկսելու կոչերով իրանական կողմին էր դիմում: Նրան մայիսի 21-ին, ինչպես նշում է «Հաբեր թուրք» կայքէջը, պատասխանել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին , մասնավորապես ասելով. «Հակառակորդն ուզում էր, որ լարվածությունը սրի Իրանը: Եթե մենք ենթարկվեինք նրա սադրանքներին, ապա այսօր մեր դեմ, բացի ԱՄՆ-ից, պատժամիջոցներ կկիրառեին միջազգային հանրությունն ու ՄԱԿ-ը: Անցյալ տարի ՄԱԿ-ի համաժողովում 5 մեծ տերության ղեկավարներն առաջարկեցին միջնորդել, որ հանդիպեմ Թրամփին: ԱՄՆ պետքարտուղարը 8 անգամ բանակցությունների առաջարկ արեց մեզ: Սակայն հիմա ոչ թե բանակցությունների, այլ դիմադրության եւ պայքարի ժամանակն է»:

Հունիսի 1-ին պետքարտուղար Պոմպեոն, առանց նախապայմանների, բանակցություններ սկսելու կոչով վերստին դիմեց իրանական կողմին: Նրա դիմումն էլ հաջորդ օրը մերժեց Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աբբաս Մոսեւին : Իրանի նախագահ Ռոհանիի պատասխանից եւ Մոսեւիի մերժումից ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ն իրականում Իրանի դեմ պատերազմելու մտադրություն չունի: Այդ դեպքում հարց է առաջանում, ինչո՞վ բացատրել քաղաքական ճնշումներն ու մշտապես հնչող սպառնալիքները: Թվում էՙ Իրանին սեփական նախաձեռնությամբ բանակցությունների մեջ ներքաշելու ամերիկյան հաշվարկներով: Մանավանդ որ 2018-ի մայիսին «Միջուկային պայմանագրին» ԱՄՆ-ի մասնակցությունը կասեցնելուց հետո, պետքարտուղար Պոմպեոն արտահայտվել էր Իրանի հետ նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին, առաջադրելով 12 նախապայմաններ, ըստ որոնց Իրանը Սիրիայից պետք է դուրս բերեր իր բոլոր զորամիավորումները, դադարեցներ ամեն տեսակի օժանդակությունը Հզբոլլահի, Համասի եւ Իսլամական ջիհադ շարժման պես «ահաբեկչական» կազմակերպություններին Մերձավոր եւ Միջին Արեւելքի ողջ տարածքում, հրաժարվելով Եմենում հուցիներին ռազմական օգնություն տրամադրելու գայթակղությունից: Որքան էլ պետքարտուղարի նախապայմանները հիմնավորեն Իրանին բանակցությունների մեջ ներքաշելու տեսակետը, չմոռանալ, որ դրանք տարածաշրջանում ակնհայտ մեկուսացում են ենթադրում: Հետեւաբար բանակցությունները չեն կարող ամերիկյան ճնշումների եւ սպառնալիքների վերջնական նպատակը լինել: Դրանք, ամենայն հավանականությամբ, առաջադրվում են Իրանում իսլամական վարչակարգի փոփոխության նախադրյալներն ստեղծելու հեռագնա նպատակով:

Որպես երկրի իշխանությունների դեմ ժողովրդական զանգվածների դժգոհությունն առաջացնելու միջոց, նույն նպատակին են ծառայում նաեւ պատժամիջոցները: Ի վերջո Սիրիայում, Լիբանանում, Գազայի հատվածում եւ առհասարակ ողջ տարածաշրջանում Իրանի վարած քաղաքականությունը, ի տարբերություն պատժամիջոցների, բնույթով տնտեսական չէ, այլ ռազմավարական: Կնշանակի Իրանին բանակցությունների մեջ ներքաշելու առումով նպատակին չեն կարող ծառայել նաեւ այդ պատժամիջոցները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ