ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ, ԳԵՐԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Օր չի լինի, երբեմն կարելի է «ժամ չի լինի» արտահայտությունն օգտագործել, որ ՀՀ կառավարումն ստանձնած այրերը գրեթե աշխարհացունց հաջողություններից չխոսեն, դրանք հիմնավորող ինչ-որ թվեր չհիշատակեն: Անգամ եթե ընդունենք դրանց իրողություն լինելը, հարյուր հազարավոր հայաստանաբնակները ասվածի ոչ միայն ազդեցությունը, այլեւ շոշափելիությունը չեն զգում: Այս պայմաններում առավել քան տարօրինակ է գնաճի հետ կապված վերջին հայտարարությունը. պարզվում է Հայաստանի Հանրապետությունում գնաճի երեւույթ, որպես ապրանքների ու ծառայությունների գների աճ, գոյություն չունի, տնտեսագիտական այս հասկացությունը մեզանում չկա: Այս պարագայում ի՞նչն են փորձում զսպել կենտրոնական բանկի մասնագետներն ու ծառայությունները, եթե ոչՙ ՀՀ տարեկան բյուջեներում ամրագրվող 2-4 տոկոս սահմանված գնաճը, որը երբեմն տնտեսական գործունեության ծավալման գոծոն է դիտարկվում: Ողջ հարցն այն է, որ ՀՀ տնտեսությունում երկրին ու բնակչությանն առաջնահերթ անհրաժեշտ գրեթե ոչինչ չի արտադրվում, սկսած հագուստից ու կահկարասուց, խոհանոցային ու այլեւայլ էլեկտրատեխնիկայից, ամենօրյա սննդից ու զվարճանքի միջոցներից ու առարկաներից: Դրանք հիմնականում չինական ու թուրքական են, ռուսական ու եվրոպական, իսրայելական ու բրազիլական... Թե ինչ գներով են դրանք ձեռք բերվում ու մեզանում վաճառվում, տնտեսվարողներն ու տնտեսագիտության մեր ռահվիրաները երբեւէ դրանց չեն անդրադառնում.-տնտեսական գործունեությունը խորհրդավորություն է սիրում, ուրիշի փողերը հաշվելը բարոյական չի համարվում: Հայաստանյան հանրության որոշակի հատվածն այդպես էլ անում է, ներմուծողների գործունեությունը բնական գործընթաց է համարում, քանզի իրենք էլ լինեին, այդպես կվարվեին. սովորականից մինչեւ արտակարգ վիճակներում առաջացող ծախսեր ու ռիսկեր կան, անգամ արտառոց ու անհավանական իրադարձություններ: Ապացո՞ւյց եք ուզում. նույն տարածությունում ուղեւոր փոխադրած տաքսիստներից մեկը 700 դրամ է պահանջում, մյուսըՙ1300 դրամ, եւ սա հարկ-տուրքերից ազատված լինելու պարագայում: Ահա այստեղ է, որ մեր մարդիկ իրենց հայացքներն ու հարցերն ուղղում են դեպի սեփական կառավարողները, ակնկալելով ու պահանջելով ՀՀ տնտեսությունը կառավարել ու բարեփոխել ըստ մարդկանց անհրաժեշտությունների: Այսօրինակ ճանապարհ են անցել կայացող ու զարգացած երկրները, իշխանությունների իրականացրած գործնական քայլերի արդյունքում են տնտեսական գործընթացներում ինտեգրվել տասնյակից-հարյուր հազարավոր փոքր ու միջին գործարար հատվածի ներկայացուցիչները: ՀՀ վարչապետն օրեր առաջ հիշեց մեզանում գինի վայելելու մշակույթ արմատավորելը, ցուցադրելով գավաթի հատակին հազիվ 3 սմ կազմող գինին, որի դիմաց այն վայելողը պարտավոր է քառանիշ թվով դրամ վճարել: Ոչ փոքր շրջապատիս տասնյակ ներկայացուցիչների վկայակոչելով ասեմ, որ այսկերպ գինին մեր կենցաղ մուտք չի գործի, հատկապես այն պարագայում, երբ այն շարունակում են արտադրել սահմանափակ թվով խոշոր արտադրողներ, երբ ասենք Եվրոպայում գինի պատրաստում են տասնյակ հազարավոր խաղողագործներ, պարտադիր իրենց սեփական բերքից, ընտանիքների անդամների ուժերով, որն այդ վայելքի միջոցը համեմատաբար մատչելի է դարձնում, յուրօրինակ սոցիալական միջավայր ստեղծելու միջոց է դառնում: Մեզանում խոսվում է տեղական արտադրության, ասենք կոշկեղենից, որն ամբողջությամբ արտերկրներից ներկրվող հումքից է պատրասվում եւ ներմուծվողի համեմատ կրկնակի-եռակի թանկ է ստացվում: Այս ընթացքում Երեւանի կաշվի վերամշակման հզորությունն անգործության է մատնված թե հումքի պակասի, թե դրա անորակության պատճառով, քանզի թերսնվող խոշոր եղջերավորի կաշին լիարժեք վերամշակման հումք չէ: ՀՀ կառավարության վերնախավից որեւէ մեկը երբեւէ խնդրով չի հետաքրքրվել, պարզ չէ, թե որտեղ եւ ինչ պայմաններում են սպանդի ենթարկվում յուրաքանչյուր տարի մինչեւ 200 հազար գլուխ խոշոր եղջերավորները: Ըստ որոշ հրապաակումների, անասնակաշվի զգալի մասն արտահանվում է Թուրքիա եւ վերամշակված տեսքով ներկրվում հումքի ծագման երկիրՙ անշուշտ նոր գներով: Կարծում ենք դժվար չէ գուշակել, որ մեն-միակ այս ճյուղի կայացումը տասնյակ հազարավոր աշխատատեղեր կապահովի հագուստի, կահույքի, մարզագույքի, այլ ոլորտներում, ուր ստեղծված միջոցները նոր ծառայությունների բացման ու ընդլայնման կհանգեցնեն: Ցավալի է արձանագրել, որ ՀՀ-ն կառավարողների աշխատանքն այստեղ չի նշմարվում, որը փոխարինվում է երկիրը խելացի մարդկանց բնակավայր դարձնելու մասին երազանքներով: Անշուշտ անվիճելի է, որ աշխատանքն է ամեն ինչի հիմքը, այդ թվումՙ աղքատությունը հաղթահարելու միջոցը: Այս պարագայում ի՞նչ գնահատական տալ մեր իշխանությունների գործունեությանը, երբ ՀՀ-ն անգամ նվազագույնս չի լուծում սեփական հացով երկրի ապահովվածության խնդիրը, գերնպատակ ներկայացնելով, ասենքՙ ադամանդագործությունը: Զավեշտ է, երբ 1 բնակչի հաշվով 1700 քառակուսի մետր բարեբեր վարելահողեր ունենալու պայմաններում Հայաստանի Հանրապետություն հարյուր հազարավոր տոննաներ հացահատիկ է ներկրվում եւ անվերջ հիշատակվում շրջափակվածության ու անբարյացակամ հարեւանների մասին: Անգամ 1 բնակչի հաշվով 300 քմ վարելահող ունեցող Եգիպտոսում են կարողանում մինչեւ 10-միլիոնական տոննաներ կազմող ցորեն, բրինձ ու եգիպտացորեն մշակել, երկիրը հեռու պահել պարենային գնացնցումներից: Շատ ավելի հեռուն են նայում եվրոպացիները, 1 բնակչի հաշվով ցորենի տարեկան արտադրությունը, իրենց սահմանափակ հողային հնարավորությունների դեպքում, հասցնելով 500 կգ-ի, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 50 կգ է: Այսպես երկիր չեն կառավարում, պարոնայք, ռազմավարություն հռչակվողն էլ զավեշտի չեն վերածում: Տեսեք ինչ գներով ու զեղչերով են ապրանքներն առաջարկվում Եվրոպայում, որոնցից գանձվող հարկային գումարների 50 տոկոսը բյուջետային ծախսերի տեսքով վերադարձվում է սեփական քաղաքացիներին: Հայաստանյան հանրության հիմնական հատվածը ցավով է հետեւում մեզանում ծավալվող գործընթացներին, երբ առօրյա մտահոգությունները կուտակվում եւ գերխնդիրների են վերածվում: Իսկ մինչեւ ե՞րբ-ի պատասխանը տարօրինակորեն չի նշմարվում: 03.12.2019 թ. |