RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



ՀԱՐԵՎԱՆ

Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1995, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ԵՂԲԱՅՐ ՎՐԱՑԻ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

«Վրաստանում շարունակվում է թուրքական նվաճողականությունը: Վրացիների իսլամացումը սարերի ետեւում չէ»: Թվում է ռուսական մամուլում նման վերտառությամբ հրապարակված հոդվածի հեղինակը պիտի որ չարախնդացող ռուս լիներ, հատկապես բորբոքված վրաց-ռուսական սահմանի մոտ նորերս վրացիների կողմից հրահրված խռովությունների կապակցությամբ: Բայց ոչ, հոդվածագիրը վրացի հրապարակախոս էՙ խորապես մտահոգված իր հայրենի երկրի թրքացման-ազերացման-մուսուլմանացման ծավալուն գործընթացներով:

Առհասարակ ռուսաստանյան լրատվամիջոցներում վերջին ժամանակներս Վրաստանին նվիրված նյութերում շեշտադրված է Թուրքիայի նվաճողական ակտիվ քաղաքականությունը ինչպես «պատմական» Աջարիայում, այնպես էլ ազերաբնակ տարածաշրջաններում, երկրի խոշորագույն քաղաքներում: Եվ ինչպես ասվեց, փաստերն ու Վրաստանի իսլամացման անողոք իրողությունները բերում են հենց վրացի քաղաքագետներն ու վերլուծաբանները: Թշնամական ռուսական մամուլում:

Արդարեւ, ապշում ես, ծանոթանալով այդ հրապարակումներին: Ստացվում է, որ վրացիներն այնքան են համակվել հակառուսական տրամադրություններով, որ քթի տակ չեն տեսնում կամ չտեսնելու են տալիս թուրքական վրաստանանվաճ անթաքույց նկրտումները: Եվ շատ բան ամփոփված է Էրդողանի նշանավոր հայտարարության մեջ. «Մեր շահերի ոլորտի մեջ մտնում են Իրաքը, Սիրիան, Լիբիան, Ղրիմը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Բոսնիան եւ ուրիշ եղբայրական տարածաշրջաններ: Բազում պատմաբաններ այն կարծիքին են, որ Թուրքիայի սահմանները պիտի ընդգրկեն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Կիրկուկը, Բաթումը, Սալոնիկը, Վառնան, Արեւմտյան Թրակիան եւ Էգեյան ծովի կղզիները»: Հատկապես Բաթումի նկատմամբ Թուրքիայի ներկայիս ղեկավարի «զգայուն» վերաբերմունքը բացատրվում է նաեւ նրանով, որ նա իր արմատներով, իբր, աջար է:

Եվ ամեն ինչ սկսվում է այն բանից, որ Անկարան Վրաստանում ու առաջին հերթին Աջարիայում մոտ կես միլիարդ դոլարի ներդրում է կատարել: Եվ եթե Ռուսաստանը գործեց անսեթեւեթ ու օգտագործելով վրացիների հակառուսական գործողությունները, զենքի ուժով խլեց տարածքներ, ապա տափուկ Թուրքիան կիրառում է «փափուկ ուժը», ձգտում է իր նվաճողականությունն իրականացնել աննկատորեն, աստիճանաբար, քայլ առ քայլ, չծրագրելով ներդրված միջոցների շուտափույթ հատուցում: Սակայն ինքնին հասկանալի է, որ նպատակը նույնն էՙ տարածքներ կորզել Վրաստանից, ու առաջին թիրախը Աջարիան է: Տնտեսականին զուգահեռ նենգաբարո Թուրքիան իր ազդեցությունը հետեւողականորեն տարածում է նաեւ կրոնական, կրթական, գաղափարական բաղկացուցիչների միջոցով: Վրաստանում արդեն այսօր գործում են բազմաթիվ թուրքական ու թուրքամետ հասարակական, հումանիտար, «միջազգային» կազմակերպություններ, որոնք բոլորն էլ գտնվում են թուրքական հետախուզության վերահսկողության ներքո: Ընդ որում, այս ասպարեզում շոշափելի է Ադրբեջանի ակտիվությունը, նրա բազմակողմ աջակցությունը ադրբեջանական համայնքի վրացամերժ գործողություններին: Բանը հասել է նրան, որ Վրաստանում ապրող ազերիները իրենց տարածքն արդեն համարում են «պատմական»ՙ իրենց պատկանող:

Վրացի մեկնաբանները հատուկ ուշադրություն են հրավիրում նաեւ իրենց հայրենիքում սնկի պես աճող ու ակտիվորեն գործող մզկիթների ու մեդրեսեների, տարբեր անուններով գործող կրոնական «ուսումնական» հաստատությունների վրա, որոնց լավագույն սաները պարտադիր կատարելագործվում են Թուրքիայում: Կարեւորվում է, որ Վրաստանում իսլամի տարածման գործին որպես ֆինանսական աղբյուր լծված են նաեւ այդ երկրում աշխատող թուրք բիզնեսմենները: Տարբեր հրատարակություններ կրոնական քարոզչություն են իրականացնում հատկապես երիտասարդության շրջանում:

Եվս մի հատկանշական պարագաՙ հատուկ ընդգծվում է Վրաստանում Թուրքիայի դեսպանության անսքող դերը Վրաստանի «թրքացման ու իսլամացման» գործում: Բերվում են կոնկրետ դիվանագետների, նրանց ուղղորդմամբ գործող հասարակական ու կրոնական գործիչների անուններ, որոնց «աղանդը» շոշափելի է թուրքական բազմակողմ ազդեցության ուժեղացման մեջ:

Թեմային նվիրված հրապարակումներում խոր դժգոհություն է հայտնվում Վրաստանի ղեկավարության պասիվ դիրքորոշումից, որն ասես ընդամենը հայտնվել է դիտորդի դերում: Թուրքերը վարպետորեն օգտագործում են նաեւ Վրաստանը համակած ներքին խոր ճգնաժամը իրենց նվաճողական քաղաքականությունից ուշադրությունը շեղելու համար: Առանձնակի հույսեր չի ներշնչում նաեւ Վրաստանի նոր կառավարությունը ուժային Գեորգի Գախարիայի գլխավորությամբ: Ռուսատյացությունն այնքան է թափանցել վրաց հասարակության մեջ, որ վրաց-ռուսական հարաբերությունների նորմալացման խնդիրը վերածվել է ազգադավ մտայնության, խոցելի նույնիսկ թուրքական նվաճողականության կործանարարությունը ահազանգող անձանց համար: «Վրաստանի մուսուլմանական հատվածը կազմում է երկրի ողջ բնակչության ավելի քան տասը տոկոսը, եւ այդ թիվը շեշտակիորեն աճում է: Վրացիների իսլամացման եւ թրքացման միտումները չեն կարող տագնապ չառաջացնել: Սակայն երկրի զարգացման ուղենիշների արմատական փոփոխություններ նկատելի չեն»: Սա մեր հետեւությունը չէ:

Թե ինչ է թուրքը, հայերիս պետք չէ բացատրել: Ցավալի է, որ Վրաստանում ատելության իմաստով ռուսն է փոխարինում թուրքին: Սակայն եթե Հայաստանում հիանալի են գիտակցում, թե մեր երկրի համար ինչքան աղետալի կլինի եղբայր հարեւանի ազգակրոնափոխման նենգ ծրագրի նույնիսկ մասնակի իրագործումը, ապա կասկածում ես, թե ինչքան անաչառ են վրացիները իրենց երկրի գոյատեւման պայքարում Հայաստանի դերի կարեւորման հարցում: Մուսուլմանական աքցանի մեջ հայտնված մեր երկու քրիստոնեական անկլավները պիտի թիկունք ծառայեն միմյանց օր-օրի անհասկանալի դարձող համաշխարհային զարգացումների պայմաններում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ