RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019



ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-06-06 23:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3999, Տպվել է` 291, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՓՈՓՈԽՎՈՂ ԱՇԽԱՐՀԱՌԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

Աշխարհը փոփոխվում է շատ արագ: Այդ ամենի պատճառը տեղի ունեցող քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական սրընթաց զարգացումներն են, որոնք նոր օրակարգ եւ ապահովական նոր իրավիճակ են թելադրում:

Աշխարհը թվայնանում է, այսինքն թվային է դառնում մեր տնտեսությունը, քաղաքականությունը, մեր իրականությունը: Մենք արդեն չենք կարող մեր օրը պատկերացնել առանց ժամանակակից տեխնոլոգիաներիՙ խելացի հեռախոսների, համացանցի, սոցցանցերի ու այսպես շարունակ:

Այս ամենը ազդում է նաեւ պետությունների ռազմական ու ռազմաքաղաքական օրակարգերի վրա: Մենք կարիք ունենք նոր տեխոլոգիաների, նորՙ թվային լուծումների, ու այսպես շարունակ:

Աշխարհի ապագան արհեստական ինտելեկտն է. ով տիրապետեց նրան, նա էլ կգերիշխի աշխարհում, պնդում են շատ մասնագետներ: Արհեստական ինտելեկտը կարեւոր է նաեւ ռազմական ու ռազմաքաղաքական լուծումներիՙ թվայնացման ու զարգացման համար:

Այդ լուծումները արագացնում են գործընթացները, որոշումների, խելացի ու հիմնավորված, ընդունման ժամանակահատվածը եւ այլն: Իսկ այդպիսի որոշումների ընդունման արագությունից է կախված ապագա պատերազմում քո հաղթելու հավանականությունը:

Արհեստական ինտելեկտը եւ թվային լուծումները նաեւ կարող են հեշտացնել ու սինխրոնացնել կառավարման ու ղեկավարման խնդիրները ռազմական գործողությունների ժամանակ, որն այդքան անհրաժեշտ է բանակին: Ներկայումս մեծաքանակ բանակներին ու զենքի հսկայական պաշարներին կարելի է հակադրել միայն թվային լուծումներըՙ արհեստական ինտելեկտը, որը կարող է վճռական գործոն լինել ապագա պատերազմներում:

Այս նախաբանը որոշեցի գրել, քանի որ Հայաստանի շուրջ ընթանում են զարգացումներ, որոնք, մեղմ ասած, ոչ մի կերպ չեն նպաստում տարածաշրջանում երկարատեւ խաղաղության, այլեւ այն հրում են դեպի նոր պատերազմի: Ադրբեջանը եւ Թուրքիան օգտվելով ներհայաստանյան խառնակ իրավիճակից, նորելուկ իշխանավորների կառավարման անփորձությունից, ավելացրել են ոչ միայն ռազմական հռետորաբանությունը, այլեւ ռազմական զորավարժությունների թվաքանակը:

Միայն վերջին երկուսուկես ամսում Ադրբեջանը իրականացրել է 4 ռազմական զորավարժություններ, որոնցից 2-ը Թուրքիայի հետ համատեղ: Վերջին զորավարժությունը կսկսվի այսօր, եւ կտեւի մինչեւ հունիսի 11-ը, այն տեղի է ունենում Նախիջեւանի տարածքում:

Օգտվելով վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանությունների անատամ քաղաքականությունից, հատկապես տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական իրողությունների մասով Ադրբեջանը ավելացրել է թե՛ զենքի ներկրումը, թե՛ սահմանների ամրացման ինժեներական աշխատանքները եւ թե ռազմական զորավարժությունների իրականացման հաճախականությունը: Ինչպես իրենց պաշտոնական հաղորդագրություններում է նշվում, համատեղ զորավարժությունների նպատակն է ավելացնել զորքերի համատեղ կառավարման հմտությունները:

Ադրբեջանը չի թաքցնում, որ պատրաստվում է պատերազմի, չի էլ թաքցնում, որ այս գործը պատրաստ է իրականացնել համատեղ Թուրքիայի հետ, ինչի ապացույցն են երկու ամսում իրականացված երկու համատեղ զորավարժությունները: Այս գործընթացումՙ զորքերի կառավարման համար կարեւոր է հենց զորավարժությունների ֆակտորը, քանի որ միայն այդպես է հնարավոր ձեռք բերել համապատասխան հմտություններ:

Ու այս ամենը տեղի է ունենում Հայաստանում, ներքաղաքական դիսկուրսում ատելության քարոզի ֆոնի վրա, որի հիմնական «շարժիչ» ուժը գործող իշխանություններն են: Հայությանը բաժանում են սեւերի ու սպիտակների, նիկոլականների ու հականիկոլականների, քոչարյանականների ու հակաքոչարյանականների, հայաստանցիների ու ղարաբաղցիների, եւ այսպես շարունակ:

Սա դեռ քիչ չէ, պետական մակարդակով վարկաբեկում են պատերազմում հաղթած գեներալներին ու ընդհանրապես այդ պատերազմը հաղթած բոլոր հերոսներին: Առաջ են մղվում նոր, այսպես կոչված անձեր, որոնք իրենց ձեւովՙ անցած կյանքով ու կենսագրությամբ, միայն վարկաբեկում են հայի տեսակը, նրա դավանած արժեքներըՙ կրոնը, ընտանիքը, բանակում ծառայած լինելու փաստը եւ այլն:

Հիշեցնեմ, որ նույն այդ ժամանակ ՀՀ-ի ու ԱՀ-ի սահմաններին երկու շաբաթը մեկ թշնամին իրականացնում է հերթական ռազմական զորավարժությունը, ամեն անգամ ընտրելով այնպիսի ռելիեֆ, որը հատուկ է Հայաստանի Հանրապետությանը ու Արցախին: Այսպիսով հստակ կերպով մեսիջ ուղարկելով ու այդպիսով փորձելով ճնշում գործադրել հայկական կողմի վրա, բանակցություններում որոշակի առավելություն ստանալու ակնկալիքով:

Հիշեցնենք, որ նախկինում Ադրբեջանը չէր փորձի նման «լեզվով» խոսել Հայաստանի հետ, սակայն ներկայումս, տեսնելով հասարակության պառակտվածությունը, փորձում է դա օգտագործել իր դիրքերի ամրապնդման ու զորքերի մարտունակությունը բարձրացնելու համար: Վտանգը մեր դռների հետեւում է, սա այն ճշմարտությունն է, որ պետք է այսօր հասկանալ ու փորձել ազգովին միավորվել: Մեր միասնությունը արդեն իսկ պատճառ կարող է լինել, որ թշնամին մեկ անգամ եւս մտածիՙ արդյո՞ք արժե սկսել ռազմական արկածախնդրություն մեր սահմաններին, թե ոչ:

Տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը փոխվում է, ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտվում ամեն վայրկյան: Այս ամենին հնարավոր է դիմակայել ոչ միայն միասնությամբ, այլեւ հայկական զինված ուժերը ռազմական կառավարման նոր մակարդակների բարձրացնելու շնորհիվ:

Հնարավոր ռազմական բախման դեպքում առավելությունը նրանն է լինելու, ով կկարողանա թվային արդի լուծումները ճիշտ ու գրագետ ձեւով օգտագործել: Դասական աշխարհաքաղաքական լուծումները, մոտեցումներն ու վերլուծությունները այլեւս օրակարգային չեն: Ներկա աշխարհում նույնիսկ մանր պետությունները ռազմաքաղաքական փոփոխություններ իրականացնելու գայթակղություն ունեն: Հետեւաբար ասել, թե միայն մեծ պետություններն են որոշում աշխարհի բախտը, այլեւս ակտուալ չէ: Հարավային Կովկասի պարագայում սահմանային մի փոքր արկածախնդրությունը կարող է ռազմաքաղաքական լայնատարած ու նոր իրողության սկիզբ հանդիսանալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ