ԴԱՍԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Այս օրերին ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետներում շարունակվում է հայտարարված դասադուլը: «Հայոց լեզու եւ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաներիՙ բուհական ոչ մասնագիտական ֆակուլտետներից դուրս մղելու աշխատանքային նախագծի առաջացրած զայրույթն այսօր արդեն դարձել է հրաժարականի պահանջ եւ օրեցօր նոր ուսանողների է ներգավում: Նոյեմբերի 13-ին, որպես նախազգուշացում, մեկօրյա դասադուլ էին հայտարարել նաեւ հիշյալ ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի 58 անդամներ: Նոյեմբերի 14-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում ուսանողական մեծ հավաք է տեղի ունեցելՙ ուսխորհրդի հրավերով, որին մասնակցել են նաեւ դասադուլ հայտարարած ուսանողները: Հավաքի ընթացքում ուսանողները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին առաջարկել են գալ պետհամալսարան եւ լսել իրենց մտահոգությունները: |