RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019



ՊԱՏՄԱԿԱՆ ՊՐՊՏՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2019-11-28 23:37:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 3554, Տպվել է` 231, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԸ

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Բացելով պատմության մոռացյալ, բայցՙ ոչ կորուսյալ էջերը

2015-ի հունվարին, ավստրուհի հայագետ, Զայլցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արեւելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը մի նամակ է ստանում Ավստրիայի պետական արխիվիցՙ ուսումնասիրելու Առաջին աշխարհամարտի ժամանակ ռուսական բանակի կազմում կռված հայ ռազմագերիների մասին հայերեն փաստաթղթերը, ձայնագրությունները... Նրանցից մեկիՙ Արշակ Մանուկյանի ձայնագրության մեջ հիշատակված է հետեւյալը. «Հայՙ ծնվել է Լծենում, ապրել Եկատերինոսլավում, 30 տարեկան, մասնագիտությամբՙ հրուշակագործ: Երգում է «Կռունկ Հայաստանի» երգըՙ այն կոչելով «դժբախտ գերու թռչուն». թվագրված էՙ 15 օգոստոսի, 1915թ.: «Մենք այստեղ տանջվում ենք միշտ, հայրենիքից հեռուՙ օտարության մեջ: Տե՛ր Աստված, ի՞նչ է լինելու մեր վերջը: Բժշկի՛ր մեզ»,- Արշակ Մանուկյանի խոսքերն են: Այս եւ այլ ձայնագրությունները մեծ ազդեցություն են թողնում Յասմին Դում-Թրագուտի հոգում: Հետագայում այս վավերագրերը հայագետի առաջ բացելու էին բազմաթիվ հայ ռազմագերիների ճակատագրերը: Չորս տարի տեւած տքնաջան աշխատանքների արդյունքում նա, Առաջին աշխարհամարտից 100 տարի անց վեր էր հանելու հայ զինվորների կյանքի ոդիսականը:

Ովքե՞ր էին նրանք: Ի՞նչ ճակատագրի արժանացան պատերազմից հետո: Այս հարցերի պատասխանները փնտրելու դժվարին աշխատանքները սկիզբ դրեցին հետազոտական մի մեծ նախագծիՙ «Հայրենիքից հեռու, հայրենիքում»: Պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտին հաջողվել է պեղել պատմության ծալքերը... Եղած փաստերը, որոնք առաջին անգամ գիտական շրջանառության մեջ է դնում նա, լրացնում են պատմության սպիտակ էջերը. հայ ռազմագերիների մասին մինչ այս երբեք որեւէ ուսումնասիրություն չի եղել: Եվ ահա այս եզակի վավերագրերիՙ պատմական լուսանկարների, արխիվային նյութերի, տեսաֆիլմերի, ձայնագրությունների, քարտեզների, բացիկների եւ ժամանակի մամուլի ու ճամբարային թերթերի պատառիկների էջերից 100 տարի անց էլ վեր է հառնում պատերազմի հրեշավոր դեմքը:

Օգոստոսի 31-ից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրության սրահում գործում էր «Հայրենիքից հեռու, հայրենիքում. Հայ ռազմագերիների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» եռալեզու (հայերեն, անգլերեն, գերմաներեն) ցուցադրությունը, որի հեղինակը պրոֆեսոր Դում-Թրագուտն է: Բացմանը տեղի էր ունեցել նաեւ համանուն պատկերագիրքի շնորհանդեսը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանն բարձր է գնահատում Յասմին Դում-Թրագուտի կատարած բացառիկ աշխատանքը: Նրա բնորոշմամբՙ ցուցադրությունը յուրահատուկ հարթակ էՙ տեսնելու յուրաքանչյուր պատերազմի ծանրագույն հետեւանքներից մեկը: Առաջին աշխարհամարտի ընթացքում միայն Ավստրո-Հունգարիայում կառուցվել են ռազմագերիների 50 ճամբարներ ՙ շուրջ 1 միլիոն զինվորների ու 10 հազար սպայի համար: Ճամբարների կեսից ավելին տեղակայված էին ներկայիս Ավստրիայի տարածքում:

Հայ ռազմագերիներից շատերին վիճակված չէր վերադառնալ հայրենիք. շատերը հանգչեցին օտար հողում: «Հայրենիքից հեռու, հայրենիքում» նախագծի միջոցով պրոֆեսորը կարողացել է վերականգնել հայ ռազմագերիների ու նրանց ընտանիքների միջեւ երբեմնի խզված կապը. այստեղ հիշողությունն ու պատմությունը դարձել են կշռաքարՙ ստեղծելով հավերժական երկխոսություն սերունդների միջեւ:

Անցյալի որոնումների երկար ճանապարհըՙ Ավստրիայից Հայաստան

- Այս ցուցադրության մեջ եւ համանուն պատկերագրքում օգտագործված նյութերի զգալի մասը ձեռք է բերվել Ավստրիայի, Ռուսաստանի եւ Հայաստանի արխիվներից: Բացի այդ, ռազմագերիների հետքերով Հայաստանի բազմաթիվ գյուղեր անցնելովՙ տեղի տարեցների (այդ թվումՙ ռազմագերիների բարեկամների) օգնությամբ գրի ենք առել յուրաքանչյուր ռազմագերու հետագա ճակատագիրն ու նրանց ժառանգների պատմությունները: Դրանք պատմում են պատերազմի պատճառով հայրենիքից հեռանալու, ռուսական բանակում կռվելու, թշնամու ձեռքն ընկնելու, փախուստի կամ ազատ արձակվելու շնորհիվ հայրենիք վերադառնալու, ինչպես նաեւ հայրենիքում հետագա ճակատագրի մասին: Դժվարին ժամանակներում գրված պատմությունները նույնքան տարբեր են, որքան իրենք ՙ ռազմագերիները: Հայրենիքից հեռուՙ պատերազմում եւ գերության մեջ, նրանք հաճախ առերեսվել են անասելի տառապանքներիՙ ցավ, կարոտախտ, կսկիծ, միեւնույն ժամանակ վայելելով մարդասիրության ու հարգանքի պահերՙ հաճախ նոր հմտություններ յուրացնելով,- ասում է հայագետ-պրոֆեսորը:

Նա իր երախտագիտությունն է հայտնում այն գիտական հաստատություններին ու գործընկերներին, որոնք աջակցել են իրեն այս աշխատանքներն իրականացնելու ժամանակ, ինչպես նաեւ արդեն հոգեհարազատ դարձած մարդկանցՙ «իր» ռազմագերիների ժառանգներին, որոնց հետ ամուր կապեր է ստեղծել:

...«Հայրենիքից հեռու, հայրենիքում» ցուցադրության առավել ազդեցիկ բաժիններից մեկը նվիրված էր ավստրիացի բժիշկ, հետազոտող, մարդաբան, լուսանկարչության եւ կինեմատոգրաֆիայի մասնագետ Ռուդոլֆ Փյոխի(1870-1921) կողմից կատարված ուսումնասիրություններին վերաբերող նյութերին. նա հետազոտել է շուրջ 191 հայ ռազմագերիների, կատարել մարդաբանական չափագրումներ, ձայնագրել նրանցից 6-ի խոսքը, պատրաստել տեսանյութեր: Դրանցից մեկում տեսնում ենք, թե ինչպես են գիպսապատում ռազմագերիներից մեկի գլուխը, կատարում մարդաբանական չափագրումներ: Եվ այս հետազոտություններն ունեցել են բացառապես մի նպատակՙ ուսումնասիրել անհետացման եզրին հայտնված ժողովուրդների ներկայացուցիչներին, հիմք ստեղծել ռասաների նկարագրման եւ դասակարգման համար: Հատկանշական է, որ Ռ. Փյոխի կատարած այս հետազոտությունների հիման վրա Յոզեֆ Վենինգերն ավելի ուշՙ 1951-ին Վիեննայում հրատարակեց «Հայերը. ներդրում Կովկասի ժողովուրդների մարդաբանությանը» հատորյակը, որտեղ ներկայացված են հայ ռազմիկների մարդաբանական չափագրումները, դրանց հետ կապված փաստաթղթերն ու լուսանկարները:

Պատերազմի հիշողության պահապանը

...«Հայրենիքից հեռու, հայրենիքում» ցուցադրության եզակի նմուշներից է ռազմագերիներից մեկի պատրաստած իրըՙ փայտե փորագրությամբ գրքի տուփ, որի վրա գրված էՙ «Память войны.1914-18»: Մեկ բառ, եւ մի ամբողջ ժամանակաշրջանի իրադարձությունների ու մարդկային ողբերգությունների խտացում: Ինձ համար հայագետ Յասմին Դում-Թրագուտը հենց այդ հիշողության պահապանն է: Ես առիթ ունեցա զրուցելու պրոֆեսորի հետ: Ներկայացնում եմ մեր զրույցը, որը բացահայտում է նրա անցած ճանապարհից որոշ դրվագներ.

- Հարգելի՛ պրոֆեսոր, Դուք հայագիտությամբ զբաղվում եք դեռ 1988-ից: Ի՞նչն էր Հայոց պատմությամբ հետաքրքրվելու շարժառիթը:

- Ես լեզվաբան եմ,- ասում է նա: -Ուսումնասիրել եմ ռուսերեն եւ հնդեվրոպական լեզուներ: Դեռ համալսարանում ուսանելու ժամանակ զբաղվում էի երկլեզվությամբ: Պրոֆեսորներիցս մեկը, նկատելով, որ լավ գիտեմ ռուսերեն, ինձ խորհուրդ տվեց գնալ Խորհրդային Միության որեւէ քաղաք եւ ուսումնասիրել ռուսերենի ազդեցությունը ազգային լեզուների վրա: Մինչ այդ հասցրել էի լինել խորհրդային որոշ պետություններում: Եվ ես նախընտրեցի մեկնել որեւէ քրիստոնյա երկիր: Մտածեցիՙ «Հայաստան գնալն ամենահետաքրքրականը կլինի ինձ համար, քանի որ քրիստոնեությունն առաջինն ընդունած հնագույն երկիր է»: Ես արդեն սկսել էի ուսումնասիրել գրաբարը, հետեւաբար հայկական քաղաքակրթությունն ինձ արդեն ծանոթ էր: Այսպես, 1988-ին եկա Հայաստան. դա իմ դիպլոմայինը գրելու եւ աշխատանքային փորձաշրջան անցնելու փուլն էր: Սովորեցի ԵՊՀ-ում, աշխատեցի անվանի լեզվաբան Գեւորգ Ջահուկյանի հետ: Իսկ երբ վերադարձա Ավստրիա, շարունակեցի զբաղվել հայագիտությամբ: Պաշտպանեցի գիտական թեզ, իրականացրեցի մի շարք հետազոտական աշխատանքներ:

Առհասարակ, հետազոտությունների հիմքը ես համարում եմ լեզուն: «Հայրենիքից հեռու, հայրենիքում» նախագիծը եւս լեզվի հետ էր կապված: Երբ ինձ հրավիրեցին ուսումնասիրելու հայ ռազմագերիների մասին փաստաթղթերը, ձայնագրությունները: Հետո ինձ հետաքրքրում էրՙ ինչպե՞ս դասավորվեց նրանց ճակատագիրը պատերազմից հետո: Ուզում էի պատմությունը դիտարկել մարդկանց տեսանկյունից: Պատերազմների մասին միշտ գրվում է պետությունների, կառավարությունների կողմից, հաղթողների ու պարտվողների տեսանկյունից: Սակայն մարդկանց տեսանկյունից երբեք չի խոսվում: Ահա այդ մարդկային ճակատագրերի վերաբերյալ պատմություններն են, որ ձգտել եմ վերականգնել, որպեսզի հիշվեն, չմոռացվեն:

- Եվ Դուք առաջինն եք, ով լրացնում է մեր պատմության այդ կարեւոր էջը: Արդյունքն այն 60 հայ ընտանիքներն են, ովքեր Ձեր շնորհիվ վերագտան իրենց պատմությունը...

- Այո: Եվ ես այդ մոռացումը պայմանավորում եմ Հայոց ցեղասպանության իրողությամբ:

- Ո՞րն էր այն խթանը, որ Ձեզ օգնում էր համակարգելու այս հսկայական նյութը:

- Որպես հայագետ ու հետազոտող պետք է միշտ կապի մեջ լինես այդ մարդկանց հետ. ամենից առաջ սա է կարեւորը: Իհարկե, կարող ես արխիվներից նյութեր քաղել, բայց երբ գնում ես այդ մարդկանց օջախները, լսում, թե ինչպես են նրանք հիշում իրենց նախնիների պատմությունը, դա բոլորովին ուրիշ է:

Նրանցից շատերն, իհարկե, գիտեին իրենց պապի պատմությունը, ունեցել են նկարներ, որ մեզ են տվել, եւ դրանք անչափ կարեւոր են ինձ համար: Միաժամանակ նշեմ, որ շատ ուրախ պահեր եմ ապրելՙ տեսնելով, որ այդ մարդիկ հետագայում վերադարձել են հայրենիք, կազմել են ընտանիք ու շարունակել են իրենց սերունդը:

- Հայոց ցեղասպանության ականատես -վերապրողների հուշ-վկայությունները մեր ականավոր ցեղասպանագետ , բանահավաք, ժողովրդագետ Վերժինե Սվազլյանի շնորհիվ հայտնի են բոլորիս: Այս առումով ի՞նչ ընդհանրություններ եք տեսել հայ ռազմագերիների ճակատագրերի եւ ընտանիքների միջեւ, որոնց պատմությունները եւս լի են հայրենիքի կորստի ցավով, տառապանքով...

- Դժվար է պատասխանելը...Ես նույնիսկ փորձում էի իմանալՙ ի՞նչ են ապրել այս մարդիկ ճամբարներում: Մենք նույնիսկ չգիտենքՙ ռազմագերիների հանդեպ ցեղասպան գործողություն եղե՞լ է, թե՞ ոչ: Մենք սա երբեք էլ չենք իմանա: Բայց կարծում եմՙ հայ ռազմագերիները որոշ տեղեկություններ կունենային, թե ինչ է կատարվում իրենց հայրենիքում: Ավստրիան Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, քաջատեղյակ էր հայ ազգի հանդեպ կատարվող ցեղասպանությանը: Բայց մյուսների նման որեւէ բան չձեռնարկեց: Պատմությունը, ցավոք ,չես կարող շրջանցել:

- Հարգելի՛ պրոֆեսոր, «Հայրենիքում, հայրենիքից հեռու» ցուցադրության ու համանուն պատկերագրքի շնորհիվ Դուք անդրադառնում եք պատերազմների անտեսված կողմինՙ մարդկային ճակատագրերին: Ի՞նչ սահմանագիծ էր բաժանում Յասմին մարդուն ու Յասմին հետազոտողինՙ ներկայացնելու պատմական ճշմարտությունը ու միաժամանակ մնալ խիստ օբյեկտիվ:

- Կդժվարանամ որեւէ սահման գծել: Որովհետեւ պատերազմները շարունակվում են մինչ օրսՙ ամեն տարածաշրջանում: Մարդկությունն այդպես էլ չի սովորում անցյալից: Եվ այսօր վտանգված են քաղաքակրթությունները: Մինչդեռ ամեն ազգ, ամեն մարդ իրավունք ունի պահպանելու իր մշակույթը, կրոնը, ազգային դեմքը. մի բան, որ այսօր բարդ է իրագործել անգամ Եվրոպայում:

Նշենք, որ ցուցադրությունը տեւեց երկու ամիս: Փակման հանդիսության ժամանակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտը պարգեւատրվեց «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալովՙ հայագիտության մեջ ունեցած ավանդի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ