ԵԹԵ ԸՆԴՈՒՆԱԿ ԼԻՆԵՆ... ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող Նայում եմ մեր այսօրվա պետական կառավարման համակարգի ամենաբարձր հարթակներն զբաղեցնող շատ ու շատ երիտասարդների, եւ գալիս եմ մի դառն ու դաժան եզրակացության. նրանք ամեն ինչ ունեն, բացի...իմաստությունից: Իսկ իմաստությունը գալիս է փորձառության հետ: Հենց փորձառության պակասն է, որ մեր որոշ պաշտոնյաների տալիս է ավելորդ ինքնավստահությունՙ կատարելու կատեգորիկ հայտարարություններ, անելու վատ կշռադատված քայլեր: Ամեն ինչ ներելի է, դեռ կսովորեն: Աններելին այսօր ուրիշներին սովորեցնելու անթաքույց ձգտումներն են: Մոտ երեք տասնամյակ առաջ, երբ դեռ Խորհրդային Միությունը չէր փլուզվել, առիթ ունեցա անկեղծ զրուցելու անկախության ճանապարհը բռնած Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի հետ: Այն ժամանակ նոր էր վերադարձել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Մոսկվա կատարած հերթական ուղեւորությունից, ուր մասնակցել էր ամենաբարձր մակարդակի մի խորհրդաժողովի: Պատմում էր այդ խորհրդաժողովից, եւ բավական անկեղծորեն զայրանում էր, որ կարծեմ Բորիս Ելցինի մի խիստ վիճահարույց պնդման առթիվ ձայն խնդրելովՙ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակադեմիական ոճով մի ամբողջ դասախոսություն էր կարդացել, թե ինչո՛ւ չի կարելի այդպես անել, այդպես մտածել: Նկատեցի, որ սեղանի շուրջ նստածները քթների տակ հեգնախառն ժպտում էին,-պատմում էր Հայաստանի առաջին վարչապետը,- ընդմիջմանը փորձեցի բացատրել, թե ա՛յ Լեւոն ջան, էս ո՞ւմ ես ուզում բան սովորեցնել, ի՞նչ իմաստ ունի: Միգուցե մեզ նման երիտասարդներին փորձելու համա՞ր էին այդ թեման արծարծում: Չկարողացա համոզել, մնաց իր կարծիքին: Պարոն Մանուկյանը մեր այս զրույցը հիշում է, թե՞ ոչՙ չեմ կարող ասել: Բայց ես սա հիշելու բազմաթիվ առիթներ եմ ունենում գրեթե ամեն օր, երբ ցավով տեսնում եմ, որ զանազան նորաթուխ պետական պաշտոնյաներ, որոնց շուրթերին, ինչպես ասում են, մոր կաթը դեռ չի չորացել, ամենահավակնոտ կեցվածքով, բացարձակապես վստահ սեփական ճշմարտություններինՙ փորձում են իրենցից շատ ավելի փորձառու, շրջահայաց, տասնամյակներով հազար ու մի բան տեսած հարգարժան մարդկանց ոչ միայն առարկել, այլեւ իրենց չիմացածը... սովորեցնե՛լ: Այդ թվումՙ Վազգեն Մանուկյանին: Բնական, հասկանալի եւ բացատրելի երեւույթ է: Որովհետեւ տգետը միշտ ձգտում է ուրիշներին սովորեցնել այն, ինչ ինքը կա՛մ չգիտի, կա՛մ դրա մասին տեղյակ է դիլետանտի մակարդակով: Միշտ դեմ եմ եղել եւ այսօր առավել քան դեմ եմ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին ֆետիշացնելու, նրանց շուրթերից դուրս թռած ամեն միտք համարյա թե իբրեւ Աստվածաշնչից կատարված մեջբերում տարփողելու մտայնությանը: Նախ, դա կռապաշտություն է, նույնիսկ ամենաբարձր բարոյական հեղինակությունների առաջ այդպես ստրկահաճորեն քծնելը անվայել է ե՛ւ մեր ժողովրդին, ե՛ւ մեր պաշտոնյաներին: Անկեղծորեն արձանագրում եմ, որ նման ստրակամտություն, նման ստրկահաճություն չեմ տեսել ոչ միայն Անկախ Հայաստանի նախորդ իշխանությունների, այլեւ նույնիսկ Խորհրդային Միության մեջ ապրածս տասնամյակների ընթացքում (*): Իսկ թե՛ այն ժամանակ, թե՛ հետխորհրդային երեսուն տարիներին ես միշտ ապրել եմ ամենաակտիվ կյանքով, հնարավորություն եմ ունեցել տեսնելու, զրուցելու, նույնիսկ մտերմանալու բազում ու բազմապիսի երեւելիների հետ: Այդ թվումՙ պետական ամենաբարձր պաշտոնյաների, գիտության, գրականության, մշակույթի անմոռաց, լուսավոր դեմքերի հետ: Կարող էի այստեղ այդպիսի համբուրելի մարդկանց մի անվերջանալի ցուցակ ներկայացնել, բայց վախենամ, թե դա դիտվի որպես իմ ապրած կյանքի ինքնագովազդ: Փոխարենը կուզենայի ձրի մի խորհուրդ ուղղել բոլոր նորերին: Աշխատեք վեր կանգնել մարդկային թուլություններից ու թերություններից: Մի՛ կեղծեք, մի՛ ամբարտավանացեք, մի սարսափեք այլ կարծիքներից: Ամեն տեղ դավադիրներ մի՛ փնտրեք, մի՛ վախեցեք հնարավոր պաշտոնանկություններից, քանզի դեռ այնքա՜ն վերելքներ ու վայրէջքներ կունենաք ձեր ճանապարհին: Եվ համոզված եղեքՙ ո՛վ էլ լինեքՙ այսօր ձեզ է վիճակված մեր պետական նավը առաջ տանելու առաքելությունը: Ուստի նույնիսկ նորերին չսիրողները, անգամ այսօր նրանց հրաժարականը պահանջողները ո՛չ թե իրենց սիրուն աչքերի, այլ հանուն մեր երկրի ու ժողովրդիՙ բոլորին սրտանց հաջողություն են մաղթում: Եթե միայն ընդունակ լինեն... հասկանալու: *) Այ այստեղ են ասելՙ ի՜նչ եք ասում, ստրկահաճությունը անմահ է, շողոքորթասիրությունըՙ նույնպես: Իզուր չէ, որ Մեծն Պարոնյանն ասել է. «Շողոքորթությո՛ւն, քեզ բոլորը կը սիրեն»: Խմբ.: |