RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019



ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2019-11-15 19:56:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 3925, Տպվել է` 155, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու

Գիտությունը հիմնարար նշանակություն ունի պետության զարգացման, դրա կայացման եւ ապագայի տեսլականի միտումները հասկանալու համար: Պետությունը, որը ուշադրություն չի դարձնում գիտության վրա, նման է ոչ լիարժեք պետական ինչ-որ կազմավորման, որը որպես կանոն գտնվում է այս կամ այն կայսրության վերահսկողության ներքո:

Այսինքն կիսագաղութային կազմավորումներն են, որ անուշադրության են մատնում գիտությունը, քանի որ չունեն համապատասխան մշակույթ, ավանդույթ, եւ որ ավելի կարեւորն էՙ չեն հասկանում գիտության ֆինանսավորման իմաստը: Անկեղծ լիենենք, աշխարհում կան շատ պետություններ, որոնք գոյատեւում են առանց գիտության եւ կարծես թե դրանց ոչինչ չի պատահում ու դեռ կան:

Սակայն ցավալի իրականությունը այն է, որ առանց գիտության գոյատեւող պետությունները չունեն ապագա, չեն կարող ստեղծել զարգացման սեփական ռազմավարությունը եւ վերլուծական միտքը: Այսինքն մենք ականատեսն ենք առանց ուղեղի պետական կազմավորումների գոյությանը, որոնց նույնիսկ պետություն չենք կարող անվանել, քանի որ դրանց ապագան ամբողջովին կախված է նրանց հանդեպ այլ երկրների մտավոր «բարյացակամությունից»:

«Ազգ» օրաթերթի 22-րդ համարում, «Գիտության դերը պետությունների զարգացման հիմնախնդիրներում եվ դրա արդի միտումները» (09-06-2017) հոդվածում առիթ եղել է անդրադառնալու այս թեմային, նշելով, որ ժամանակակից աշխարհում պետության զարգացման դինամիկան ուղիղ համեմատական է այդ երկրում գիտությանը տրված ֆինանսավորումից: Խոսքը առաջին հերթին հենց պետության կողմից հատկացվող ֆինանսական հատկացումներին է վերաբերում, քանի որ այդ միջոցները առաջին հերթին տրվում են հենց հիմնարար գիտությանը, այլ ոչ կիրառական:

Հոդվածում բերված աղյուսակները հստակ կերպով ցույց են տալիս, որ ֆինանսավորման ամենաբարձր ցուցանիշը ունեցող պետություններըՙ Հարավային Կորեան, Իսրայելը, Չինաստանը, որտեղ գիտությանն է տրամադրվում ՀՆԱ-ի մոտ 3,8-4%-ը, այսօր աշխարհի ամենաարագ զարգացող պետություններն են: Հետեւաբար պետության զարգացման հիմքում հենց գիտությունն է, որը նաեւ պետության ինքնիշխանության կարեւորագույն պայմաններից մեկն է:

Այսինքն, նորանկախ պետություններում ոչնչացնելով գիտությունըՙ մեծ տերությունները նպաստում են այդ երկրներում ինքնիշխանության կործանմանը եւ նրանց գիտական, տեխնիկական ու մտավոր կախվածության խորացմանը այլ պետություններից: ԽՍՀՄ-ի քայքայումից հետո նույն իրավիճակը ստեղծվեց նաեւ ՀՀ-ում, որտեղ սիտեմատիկաբար սկսվեց ոչնչացվել գիտությունը եւ նույնիսկ հարցականի տակ դրվեց Գիտությունների ազգային ակադեմիայի գոյությունը:

Իրավիճակը մի փոքր կարգավորվեց 2000-ականների սկզբին, երբ օրենք ընդունվեց («Գիտական եվ գիտատեխնիկական գործունեության մաuին») գիտության ֆինանսավորման մասին, որի նպատակն էր կասեցնել գիտության վերջնական կործանումը: Օրենքով նախատեսվում էր, որ գիտության ֆինանսավորումը ամեն տարի պետք է ավելացվի պետական բյուջեի նախորդ տարվա եկամտի աճին համապատասխան:

Օրենքի այս պահանջը, որոշակի շեղումներով, ամեն տարի իրականացվել է, եւ չնայած ֆինանսավորման ցածր տոկոսադրույքիՙ ՀՆԱ-ի մոտ 0,24-0,25%-ի, այն պահպանվում էր, ինչը հնարավորություն էր տալիս եթե ոչ զարգացնել, գոնե պահպանել այն, ինչը ունեինք: Հանուն ճշմարտության սակայն շեշտենք, որ պահպանման այս «քաղաքականությունը» իր մեջ գիտությունը կամաց-կամաց «մաշելու» տարրեր էր պարունակում:

Գիտությունը հնարավոր չէ պահպանել, այն կարելի է միմիայն զարգացնել, երբ այն դադարում է զարգանալ, սկսվում է գիտության լճացման-ոչնչացման ժամանակաշրջանը, իսկ դրա համար հարկավոր է, որ պետությունը իր վրա վերցնի գիտության, հատկապես խոսքը հիմնարար գիտության մասին է, ֆինանսավորումը: Չնայած ֆինանսավորման ցածր մակարդակի, պետք է շեշտել, որ այնուամենայնիվ հայ գիտության արդյունավետությունը միշտ էլ բարձր է եղել համեմատած հարեւան պետությունների:

ՀՀ-ում տեղի ունեցած այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» հետո գիտության իրավիճակը էլ ավելի բարդացավ: Ներկա իշխանությունները չունեն ՀՀ-ում գիտության զարգացման հստակ տեսլական, իսկ այն քայլերը, որոնք կատարվում են, միայն մտահոգիչ են:

Մասնավորապես մեկը մյուսի հետեւից դադարեցվեցին ուղեղային կենտրոնների (Think Tank) ֆինանսավորումը, կասեցվեց ոչ միայն «Նորավանք» հիմնադրամի գործունեությունը, այլեւ Ռազմավարական հետազոտությունների եւ նորարարության կենտրոնը: Եթե առաջինը ֆինանսավորվում էր պետության կողմից, ապա երկրորդի հովանավորը գործարար Ռուբեն Վարդանյանն էր:

Ուղեղային կենտրոնների կասեցումից հետո սկսվեցին տարբեր տիպի մշակումներ, որոնք իրականացվում են ԿԳՍՄ-ի ներսում, Գիտություների ազգային ակադեմիայի լուծարման, մասնավորապես առաջարկվում է վերջինիս համակարգում գործող ինստիտուտների միացումը տարբեր համալսարանների հետ: Սա նշանակում է, որ այս ծրագրերի իրականացման հարցում մենք գնում են Վրաստանի ճանապարհով, որը լուծարեց իր Ազգային ակադեմիան եւ հետո միայն հասկանալով կատարած սխալը, փորձում է այն վերականգնել:

ՀՀ-ում սկսված գիտության եւ կրթության «բարեփոխումների» կիզակետում չգիտես ինչու հայտնվել են հենց հայագիտական առարկաներըՙ Հայոց պատմություն, լեզու, եկեղեցու պատմություն եւ այլն: Ընդհանրապես 2020թ. բյուջեում գիտությանըՙ տրամադրվելիք գումարը կազմում է մոտ 13 մլրդ դրամ գումար, ինչը համապատասխանում է 2016թ ցուցանիշին:

Այսինքն, չնայած հնչեցվող տնտեսական աճի մասին հայտարարություններին, գիտությանը հատկացվելիք գումարները չեն ավելանում, ինչը նաեւ գիտության մասին գործող օրենքի խախտում է: Գործ ունենք մի կառավարության հետ, որը, ինչպես նշեցի, ոչ միայն չունի գիտության զարգացման ռազմավարություն, այլեւ իր քայլերով նպաստում է նույն այդ գիտության թուլացմանը եւ ոչնչացմանը: Այս քաղաքականությունը պետք է կասեցվի եւ դրա գնահատականը պետք է հնչի հնարավորինս բարձրաձայն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ