ՄՈԾԱԿՆԵՐԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Սիրելու եւ պատժելու տարբեր ձեւեր կան: Օրինակ Հին Հռոմում սիրում էին հիմնականում բաղնիքներում: Մի քանի տասնյակ մարդ միաժամանակ հավաքվում էր եւ սկսվում էր սերը: Ուշագրավ է, որ պատժելու հարցում հին հռոմեացիներն նույնպես գերադասում էին խմբակային ձեւը: Ըստ պատմիչների, Հռոմում մեղավորներին պատժելու հատուկ արարողություն կար: Մեղավորին նետում էին ցեխի մեջ, այնպես, որ միայն գլուխը մնա բաց եւ շարժվելու հնարավորություն չունենա: Ապա հենց գլխի մոտ բաց էին թողնում մոծակներ: Դե սրանք էլՙ հին ժամանակներից հայտնի են որպես արյուն խմողներ ու, հասկանալի է, թե ինչ էր կատարվում մեղավորների գլխի հետ: Ընդ որում, այս արյունախմությունը տեղի էր ունենում մասսաների առջեւ, որոնք մինչեւ վերջ հետեւում էին, թե ինչպես են մոծակները խմում մեղավորների արյան վերջին կաթիլը: Մի օր, սակայն, երբ հռոմեացիները հակապետական քայլերի համար պատժում էին նախկին երեւելի քաղաքացիներից մեկին, տեղի է ունենում մի ուշագրավ բան: Մեղավորին ըստ օրենքի նետում են ցեխի մեջ, թողնում միայն գլուխը, համապատասխան թվով մոծակների բաց են թողնում, սրանք էլ սկսում են իրենց արնախում գործը, բայց քանի որ մեղավորը բավականին ամուր է լինումՙ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես, երկար դիմանում է սեփական արյան սակավանալուն ու սուր խայթոցներին: Ի վերջո հավաքվածները, տեսնելով, որ մարդը մոծակներից ավելի ուժեղ է, հոգնում են ու հեռանում: Հանկարծ մի անցորդ, որը հավանաբար հռոմեացի չի լինում, քանի որ ծանոթ չի լինում այս արարողությանը, տեսնում է մոծակների դեմ անշարժ պայքարող մարդու գլուխն ու նետվում օգնության: Նա քշում է բոլոր մոծակներին եւ գրկում մեղավորի գլուխը: Մարդը հազիվ բացում է աչքերը եւ ուժ հավաքելովՙ մի կերպ արտասանում. - Ի՞նչ արեցիր, անխի՜ղճ: Փրկիչը զարմանում է՚ - Այսի՞նքն,-ասում է նա,-բայց ես փրկեցի քեզ եւ անխիղ՞ճ եմ: Մեղավորը պատասխանում է. - Անխիղճ ես, քանի որ դու քշեցիր արդեն կուշտ մոծակներին եւ հիմա կգան սովածները: Ես, իհարկե, ներողություն եմ խնդրումՙ նոր Հայաստանում հին Հռոմը հիշելու համար, բայց կան հավերժ բաներ, որոնց մեջ ոչ մի տեսակի իշխանություն չի մտնում: |