ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀՌՉԱԿԱՎՈՐ ԱՍՏՂԱԳԵՏ ԴՈԿՏ. ԵՐՎԱՆԴ ԹԵՐԶՅԱՆԸ Հ.Ծ. Երկարատեւ հիվանդությունից հետո Իթակայի (Նյու Յորք) իր տանը 80 տարեկանում նոյեմբերի 25-ին վախճանվել է Կոռնել համալսարանի աստղագիտության բաժանմունքի 1979-99 թվերի ամբիոնի վարիչ, ճանաչված աստղագետ դոկտ. Երվանդ Թերզյանը: Թերզյանը ծնվել էր Ալեքսանդրիայում (Եգիպտոս) մանր առեւտրական Պետրոս Թերզյանի եւ կնոջըՙ Մարիա Կիրյակաքիի համեստ ընտանիքում: Պետրոսը ցեղասպանությունից մազապուրծ մի կերպ հասել էր Եգիպտոս, իսկ Մարիան հունական փոքրիկ կղզիներից մեկում ապրող ձկնորսի դուստրն էր: Տաղանդավոր եւ նպատակասլաց երիտասարդը վաղ տարիքից է մտադրվել դառնալ աստղագետ: 17 տարեկանին ընդունվել է Կահիրեի ամերիկյան համալսարանը, որից հետո հաղթահարելով 1952-ի հեղափոխության հետեւանքում ստեղծված որոշ դժվարություններՙ կարողացել է մասնակցել Բլումինգտոնի (ԱՄՆ) Ինդիանա համալսարանի աստղաֆիզիկայի բնագավառում դոկտորականի գիտական աստիճան շնորհող ծրագրին, որը հաջողությամբ ավարտել է 1965-ին: Նույն տարում նա ընդգրկվել է նորակառույց եւ Կոռնել համալսարանի կողմից կառավարվող «Arecibo» աստղադիտարանի (Պուերտո Ռիկո) գիտական աշխատակազմում, որից հետո մինչեւ իր կյանքի վերջը համագործակցել է Կոռնել համալսարանի հետ: 1967-ին այնտեղ աստղագիտություն է դասավանդել նախ որպես պրոֆեսորի օգնական, ապա որպես պրոֆեսոր: Արժանացել է «Գերազանց դասավանդման» համար նախատեսված մրցանակին: Հեղինակ կամ համահեղինակ է 235-ից ավելի գիտական հոդվածների: Խմբագրել է յոթ գիրք, որոնց թվում է «Կառլ Սագանի Տիեզերքը»: 1979-ին նշանակվել է Կոռնել համալսարանի աստղագիտության ամբիոնի վարիչ, որի ընթացքում հիմնել է համալսարանի շրջանավարտներից կազմված «Աստղագիտության բարեկամներ» (FoA) ընկերությունը, որը մեծապես նպաստել է համալսարանի այդ բաժանմունքի գործունեությանը: Թերզյանը տասը տարի (սկսած 1989-ից) խմբագրել է «Astrophysical Journal» հանդեսը: 2002-ին ընտրվել է համալսարանների եւ ինստիտուտների ամերիկյան կոնսորցիումի վարիչ-ղեկավար: Նա մշտապես հպարտ է եղել իր հայկական եւ հունական ժառանգությամբ: Հիմնադիր անդամներից է եղել հունական եւ հայկական աստղագիտական ընկերությունների: Արժանացել է Ինդիանայի, Հայաստանի եւ Թեսալոնիկի համալսարանների պատվավոր դոկտորի գիտական աստիճանների: Ընտրվել է ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ: 2008-ին արժանացել է ՀՀ կառավարության ոսկե մեդալին, իսկ 2018-ինՙ NASA-ի բարձրագույն մրցանակին: Մարզասեր է եղել եւ շատ է ճանապարհորդել: Մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հայկական եւ հունական երաժշտության ու խոհանոցի հանդեպ: Հուղարկավորությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին: «Ազգ»ը խորապես ցավակցում է իր ընտանիքի բոլոր անդամներին: |