Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՎ ՈՐՔԱ՞Ն ԵՆ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ Սահմանադրական դատարանի նախագահին եւ 6 դատավորներին հրաժարականի դիմաց առաջարկվող բարձր կենսաթոշակը քաղաքական դաշտում արդեն ստացել է «կաշառքՙ հրաժարականի դիմաց» բնորոշումը: Այն, որ այս առաջարկով ընդունված օրենսդրական փաստաթղթի նպատակը Սահմանադրական դատարանի զավթումն է գործադիր իշխանության կողմից, ակնհայտ է բոլորի համար: Բացի դրանից, նման առաջարկն իր բնույթով անպարկեշտ է: ՍԴ նախագահին եւ դատավորներին աննախադեպ բարձր կենսաթոշակ առաջարկելն ու նախարարների, փոխնախարարների առանց այն էլ բարձր աշխատավարձերի գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացումը անարդարություն է: Ներկայացնենք, թե որքանո՞վ են նրանց եկամուտները ավելանալու մնացած բոլորի համեմատ: Ահռելի տարբերություն ՍԴ անդամների կենսաթոշակի եւ միջին կենսաթոշակի միջեւ Արդարադատության նախարարության տեղեկատվության համաձայն, ՍԴ դատավորի առաջարկվող կենսաթոշակը կկազմի 1 մլն 31 հազար դրամ, ՍԴ նախագահի համար առաջարկվող կենսաթոշակըՙ 1 մլն 375 հազար դրամ: Այս կենսաթոշակի չափը սահմանվել էՙ հիմք ընդունելով ՍԴ բոլոր անդամների աշխատավարձի չափը: Օրենքով նրանց կեսնաթոշակը սահմանվում է աշխատավարձի եւ հավելավճարի 75 տոկոսի չափով: Սակայն նոր ընդունված օրենքով այն սահմանվում է աշխատավարձի եւ հավելավճարի 100 տոկոսի չափՙ այսինքն, բարձրացվում է 25 տոկոսով: Գումարային առումով ՍԴ դատավորի կենսաթոշակը բարձրացվում է մոտ 258 հազար դրամով, ՍԴ նախագահինըՙ մոտ 344 հազար դրամով: Ազգային Ժողովում այս օրենքի քննարկման ժամանակ տեղեկացվեց, որ ՍԴ վեց դատավորների եւ ՍԴ նախագահի կենսաթոշակների ընդհանուր գումարը տարեկան պետական բյուջեից կտանի 90 մլն 797 հազար դրամ (մոտ 190 հազար դոլար): Հիմա տեսնենք, թե այս ամենի համեմատ որքա՞ն է կազմում միջին կենսաթոշակը Հայաստանում: Վիճակագրական կոմիտեի տվյալներով, միջին կենսաթոշակը Հայաստանում 2018 թ.ի դրությամբ 40 478 դրամ է: 2020 թ.-ից կբարձրանա 10 տոկոսով կամ մոտ 4 հազար դրամով եւ կկազմի 44 525 դրամ: Դեռ մի կողմ դնենք այն հանգամանքը, որ կենսաթոշակների ավելի էական բարձրացում, քան 10 տոկոսն է, նախորդ իշխանությունը նախատեսում էր 2019 թ.-ի հունվարից եւ այն հետաձգվեց առնվազն մի տարով եւ կբարձրացվի նվազագույն չափով: Պարզապես համեմատենք միջին կենսաթոշակի բարձրացումը ՍԴ դատավորների համար նախատեսվող բարձրացման հետ եւ տեսնենք ստացվող կենսաթոշակների չափերը: Այսպիսով, մի կողմից 463072 կենսաթոշակառուների միջին կենսաթոշակի մոտ 4 հազար դրամ բարձրացում, մյուս կողմիցՙ ՍԴ դատավորների կենսաթոշակի բարձրացում 258 հազարով, ՍԴ նախագահինըՙ 344 հազար դրամովՙ միայն նրա համար, որ նրանք կենսաթոշակային տարիքը լրանալու ժամկետից շուտ հրաժարվեն իրենց աշխատանքից: Սա իշխանության կողմից հանուն սեփական քաղաքական շահերի, մեր բոլորիսՙ հարկատուների հաշվին կատարվող անմիտ շռայլություն է : Այժմ 44,5 հազար դրամ եկող տարի դարձող միջին կենսաթոշակը համեմատենք ՍԴ դատավորի 1 մլն 31 հազար դրամ եւ ՍԴ նախագահի 1 մլն 375 հազար դրամ դարձած կենսաթոշակների հետ: Տարբերությունը առաջին դեպքում 23 անգամ է, երկրորդի դեպքումՙ գրեթե 31 անգամ: Թերեւս մեկնաբանությունների կարիք չկա: Մնում է միայն ավելացնել, որ ի պատիվ ՍԴ նախագահի եւ ՍԴ դատավորների, նրանք հրաժարվել են այդ քաղաքական առեւտրի մասնակիցը դառնալուց : Սակայն ահա նախարարները, փոխնախարարներն ու նախարարությունների գլխավոր քարտուղարները ամենեւին էլ դեմ չեն ստանալ գրեթե կրկնապատկված բարձր աշխատավարձ: Նախարարների եւ փոխնախարարների աստղաբաշխական դարձած աշխատավարձերը ԶԼՄ-ներից հայտնի դարձավ, որ այս տարվա հուլիսից, վարչապետի գաղտնի որոշմամբ, նախարարի աշխատավարձը 793 հազար 680 դրամից բարձրացել է 807 հազար դրամով կամ մոտ 89 տոկոսով եւ դարձել 1,5 մլն դրամ (ներառյալ եկամտային հարկը): Փոխնախարարի աշխատավարձը եղել է 562 հազար 160 դրամ, դարձել է 1 մլն 60 հազար դրամ (ներառյալ եկամտային հարկը)ՙ բարձրանալով 500 հազար դրամով կամ 89 տոկոսով: Նախարարության գլխավոր քարտուղարի աշխատավարձը եղել է 595 հազար 260 դրամ, դարձել է 870 հազար դրամ (ներառյալ եկամտային հարկը)ՙ բարձրացել է մոտ 275 հազար դրամով կամ մոտ 47 տոկոսով: Հակառակ հանրությունից թաքուն բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի սրընթաց բարձրացման, վարչապետը առիթը բաց չի թողնում խոսելու ուսուցիչների աշխատավարձի 10 տոկոս բարձրացման մասին: Հետաքրքրական է, թե ի՞նչ գումար է դա կազմում, քանի որ գումարային ավելացման մասին ոչ լայվում, ոչ ֆեյսբուքում վարչապետը ոչինչ չի ասում: Ուսուցչիՙ այսպես կոչված «կեղտոտ» միջին աշխատավարձը (ներառյալ եկամտային հարկը) մինչ բարձրանալը գտնվում էր 70-120 հազար դրամի միջակայքում: 10 տոկոս բարձրանալուց հետո 70-120 հազար դրամ «կեղտոտ» աշխատավարձը դարձել է 77-132 հազար դրամ (ներառյալ եկամտային հարկը): Հստակեցնեք, որ մեկ դրույքՙ շաբաթական 16-25 ժամ ունեցող ուսուցչի «մաքուր» աշխատավարձը կազմում էր մոտ 54-93 հազար դրամ: Բարձրանալուց հետո այն դարձել է 59-101 հազար դրամ: Այսինքն, 10 տոկոս բարձրացումը 5-8 հազար դրամ իրական աշխատավարձի բարձրացումն է : Եթե ուսուցիչների միջին աշխատավարձը համեմատենք նախարարների կամ փոխնախարարների աշխատավարձերի հետ, ապա տարբերությունը դարձյալ անգամներ կկազմեն: Այդ ընդգծված անհամաչափությունն աչքի է զարնում նաեւ Հայաստանի Հանրապետության միջին աշխատավարձի հետ համադրելիս: Միջին աշխատավարձն այս պահին 179 հազար դրամ է (ներառյալ եկամտային հարկը): Դա նշանակում է, որ նախարարների աշխատավարձը Հայաստանի Հանրապետության միջին աշխատավարձից բարձր է 8,4 անգամ, փոխնախարարներինըՙ 6 անգամ, նախարարությունների գլխավոր քարտուղարներինըՙ մոտ 4,8 անգամ : Նախկին իշխանության կողմից 2015 թ.-ին պետական համակարգի աշխատակիցների կտրուկՙ 30-40 տոկոս բարձրացման ժամանակ սահմանվեց նաեւ աշխատավարձերի սանդղակ ըստ պետական պաշտոններիՙ համապատասխան գործակիցներով: Այդ դեպքում, նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերում է ամբողջ պետական համակարգի աշխատավարձերի բարձրացման: Բնական է, որ դրա համար պահանջվելու են ավելի մեծ գումարներ: Ներկայիս վարչապետը գտել է հեշտ տարբերակըՙ նա բարձրացնում է միայն նախարարների եւ փոխնախարարների աշխատավարձերըՙ ոչ միայն անտեսելով պետական համակարգի կառավարման բեռն իրենց վրա տանող մյուս բոլոր պետական ծառայողներին, այլեւ խաթարելով աշխատավարձի սանդղակի տրամաբանությունն ու համարժեքությունը: Արդյունքում ստանում ենք խորացող սոցիալական բեւեռացում եւ աճող անարդարություն: |