RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2019-11-15 19:56:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2924, Տպվել է` 155, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԵՍԱՆԵԼԻ ԵՎ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԳՈՐԾՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԽԹԱՆԵՑԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Վերջապես, ԱՄՆ-ի կառավարության բարձրագույն օրենսդրական մարմնիՙ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեների ջախջախիչ մեծամասնությամբ (405-11) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող HR 296 բանաձեւը: Ավելի քան 35 տագնապալի տարիներ հայերիս հույսերը կախված էին Ամերիկայի եւ Թուրքիայի միջեւ անկայուն քաղաքական հարաբերություններից: Վերջինիս շարունակական սպառնալիքներն ու պարծենկոտ նկրտումները, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների երկարամյա անվճռականությունը հող նախապատրաստեցին ճանաչման համար եւ այն դարձրին ավելի գնահատելի:

Բանաձեւի ընդունման նշանակությունը կարեւորվում է մասնավորապես իր համապարփակ բովանդակությամբ: Այն ի մի է բերում նախկին բոլոր օրենսդրական եւ հիշատակման որոշումներըՙ ներառյալ կառավարության 1951 թվի մայիսի 28-ի որոշումըՙ ուղղված արդարադատության միջազգային դատարանին, նախագահ Ռեյգանի 4838 հայտարարությունը, 1975 թվի ապրիլի 8-ի Ներկայացուցիչների պալատի թիվ 148 համատեղ բանաձեւը, ինչպես նաեւ այն փաստը, որ հիսուն նահանգներից 49-ը, աշխարհի երկրներից 30-ը եւ Եվրոմիությունը արդեն իսկ ընդունել են եւ ճանաչել ցեղասպանությունը: Այս բոլորը ընդարձակում են կատարվածի քաղաքական եւ օրինական սահմանները եւ հասցնում այն համաշխարհային մակարդակի:

Չափազանց ազդեցիկ էր նաեւ տեսնել, թե ինչպես էին մեկը մյուսի ետեւից պատգամավորները վկայություն տալիս եւ փաստարկում հօգուտ բանաձեւի ընդունման, մեջբերելով դեսպան Հենրի Մորգենթաուի եւ հյուպատոս Լեսլի Դեյվիսի («Սպանդի նահանգը» գրքի հեղինակ) խոսքերը, երբեմն նաեւ հուզական հնչերանգներով:

Քաղաքական վերլուծաբաններն ու ժողովրդական զանգվածները փորձում են հասկանալ, թե ինչո՞ւ 35 տարի առկախ մնացած բանաձեւն, այնուամենայնիվ, ընդունվեց հիմա, այս ժամանակահատվածում: Բացատրություններից մեկն այն է, որ երկնքի աստղերը աննախադեպ համամտություն էին դրսեւորել դրական արդյունքի հասնելու համար: Այդ աստղերն, անշուշտ, քաղաքական այն գործոններն են, որոնք գրեթե միշտ հակասական դիրքերում են եղել Կոնգրեսի իրենց բարեկամներին եւ հակառակորդներին համոզելու, որ «առայժմ ժամանակը չի ընդունելու նման որոշում, որպեսզի չնեղացնենք մեր դաշնակից Թուրքիային»:

Բայց Ադամ Շիֆն իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը միշտ էլ ճիշտ է: Անցյալում շատ անգամներ բանաձեւը շատ մոտ է եղել ընդունվելու, բայց մի անգամ պալատի խոսնակ Նենսի Պելոսին է այն հետաձգել, մեկ ուրիշ անգամ Սպիտակ տունն է (Բիլ Քլինթոնի օրոք) միջամտել հանրապետական խոսնակ Դենիս Հաստերտի գործերին: Եվ չնայած Քլինթոնն ու Հաստերտը հակադիր կարծիքներ են ունեցել գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ, Հայոց ցեղասպանության բանաձեւը օրակարգ չբերելու հարցում նրանք համակարծիք են եղել: Հետագայում Հաստերտը դիմակազերծվեց եւ պարզվեց, որ կոռումպացված է եւ անունը թուրքական վճարացուցակներում է ընդգրկված:

ՄԱԿ-ում նախագահ Օբամայի կարգադրությամբ դեսպան նշանակված Սամանթա Փաուերը նույնպես կապ ունի այս պատմության հետ: Որպես մարդասեր, նա հայկական համայնքին սիրաշահել էր հրատարակելով իր «Խնդիրըՙ դժոխքից: Ամերիկան եւ Ցեղասպանության դարը» ցնցող գիրքը Հոլոքոսթի, Հայոց եւ Կամբոջական ցեղասպանությունների մասին: Այդ գիրքը ճանապարհ հարթեց, որ նա մուտք գործի Սպիտակ տուն, հակառակ, որ որպես մրցակից ուներ մեկ այլ ուժեղ կինՙ հանձին Հիլարի Քլինթոնի: Փաուերը նամակով հավաստիացրել էր հայկական համայնքին, որ նախագահ ընտրվելու դեպքում Բարաք Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչը իհարկե սոււտ դուրս եկավ:

Նա ուշացումով փորձում է արդարանալ հիմա, «Նյու Յորք Թայմսի» էջերում 2019-ի հոկտեմբերի 29-ին կարծիք հայտնելով. «Ես գրել եմ Հայոց ցեղասպանության մասին եւ պաշտպանել դրա ճանաչումը, նույնիսկ (թեեւ անհաջող), երբ ես Օբամայի վարչակազմի անդամ էի: Ես ամերիկահայերի հետ եմ եղել հիշատակի բազմաթիվ միջոցառումների ժամանակ»:

Հաշվի առնելով ռեալպոլիտիկի մաքիավելիական բնույթը, հայերս գուցե կարող ենք ներել Փաուերի զանցանքը, չնայած «Ջերուսալեմ փոստ-ի» 2019-ի նոյեմբերի 5-ի համարում հրեա րաբբի Շմուլի Բոտիչը արդեն խստագույնս դատապարտել է նրան իր արարքների համար:

Այո, շատ գործոններ նպաստեցին բանաձեւի ընդունմանը, դրանցից ոմանք բացահայտ են, մյուսներըՙ ոչ այնքան նշմարելի: Անշուշտ, երկու քարոզչական հաստատություններըՙ Ամերիկայի հայ ազգային (Հայ դատի) գրասենյակը եւ Ամերիկայի Հայկական համագումարը անխոնջ պայքար են մղել լուսաբանելու օրենսդիրներին եւ զորակոչելու իրենց ուժերին: Բայց այս կառույցները նախկինում էլ անդուլ աշխատանք են տարել, առանց հաջողության հասնելու: Փաստն այն է, որ քաղաքական այլ զարգացումներ եկան ամրապնդելու նրանց գործունեությունը եւ ապահովելու հաջողությունը: Դրանցից մեկը ամերիկա-թուրքական հարաբերությունների վատթարացումն էր:

Թուրքիայի ներսում իրականացվող բռնությունները ճիշտ է որոշակի վնաս հասցրեցին երկրին, բայց նախագահ Էրդողանի ամբարտավան կեցվածքն ու Սպիտակ տան հասցեին ձեռնոց նետելն էր, որ կացությունը թեժացրեց: Սիրիայի տարածքում «անվտանգության գոտի» ստեղծելու մարմաջով տարված, Անկարան սկսեց կոտորել քրդերին, ներառյալ YPG զորամիավորումների մարտիկներին, որոնք ԱՄՆ-ի զորքերի կողքին քաջաբար կռվելով պարտության էին մատնել ԻՊ-ին: Սա զայրացրեց ամերիկյան հասարակությանը եւ անշուշտ նախագահ Թրամփին, որ սակայն երեխայական պնդումների դիմելով սկսեց անտեսել քրդերի նպաստը: Նա 24 ժամվա ընթացքում մեկ պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ, մեկ էլ չեղյալ հայտարարեց դրանց կիրառումը, բայց քվեարկության օրը Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն զուգահեռ Ներկայացուցիչների պալատը համատեղ որոշմամբ եւ դարձյալ ջախջախիչ մեծամասնությամբ ընդունեց Թուրքիայի դեմ ի՛ր պատժամիջոցները կիրառելու որոշումը:

Նշեցինք, որ որոշակի գործոնների համակցությունն էր նպաստել բանաձեւի ընդունմանը: Սակայն հարկ է ընդգծել, որ յուրաքանչյուր գործոն իր ուրույն զորությունն ուներ: Առաջին հերթին, դա ամերիկա-թրքական հարաբերությունների վատթարացումն էր եւ ՆԱՏՕ-ին շրջանցելով Ռուսաստանից ծանր հրթիռային համակարգ ձեռք բերելու Թուրքիայի մարտահրավերը: Երկրորդ գործոնը թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումն էր:

Նախագահ էրդողանը արբեցած է իշխանությամբ: Ոչ ոք չի կարող դեմ գնալ երկրի ներսում նրա ձեռնարկած բռնություններին, բայց նրա ամբարտավանությունն այն աստիճան է կուրացրել իրեն, որ արտաքին քաղաքականության բնագավառում հատել-անցել է բազմաթիվ կարմիր գծեր:

Հեգնական կարող է թվալ, բայց բանաձեւի ընդունումը փաստորեն Էրդողանի անուղղակի նվերն էրՙ հայերիս ընծայված: Քաղաքականության խրթին իրավիճակները հասկանալու համար, մենք պետք է ավելի խորը զննենք Միջին Արեւելքում տիրող կացությունը:

Նախ նշենք, որ ամերիկյան զորքերի միջոցով Իսրայելը պատժել է տարածաշրջանի բոլոր այն բռնատիրական իշխանություններին, որոնք սպառնալիք են դարձել իր գոյատեւմանը: Լիբիան, Իրաքը, Սիրիան վառ օրինակներ են: Այժմ Իրանն է թիրախակալված: Դրան հակադիր, այսինքն բարեկամ երկրներին պարգեւատրելու քաղաքականությունը նույնպես կարող է գործել:

Թուրքիան մարտահրավեր է նետել Միջին Արեւելքում Իսրայելի գերիշխանությանը: Հակառակվել է Իրաքում Քուրդիստանի անկախությանըՙ պատճառաբանելով Իրաքի տարածքային ամբողջականությունը, կարծես Թուրքիան երբեւէ մտահոգված է եղել որեւէ երկրի տարածքային ամբողջականությամբ: Կիպրոսն ու Սիրիան հակառակը փաստող օրինակներ են:

Մյուս կողմից, վարչապետ Նաթանյահուն միակ երկրի ղեկավարն էր, որ կողմ էր Քուրդիստանի անկախությանը, որովհետեւ լայն գործունեություն էր ծավալել այնտեղ, ինչպես քաղաքական եւ զինվորական, այնպես էլ հետախուզականՙ Իրանի սահմաններին մոտիկ: Մինչդեռ Թուրքիան «մտահոգվում էր», որ անկախ Քուրդիստանը կարող է ոգեւորել եւ դրդել տարածաշրջանի (այդ թվում նաեւ Թուրքիայի 25 միլիոնանոց) քրդերին պայքարելու հանուն անկախության:

Սիրիայի քրդերը պատրաստվում էին ինքնավար անկլավ ստեղծել Սիրիայումՙ Թուրքիայի սահմանի հարեւանությամբ: Այդ պատճառով էլ Էրդողանը, անվտանգության գոտի կառուցելու քողի տակ, հիմնահատակ արեց քրդերի պատմական բնակավայրերը: Մինչ քրդերը դուրս էին մղվում իրենց բնօրրանից, նրանք բարձրաձայնում էին ավելի քան սոսկ խորհրդանշական մի կարգախոսՙ «Կեցցե բարեկամությունը Քուրդիստանի եւ Իսրայելի միջեւ»:

Այսպիսով, Իսրայելը Սիրիայում կորցրեց իր հենակետերից եւս մեկը:

Թուրքիան միաժամանակ պաշտպանում էր պաղեստինցիներին, Գազայումՙ Համասին, Եգիպտոսումՙ մահմեդական եղբայրներին, եւ Լիբիայումՙ իսլամիստներին: Նա նաեւ Քաթար-Սաուդյան Արաբիա սառը հարաբերություններում ընտրել էր պաշտպանել Քաթարին, մինչդեռ Իսրայելը Սաուդյան Արաբիայի կողմն էր բռնել: Ավելին, Թուրքիան իր մարտանավն էր ուղարկել Միջերկրականի արեւելյան հատվածը, խոչընդոտելու համար Իսրայելի, Եգիպտոսի, Լիբանանի եւ Կիպրոսի կողմից նավթի եւ գազի համաձայնեցված հետազոտությունները: Թուրքիայի նպատակն էր իբր պաշտպանել Հյուսիսային Կիպրոսի 1974-ին զավթված տարածքի ենթադրյալ իրավունքները: Պարզ է ուրեմն, թե ինչպես էր թուրք-իսրայելական թեժացող հարաբերությունները ազդում նաեւ Իսրայելի անդրատլանտյան հարաբերությունների վրա: Փաստ է, որ ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Ներկայացուցիչների պալատի օրակարգ էր մտնում, իսրայելական քարոզչական կազմակերպությունները ԱՄՆ-ում, իրենց կառավարության համաձայնությամբ անշուշտ, փորձում էին կանխել ճանաչումը: Թուրքիան միշտ էլ նշել է, որ Թուրքիայում ապրող հրեաներին վտանգ չի սպառնում այնքան ժամանակ, որ նրանք կհետեւեն իրենց կառավարության հետեւած քաղաքականությանը:

Այս անգամ, սակայն, հրեական կազմակերպություններից շատերը պաշտպանեցին հայկական բանաձեւը: Նրանց թվում էին «Հակազրպարտչական լիգան», «Ամերիկա-հրեական ռեսուրսների խորհուրդը» եւ այլն: Նրանք մասնակցեցին հօգուտ ճանաչման քարոզչությանը: Պարզ էր, որ Իսրայելի կառավարությունը կանաչ լույս էր վառել նրանց առաջ: Մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել այս փաստը, որովհետեւ դա ամենահզոր եւ ամենաազդեցիկ գործոնն էր, որ ցրեց Ներկայացուցիչների պալատի բոլոր պատգամավորների տարակուսանքները:

Իսրայելում ճանաչման արձագանքը նույնպես նպաստավոր էր: «The Times of Israel» պարբերականը նշել էր. «Այն բանից հետո, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը միաձայն ճանաչեց Առաջին աշխարհամարտի ժամանակ իրագործված հանցագործությունը, հակադիր կուսակցությունների երկու ականավոր իսրայելցի քաղաքագետներ իրարից անկախ Երուսաղեմին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Ակնարկը Լիկուդ բլոկի նախկին նախարար Գիդեոն Սաարի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման երկարամյա պաշտպան Յաիր Լապիդի մասին է: Վերջինս ասել է. «Ես շարունակելու եմ պայքարել, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Այո, իրականում կան գիտնականներ եւ պետական գործիչներ, որոնք կողմ են, որ Իսրայելը ճանաչի հայերի ողբերգությունը, սակայն Իսրայելի կառավարությունը ցեղասպանության հարցը Դամոկլյան սրի նման կախված է պահում Թուրքիայի գլխավերեւում եւ Քնեսեթի օրակարգում ընդգրկում ամեն անգամ, որ որեւէ զիջում է ակնկալում Թուրքիայից:

Այնպես որ, կառավարությունը հեշտությամբ չի հրաժարվի այդ «պարգեւից», որովհետեւ այն դեռ պիտանի կարող է լինել մեկ այլ առճակատման դեպքում:

Առայժմ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Տեդ Կրուզի հովանավորած «SR 150» բանաձեւը ընդամենը 20 կողմնակից ունի Սենատում: Այնպես որ, դեմոկրատների 18 եւ հանրապետականների 2 քվեները ապահոված բանաձեւը կարծես, այսօրվա դրությամբ, չի վայելում երկկուսակցական պաշտպանություն:

Աշխարհով մեկ սփռված հայերը ցնծությամբ ընդունեցին ճանաչման լուրը: Նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեցին ԱՄՆ -ի Ներկայացուցիչների պալատին, մինչդեռ թուրքական կառավարությունը բարկությամբ արձագանքեց:

Նախագահ Էրդողանի հաղորդակցությունների տնօրեն Ֆահրետտին Ալթունը հայտարարեց, որ «ովքեր կողմ են քվեարկել այդ բանաձեւինՙ պատասխանատու են լինելու կրիտիկական հարաբերությունների վատթարացմանը անհանգիստ մի տարածաշրջանում»:

Թուրքիայի խորհրդարանը նույնպես դատապարտեց որոշումը, մինչ արտգործնախարարության բողոքը սխալմամբ նշել էր մեկ այլՙ հղիության բռնի ընդհատման որոշումը: Էրդողանն ինքն էլ խոսելով իր AK կուսակցության անդամների առաջ ասաց. «Ներկայացուցիչների պալատի որոշումները առնվել են օգտագործելով ամերիկյան հասարակության շրջանում մեր երկրի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքի մթնոլորտում: Որոշ իմաստով, պատգամավորները պատեհապաշտական դիրքորոշում են որդեգրել»:

Ի պատասխան Թուրքիայի արձագանքին, Սամանթա Փաուերը գրառել էր. «Երբ խաբեբաները տեսնեն, որ իրենց կիրառած մեթոդները արդյունավետ են գործում, նրանք է՛լ ավելի են լկտիանում եւ խաբում», եւ եզրակացրել. «Եթե Էրդողանը հանուն Ռուսաստանի եւ Չինաստանի հետ կապերը սերտացնելու, երես թեքի մի հարաբերությունից, որը չափազանց ձեռնտու է եղել Թուրքիայի համար, ապա պատճառը ոչ թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելն է լինելու, այլ իր բռնատիրական եւ ճնշողական գործելակերպը, որ շատ է նմանվում ռուս եւ չինացի ղեկավարների գործելակերպին: Ներկայացուցիչների պալատն արդեն ասել է իր խոսքը: Հերթը Սենատինն է եւ նախագահ Թրամփինը: Մեկ դար առաջ կատարված փաստերը դա են պահանջում»:

Տեսնենք, թե արդյոք այս անգա՞մ էլ աստղերը կհամախմբվեն հօգուտ մեզ:

Թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ