ԹՈՒՐՔԻԱՆ ԻԲՐ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՔԱՀԱՆԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ Թուրքիայի արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Սիրիայում հայ կաթոլիկ քահանայի սպանության կապակցությամբ: Արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ցավով տեղեկացանք Սիրիայի հայ համայնքի անդամ հոգեւորականի մահվան մասին, որի դեմ նողկալի հարձակումը տեղի էր ունեցել PYD/YPG/PKK («Ժողովրդավարական միություն կուսակցություն/Ժողովրդի ինքնապաշտպանական ուժեր/Քուրդիստանի բանվորական կուսակցություն») ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքում»: Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան դատապարտում է կատարվածը ու ցավակցում Սիրիայի ժողովրդին: //Տարածաշրջանում գործող եւ բոլոր սիրիացիներին, այդ թվում նաեւ քրիստոնյաներին շարունակաբար թիրախավորող ԻՊ եւ PYD/YPG/PKK ահաբեկչական կազմակերպությունները բնական կասկածյալներն են»,- ասվում է հայտարարության մեջ: Վերջում նշվում է, որ «Սիրիայում ծագող ահաբեկչության բոլոր տեսակների դեմ վճռականորեն պայքարող Թուրքիան, այս ահաբեկչական հարձակման ոճրագործներին գտնելու համար էլ գործելու է միջազգային հանրության հետ միասին»: Մեր կողմից նշենք, որ թուրքական նենգամտության բացառիկ այս օրինակը միտված է Սիրիայի քրդական համայնքի դեմՙ վերջինիս վերագրելով ոճրի կազմակերպումը: |