RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019



Տեղադրվել է` 2019-12-13 13:09:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 3007, Տպվել է` 140, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԹԵԺՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Չնայած այս հրապարակումը պատրաստելու պահին Ազգային ժողովում էլի արտահերթ նիստ էր գումարվել, ու նոր վարկերով բյուջեի դեֆիցիտ փակելու թեմայով բուռն փոխհրաձգություն էր տեղի ունենում ընդդիմության եւ իշխանական զեկուցողների ու պատգամավորների միջեւ, սակայն պաշտոնապես ավարտվեց նոր խորհրդարանի երկրորդ նստաշրջանը: Եւ առհասարակ` լրացավ նոր Ազգային ժողովի մեկ տարին, որը թերեւս կարող է առիթ լինել գնահատելու այս խորհրդարանի աշխատանքը պրոֆեսիոնալ տեսանկյունից, սակայն այդպիսի գնահատումներ առանձնապես չկան:

ԱԺ վերջին ճեպազրույցները ինքնին գնահատական են` գնահատականի բացակայության մասին, երբ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն այդպես էլ ինքնամոռաց չկարողացան դուրս գալ վերջին քննարկումների թոփ-թեմայից եւ մնացին այս շաբաթ երկրորդ ընթերցում անցած-ընդունված Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կեսաթոշակի անցնելու մասին օրենքի տակ, ինչպես ասում են, ու ոչ մի ուրիշ հարց համարյա այդ ճեպազրույցների ընթացքում հնարավոր չեղավ քննարկել: Անգամ արտաքին -քաղաքական այնպիսի կարեւոր թեմա, ինչպիսին բրատիսլավյան հանդիպման անհայտ բովանդակությունն էր, մեր քաղաքական մարմնի ներկայացուցիչները չքննարկեցին նույն կրքով ու ինքնամոռացությամբ, խոստովանենք` նաեւ լրագրողների դրդմամբ: Է, իսկ ՍԴ-ի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրենքով առաջարկվող լուծումն էլ, կարելի է ասել, ՍԴ շուրջ ստեղծված վիճակի հանգուցալուծման ամենաանհաջող տարբերակն է` հնարավոր բոլոր լուծումներից, քանի որ ՍԴ դատավորները (բացի Վահե Գրիգորյանից եւ Արմեն Դիլանյանից, որոնց նոր կարգով ԱԺ-ն է նշանակել), կարող են թոշակի գնալ եւ մինչեւ պաշտոնավարման ավարտը ստանալ իրենց ներկա աշխատավարձին համարժեք, ընդհանուր թվով ահռելի գումար` 630 մլն դրամ, ծանրացած մեր երկրի սուղ բյուջեի վրա:

Էլ չասած, որ սա հանգիստ կարելի է դիտարկել որպես կաշառք` հեռանալու դիմաց, այն էլ այն պարագայում, որ ՍԴ անդամներին իշխանությունը մեղադրում է հայտնի ու անհայտ բազում մեղքերի մեջ: Գումարած, որ հազիվ թե ՍԴ գործող կազմը որոշի օգտվել օրենքից` մինչեւ եկող տարվա հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելով ու սեղմելով ՍԴ ճգնաժամն այս ձեւով լուծելու` իշխանության իրենց մեկնած ձեռքը, ինչպես իմքայլականներն էին ձեւակերպում, դա անող լինեին` մինչեւ հիմա կանեին:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ասած` «եթե մեր մեկնած ձեռքը սեղմեն` լավ, չսեղմեն` մյուս ձեռքը կմեկնենք»-ի այդ մյուս ձեռքը եւս չի ուրվագծվում դեռ:

Բացի այդ պարզ չէ նաեւ` ինչ է պարունակում այս օրենքին ակտիվ ընդդիմացած ԱԺ ընդդիդիր խմբակցությունների մատնանշած նախընտրելի այն տարբերակը, թե երբ կստեղծվի սահմանադրական փոփոխությունների նախապատրաստման հանձնաժողով, ու դատաիրավական բարեփոխումներն ավելի ինստիտուցիոնալ պատուհանով կդիտարկվեն, այդ ժամանակ էլ հարցը կլուծվի: Ու այդ պատճառաբանությամբ Հայաստանի լուսավոր ու բարգավաճ հատվածների ներկայացուցիչները դեմ էին վերը նշված օրենսդրական նախաձեռնությանը ու պապից ավելի պապական այնպիսի աղմուկ բարձրացրին, որ մի պահ, լրագրողների վահանակում նստած, ես ինձ պատկերացրի նախկին Ազգային ժողովում: Սակայն նրանց ասած տարբերակը տեւական ժամանակ է պահանջելու` մի երկու տարի, երկու տարում, ուրեմն, ոչ ՍԴ կազմ կփոխվի, ոչ առարկայաբար ինչ-որ բան կարվի դատական բարեփոխումների ուղղությանբ, յա էշը կսատկի, յա իշատերը: Միգուցե քաղաքական նոր գործընթացներ կլինեն` ինչպես որ խորհրդարանից դուրս մնացած ընդդիմությունն է երազում, անգամ տարբեր ուժեր չեն դադարում հույս փայփայել, թե այն աստիճան կպառակտեն «Իմ քայլը», որ նրանցից կպոկեն մի քսանյակ ու... խորհրդարանական ներկա ընդդիմության հետ ԱԺ այլ մեծամասնություն կձեւավորեն: Համենայնդեպս` «Իմ. քայլից» յոթ պատգամավոր չի քվեարկել ՍԴ անդամներին թոշակի ուղարկելու օգտին, անկախ նրանից` լավն է այդ նախաձեռնությունը, թե ոչ, այսինքն չի ենթարկվել իր ներկայացրած կուսակցության որոշմանը: Իսկ վերը նշված երազները փայփայողների համար իսկապես «անառիկ ամրոց ՍԴ-ն» այդ կարգի գործընթացների ժամանակ դե անպայման պետք կլինի: Համենայնդեպս` ՍԴ կազմին մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ ՍԴ անդամներն ու նրա նախագահը չեն պատրաստվում երիտասարդ թոշակառու դառնալ: Իսկ թե ինչ է նշանակում, որոշ արտահոսքերով, ՍԴ կազմի` այս հնարավորությունը չօգտագործելուն հաջորդելիք ցավոտ ու հատու լուծումների խոստումը, սա եւս հայտնի չէ:

ՍԴ շուրջ ողջ խոսակցությունը երկրորդ պլան էր մղել Ազգային ժողովում վերջին շրջանում արագ-արագ ընդունվող կենսական նշանակության շատ օրենքների` ԶԼՄ-ներով խորությամբ լուսաբանումը, առհասարակ` ԶԼՄ-ներում թեմաների ընտրության քաղաքականացված կերպը հանրության շահից չի բխում` մեր կյանքում էական փոփոխությունների բերող օրենքներն ընդունվում են` քննարկումների ժամանակ հանրության ուշադրությունը չգրավելով, ինչ-ինչ սխալները ժամանակին օրենքի ընդունման ժամանակ հանրության վերաբերմունքով չկանխելով: Իսկ ահա գործողության մեջ դնելուց հետո արդեն դրանց շահառուները հայտնվում են կառավարության շենքի մոտ, ինչպես ավտոեքենաների մաքսազերծման կանոնների փոփոխության դեպքում եղավ, եւ սկսում են բողոքել կառավարության դեմ:

Վստահ ենք` հետագայում մեծ աղմուկ է հանելու վերջերս ընդունված այնպիսի օրենք, ինչպիսին ճանապարհային երթեւեկության կանոններում բալային համակարգի ներդրումն է, որն առավոտյան- երեկոյան պիկ ժամերին տոտալ խցանումների, ճանապարհային շատ խնդիրների չլուծման, ուղեւորափոխադրման հնացած ավտոպարկի պարագայում կիրառելիս պարզապես անլուծելի խնդիրներ է առաջացնելու, իսկ ամենակարեւորը` շուտով վարորդների մեծ մասը, իրենցից անկախ պատճառներով եւ վերը թված խոչընդոտների շրջանակում տեւաբար զրկվելու է մեքենա վարելու իրավունքից` վարորդների դեֆիցիտ եւ նոր սոցիալական խնդիր առաջացնելով:

Փոխարենը հանրային լայն քննարկում է սկսվել առաջին ընթերցմամբ ընդունված մի օրենքի առիթով, որով բացի ԱԱԾ-ից ոստիկանությանը եւս քաղաքացիներին գաղտնալսելու իրավունքի` տեխնիկապես չմիջնորդավորված հնարավորություն է ստեղծվում (ավելի վաղ` ԱԱԾ-ի տեխնիկական հնարավորություններով էր դա արվում), եւ ոստիկանությանն ավելի օպերատիվ աշխատելու հնարավորության ընձեռումը հետին թվով ցունամի է առաջացրել սոցցանցերում` լրիվ այլակերպելով կարգավորման բովանդակությունն այնպես, թե մեզ բոլորիս տոտալ գաղտնալսելու են, լրիվ շրջանցելով այն փաստը, որ խոսքը դատարանի որոշմամբ իրավական գործողություններին սուբյեկտների, քրեական հետապնդման թիրախների գաղտնալսելուն է վերաբերում: Ու անգամ կառավարությանը մոտ կանգնած հանրության որակյալ անդամներն են թեժացնում բանավեճը, ինչպիսին օրինակ Հրանուշ Խառատյանն է, որը հարցադրում է արել.«Սա ի՞նչ տոտալ վերահսկողություն է քաղաքացիների անձնական կյանքի վրա: Շնչելու հնարավորություն չի՞ մնալու:Ես չեմ ուզում եւ չեմ թույլ տա, որ ոստիկանությունն իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսի: Քանի որ օրենքն ընդունելու դեպքում ես չեմ կարող թույլ չտալ իմ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, ինձ կմնա երկու բան` կամ հեռախոս առհասարակ չունենալ եւ չօգտագործել, կամ հեռանալ Հայաստանից»: Որքան էլ բացատրվեց, թե այս նախաձեռնությունն ոստիկանության կազմակերպչական հարցերի ծավալը կրճատելու համար է եւ չի վերաբերում բոլորին, այլ օրենսդրությամբ արդեն նախատեսված դեպքերին, ոստիկանության հանդեպ համատարած անվստահությունն արդեն իր գործն արել է, աղմուկը մեծանում է:

Դե հա, Հայաստանում առանց այդ առիթների էլ համոզված են, մանավանդ` հայտնի գաղտնալսման պատմությունից հետո, որ ամենքին ու ամեն հեռախոս գաղտնալսում են, ու երբ որեւէ քաղաքական թեմայով խոսակցություն ես սկսում որեւէ մեկի հետ` մատով ցույց են տալիս հեռախոսն ու ապա մատը դնում շուրթերին: Բայց հատապես այս նախագիծն, իրոք, հանրային իրազեկում անցնելու կարիք ուներ: Հանրությունը պետք է համաձայնի իր կողմից վճարվող ոստիկանության գործողություններին, որին դեռ շարունակում է չվստահել ու չի կարող չկասկածել, որ գաղտնալսման արդյունքում ոստիկանության ձեռք բերած տեղեկությունները նրա այս կամ այն պաշտոնյան չի վաճառի մասնավորին եւ բուն հանցագործին` իր բոլոր հետեւանքներով հանդերձ: Երբ խոսքը շատ մեծ գումարների մասին է, միշտ էլ կգնտվեն օրենքը շրջանցող իրավապահներ: Իսկ թեկուզ տասնամյա հնության տեսանյութը, որտեղ ոստիկանների խումբը մարդուն բռնության է ենթարկում, ուղղակի ոստիկանության ամոթն է, եւ բնավ չի պատվաստում այն զգացումը, թե մեր ոստիկանները կամ ոստիկանությունում տիրող բարքերը մի հրահանգով կարող են փոխվել:

Վերջերս ընդունված կամ ընդունվելու ընթացակարգում գտնվող օրենքների`թերի լուսաբանման ընդհանուր լրագրողական մեղքը գոնե մեկով թեթեւացնելով այս անգամ կանգ առնենք էլի այս շաբաթ առաջին ընթերցում անցած օրենսդրական մի փաթեթի վրա, որի կարգավորումը վերաբերելու է բարձրահարկ շենքերում բնակվող ամեն երեւանցու: Նախաձեռնության հեղինակ Վաղարշակ Հակոբյանը («Իմ քայլը») առաջարկում է համատիրություններին վճարվող գումարների վճարման նոր կարգ սահմանել, ըստ որիՙ օրենքով սահմանված պարտադիր, ինչպես նաեւ այլ վճարները բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին այսուհետ պետք է վճարվեն անկանխիկ եղանակովՙ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի բանկային հաշվին, որով արդեն հասկանալի կլինի` ում, որքան եւ ինչու ես վճարում: Չնայած այս առթիվ հնչած կարծիքների մեջ կային տեսակետներ, որ հարցի ավելի համապարփակ լուծում է պետք ( Գեւորգ Գորգիսյան եւ ուրիշներ), ոլորտը ոտքից գլուխ կարգավորման է կարոտ, հատվածական լուծմամբ համատիրությունների հանդեպ վստահությունը չի բարձրանա, սակայն օրենքի հեղինակն ասում էր, թե առաջիկա վեց ամսվա մեջ համակարգը կանոնակարգվելու է, այս առաջին քայլն էլ այդ կանոնակարգումների մեջ է եւ օգնություն հետագա քայլերին:

Երեւի բոլորս կվկայենք, թե ամենքս մեր համատիրության ներկայացուցիչների հետ բազմաթիվ անգամ որքան ենք խոսել այն մասին, որ համաձայն չենք նրանց ներկայացրած` իբր համատիրությանը մեր կլորիկ պարտքերի գումարների հետ, ինչպես ենք ամեն անգամ նորմալ անդորրագիր պահանջել, բայց ստացել կես-կնիք, ոչ մի հաշվեհամար չնշած անպետք թղթի կտոր, որն իբր մեր վճարածի անդորրագիրն է, եւ որը ոչ մի տեղ իրավական փաստաթղթի ուժ ունենալ չի կարող: Տարիներ վճարելով (պարզ է, որ շատերն էլ չեն վճարել), վճարողները երբեք չեն տեսել ոչ ծախսերի մասին հաշվետվություն, ոչ էլ ընդհանուր գումարների մասին պատկերացում են ունեցել: Համատիրության ստեղծման օրից մենք համատիրությանը վճարել ենք մեր չափանիշներով ոչ քիչ գումար (օրինակ տողերիս հեղինակն ամսական 1800 դրամ է վճարում), իսկ համատիրության աշխատակիցն էլ անընդհատ խոսել է իրենցից առաջ իբր ԺԷԿ-երին մեր ունեցած, ասենք,100 հազար դրամի պարտքի մասին, սա այն ժամանակներին է վերաբերում, երբ այդ կառույցները լրիվ կազմալուծված էին ու ոչ մի ծառայություն չեն մատուցել: Մի տեղեկանք տալուց այդ գոյություն չունեցող պարտքերը մատնանշելով` կլորիկ գումարներ էին վերցնում իբր պարտատիրոջից, հատկապես բնակարանի առքուվաճառքի ժամանակ, եւ այդ գումարները ծախսում էինՙ ոնց ուզում էին:

Հիմա համատիրությունները նոր ստեղծվելիք կանոնների մեջ պետք է կտեղավորվեն, որը, խոստովանենք, հեշտ բան չի լինելու: Բայց մինչ այդ գոնե անհայտ նպատակի համար բնակիչը առձեռն գումար չի տա համատիրության աշխատակցին, այլ կվճարի բանկային հաշվեհամարին` սա վատ չէ: Սա կաշխատի, եթե այդ վճարի հայտը բոլոր մյուս վարձավճարների հետ միաժամանակ բնակիչը ստանա` ստիպած լինելով վճարել: Տեսեք, աղբահանության վարձի` բանկային հաշվեհամարին փոխադրումը վերջերս չաշխատեց, որովհետեւ դրա համար պետք է առանձին օր գնայիր փոստատուն, մինչդեռ բոլոր վարձերի հետ վճարելիս ոչ մի խնդիր չէր ստեղծվի: Հիմա աղբահանության վարձը կրկին համատիրություններն են հավաքում, քանի որ միգուցե միտումնավոր էին բարդացրել ու առանձին կոդ տվել բնակչին, որովհետեւ համատիրություններն օգուտ էին քաղում աղբի վարձավճարի հավաքումից` մի որոշ տոկոս իրենց էր մնում, հետն էլ առիթ էր ստեղծվում իրենց վարձավճարներն ուզելու: Այնպես որ` բազմաբնակարան շենքերի կառավարման համար անկանխիկ վճարումը տեխնիկապես այնպես սահուն պետք է կազմակերպել, որ համատիրությունները չօգտվեն առիթից ու կրկին չփորձեն հին կարգը վերադարձնել:

Անհրաժեշտ տեղեկանք քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանից . բազմաբնակարան շենքերն ընդհանուր բնակֆոնդի 45 տոկոսն են, նրանց միայն 15 տոկոսն է անձնագրավորված, առաջին քայլերից մեկը պետք է լինի ողջ այդ բնակֆոնդն անձնագրավորել, ապա օրենսդրորեն եւ կանոնակարգումներով կարգավորել դրանց կառավարումը` հաղթահարելով անվստահության ու վատ կառավարման պատը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ