RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



ՇԻՐԱԿ

Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1519, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐՁՐԱՇԵՆ. ՎԵՐՋԻՆ ՃԻԳԸ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Լուսանկարչական ցուցահանդեսըՙ հայաստանյան մի գյուղի փրկության կոչ

Անվանի լուսանկարիչ Գերման Ավագյանը Շիրակի մարզի Բարձրաշեն գյուղն ու նրա մարդկանց լուսանկարում է արդեն 17 տարիՙ սկսած 2002 թվականից: Այն ժամանակ մի անգամ պատահական առիթ ունենալով ծանոթանալու բնակավայրին ու նրա խնդիրներին, ֆոտոլրագրողը պարբերաբար վերադարձել է եւ աշխատել լուսանկարի լեզվով ուշադրություն հրավիրել ու նպաստել դրանց լուծմանը:

Սեպտեմբերի 4-ին Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացված մեկշաբաթյա հատուկ ցուցահանդեսը այսօր արդեն իսպառ վերանալու շեմին կանգնած գյուղի փրկության կոչ էՙ ուղղված իշխանություններին:

Նախկին Անիի շրջանի տարածքում գտնվող Բարձրաշենի խնդիրները (այդ անունով գյուղ կա նաւ Արարատի մարզում) սկսվել են դեռ խորհրդային շրջանում: Մարալիկ քաղաքի եւ Իսահակյան գյուղի միջեւ: Այս վերջինից 3,5-4 կմ հեռավորությամբ գտնվող Բարձրաշենը 1981 թվականին չգիտես ինչու լուծարվել է եւ կցվել Իսահակյան բնակավայրին, բնակիչները վերաբնակեցվել են: Բայց 90-ականների դժվարին տարիներին մոտ չորս տասնյակ ընտանիք վերադարձել է, տեր կանգնել պապենական օջախներին, ծուխ ծխեցրել, տնտեսություն վարել: Հետագայում այդ թիվը նույնիսկ ավելացել է, բայց պայմանների բացակայությունը հետզհետե իրենն արել է: Այսօր հազիվ մեկ տասնյակ ընտանիք է դեռ դիմանում այնտեղ, բայց չգիտես մինչեւ երբ: Մանկապարտեզ, դպրոց չկա, իսկ ամենադժվարըՙ ջուր չկա: Այս վերջինը, լուսանկարչի հավաստմամբ, մի 5-6 կիլոմետր խողովակաշարի խնդիր է:

Գյուղը հին պատմություն ունի, պահպանվել են Սբ. Աստվածածին եկեղեցին (VII դար) եւ Պողոս-Պետրոս մենաստանը (X-XIII դդ.)ՙ կից գերեզմանոցով:

Նկարների այս ցուցահանդեսում ներկայացված, Բարձրաշենի դեռ տրոփուն կյանքը պատկերող 60 գործերի մեծ մասը Գերման Ավագյանինն են, ձեռնարկին միացել ու նույն թեմայով իրենց գործերն են տրամադրել նրա բարեկամներ Ուինսլոու Մարտինը ԱՄՆ-ից եւ Վլադիմիր Դուբրովսկին ՙ Ռուսաստանից:

Հրավերին արձագանքել էր եւ ցուցահանդեսի բացմանը ներկա եղավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը , որը ողջունելով լուսանկարչի նախաձեռնությունն ու ջանքերը, խոստացավ մասնագետնրի հետ գնալ եւ խնդիրը տեղում առավել մանրամասն ուսումնասիրել:

Նկար 1. Գերման Ավագյանի ցուցահանդեսը 2016 թ.-ին` Ասլամազյան քույրերի պատկերասրահում

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ