RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-07-11 22:12:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2923, Տպվել է` 250, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՌԱՑՎԱԾ 408-ՐԴ ԴԻՎԻԶԻԱՆ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանը, ինչպես ծանոթ է «Ազգ»ի ընթերցողներին, ապրում եւ աշխատում է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում: Արդեն երկար տարիներ նա հայ-ռուսական բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ջատագովն է, նրա հասարակական ու բարեգործական գործունեությունը լայնորեն հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում :

Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, խաչքարերը: Իսկ թե այդ պատմական ժամանակահատվածը ի՞նչ կարեւորություն ունի նրա համար` Հրաչյա Պողոսյանը տալիս է հետեւյալ մեկնաբանությունը. «Իմ երկու պապերից մեկը Հայրենական մեծ պատերազմում զոհվել է, իսկ մյուսը` ծանր վիրավորվել: Ես իմ մայրական տատիկին ժպտալուց չեմ տեսել եւ հասուն տարիքում հասկացա, թե ինչու էր նա այդպիսին: Պապս գնացել էր պատերազմ եւ չէր վերադարձել: Տատիկիս հաջողվել էր իր բոլոր երեխաներին պահել, մեծացնել, դաստիարակել, կրթության տալ, ինչը հեշտ չէր միայնակ կնոջ համար... Հայրենական մեծ պատերազմը, որը իրավամբ համարվում է մարդկության պատմության մեծագույն աղետը, շուրջ 60 միլիոն մարդու կյանք խլեց, այդ պատերազմին ընդհանուր առմամբ մասնակցել է 600 հազար հայ զինվոր, որից 300 հազարըՙ ՀԽՍՀ-ից, 200 հազարըՙ ԽՍՀՄ այլ հանրապետություններից, 100 հազարըՙ սփյուռքից: Հայ մարտիկներից ավելի քան 200 հազարը քաջի մահով ընկան մարտի դաշտում, եւ մեր սուրբ պարտքն է աչքի լույսի պես պահպանել եւ սերունդներին փոխանցել մեր պապերի հերոսական սխրանքների մասին պատմող վկայություններն ու հիշողությունները» :

Իսկ այն իրողությունը, որ Հրաչյա Պողոսյանը խոսքի եւ գործի մարդ է, հերթական անգամ վկայում է ներկայացվող պատմությունը :

Հայրենական մեծ պատերազմի տարեգրության մեջ իր անուրանալի սխրանքներն արձանագրած 408-րդ հայկական հրաձգային դիվիզիայի անունն այսօր գրեթե մոռացության է մատնված: Դիվիզիան կազմավորվել է 1941 թվականի օգոստոսին, Երեւանում, եւ անցել մարտական հերոսական ուղի: Դիվիզիայի կազմում ընգրկված էին հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ, ադրբեջանցիներ, թաթարներ, հրեաներ, օսեր եւ այլ ազգությունների մարտիկներ: Ռազմաճակատի Նովոռոսիյսկ-Տուապսե հատվածում կռվելով հակառակորդի դեմՙ փառապանծ 408-րդ դիվիզիան մեծ զոհերի գնով փակել է գերմանացիների մուտքը դեպի Անդրկոկվաս: Դիվիզիայի պատմությանը քաջատեղակ մի շարք պատմաբաններ եւ մարտիկների բազմաթիվ հետնորդներ վերջին տարիներին փորձեր են անում մաքրելու տարիների մոռացության փոշին եւ սերունդներին փոխանցելու հերոսական տարեգրության մասին հիշողությունը:

2014 թվականի գարնանը պետերբուգաբնակ բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանի անվամբ նամակ ստացվեց Ռուսաստանի որոնողական ջոկատների Կուբանի մարզային ասոցիացիայի Տուապսեի ստորաբաժանման ղեկավար Սերգեյ Չելպանովից: Նամակում վերջինս պատմելով 408-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հերոսական ուղու եւ ողբերգական ճակատագրի մասին, նշում էր, որ դիվիզիայի մարտիկների գերակշիռ մասը զոհվել է Տուապսե քաղաքի պաշտպանության համար մղված մարտերում եւ իմանալով Հրաչյա Պողոսյանի բարեգործական լայնածավալ գործունեության մասինՙ բարերարին խնդրում եւ առաջարկում էր հավերժացնել հերոսների հիշատակը եւ վճռորոշ ճակատամարտի վայրումՙ Տուապսեի շրջանի Գոյտխ ավանում, տեղադրել հուշաքարՙ Հայաստանի Հանրապետության անունից:

Այս պատմությունը չէր կարող անտարբեր թողնել Հրաչյա Պողոսյանին, որն առանձնակի վերաբերմունք ունի հոգեւոր արժեքների եւ հոգեւոր խորհրդանիշների հանդեպ: Նրա բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, նաեւ` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերը: Պողոսյանի ջանքերով ստեղծվել են մշակույթի, հոգեւոր եւ պատմական նշանակության 100-ից ավելի կառույցներ ու հուշակոթողներ: Դրանցից 29 հուշարձան նվիրված է Հայրենական մեծ պատերազմին, 8-ը` Հայոց ցեղասպանությանը, որոնք տեղադրված են տարբեր քաղաքներում: Նրա մեկենասությամբ տպագրվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, ինչպես նաեւ տարբեր թեմաներով վավերագրական ֆիլմեր: Հրապարակված գրքերից առանձնահատուկ է Սանկտ-Պետերբուրգիՙ ծագումով հայ մարշալների, ծովակալների, գեներալների մասին ծավալուն ժողովածուն: Այն կենսագրական տեղեկատու է, որը ներկայացնում է պետերբուրգցի ծագումով հայ 150-ից ավելի ռազմական գործիչներին: Եվ ահա Սերգեյ Չելպանովի նամակում նշված փաստերի մեջ հավաստիանալու եւ խնդրանքը բավարարելու համար աջակցություն ստանալու նպատակով Հրաչյա Պողոսյանը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Մուրազ Սարգսյանին եւ նամակ է հղել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին:

2016 թ. մարտին պաշտոնական արձագանք է ստացել Իվան Վոլինկինից, որին կցված էին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի կողմից տրամադրված 408-րդ հրաձգային ստորաբաժանման արխիվային փաստաթղթերի պատճենները:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականն աջակցություն են հայտնել 408-րդ հրաձգային դիվիզիայի զինվորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի կառուցման նախագծին:

Նախագիծը կյանքի կոչելու նպատակով 2017 թ.-ին Հրաչյա Պողոսյանի անվամբ ստեղծվել եւ բացվել է բարեգործական հիմնադրամ, սակայն ամիսներ անց Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով այդ նախաձեռնության իրականացումը դադարեցվել է:

Եկող տարի նախկին Խորհրդային Միության երկրները նշելու են Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը: Իրավամբ մեծ տոն, որի նախօրեին, կարծում ենք, ճիշտ կլիներ վերականգնել նշված ծրագրի իրականացումը եւ կանգնեցնել խաչքար-հուշարձան Տուապսեի շրջանի Գոյտխ ավանում:

Ըստ Հրաչյա Պողոսյանի, նման ծրագրերը, որոնք մարմնավորում են տարբեր ազգերի եւ տարբեր պետությունների, պետք է հաստատվեն եւ աջակցություն ստանան պետական մակարդակով: Այդ նպատակով պաշտոնական նամակներ են ուղարկվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: Կողմերի դրական պատասխանի դեպքում Հրաչյա Պողոսյանի բարեգործական հիմնադրամը պատրաստ է ստանձնելու խաչքար-հուշարձանի պատրաստման, առաքման եւ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի Գոյտխ ավանում տեղադրելու բոլոր աշխատանքները:

Տեղեկանք

408-րդ հայկական հրաձգային դիվիզիան կազմավորվել է 1941 թվականի օգոստոսինՙ Երեւանում: Հրատարակում էր «Հանուն հայրենիքի» հայերեն թերթը: 1942 թվականի մարտ-սեպտեմբերին գտնվում էր հայ-թուրքական սահմանում: 1942 թվականի սեպտեմբերի 15-ին 408-րդ դիվիզիան ժամանեց Նովոռոսիյսկի պաշտպանական շրջանը եւ դիրքեր գրավեց Ցեմեսյան ու Ռիբացկի ծովախորշերում, Կաբարդինկա տեղամասում: Ծովից Գելենջիկը գրավելու անհաջող փորձերից հետո թշնամին գրոհեց Աբինսկի բնակավայրի կողմիցՙ անտառների եւ լեռների միջով: Կանգնեցնելով թշնամու գրոհըՙ սեպտեմբերի 25-ին դիվիզիան անցավ հակահարձակման եւ ազատագրեց Երիվանսկի, Չումատովո եւ այլ բնակավայրեր: 1942 թվականի հոկտեմբերին փոխադրվեց Տուապսե եւ մարտերի մեջ մտավ Պշիշ գետի հովտումՙ Ալթուբինալ, Պերեվալնի, Պելիկո եւ Գոյտխ բնակավայրերի շրջանում: Հոկտեմբերի 14-ին թշնամին ճեղքեց խորհրդային զորքերի պաշտպանությունը, 408-րդ դիվիզիան կտրվեց թիկունքից, բայց հոկտեմբերի 21-ին կանգնեցրեց թշնամու կատաղի գրոհը եւ տասնօրյա կատաղի մարտերով ճեղքեց հակառակորդի օղակն ու դուրս եկավ շրջափակումից: Դիվիզիայի 15 մարտիկներ պարգեւատրվեցին շքանշաններով ու մեդալներով: 1942 թվականի հոկտեմբերի 25-ին 408-րդ դիվիզիան դուրս բերվեց առաջավոր գծից, իսկ նոյեմբերին վերակազմվեց 7-րդ հետեւակային բրիգադի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ