RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020



Տեղադրվել է` 2020-01-24 11:22:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2804, Տպվել է` 177, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿԸ. ԹՈՒՄՈՆ ԲԵՌԼԻՆՈՒՄՙ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՑ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հունվարի 21- ին Բեռլինումՙ KfW բանկի կենտրոնակայանում, Երեւանի հետ տեսակամրջի միջոցով, հանդիսավոր արարողությամբ ստորագրվեց Բեռլինի Վիլմերսդորֆ փողոցում Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագիրը, որին գերմանական մամուլըՙ մասնավորապես «Թագեսշպիգելն» այսպես արձագանքեցՙ «Թվայնացված կրթություն.Գերմանիան սովորում է Հայաստանից»: Սույն գնահատականն ընդգծվեց նաեւ տեղական ֆինանսական առցանց լրատվականում, անշուշտ շոյելով մերՙ գովեստի կարոտ ներքին ունկը, որի մեջ գերմանական մամուլում շրջանառվող, նաեւ վերոհիշյալ հոդվածում առկա խցանված, չփոխվող կաղապար կաՙ «տնտեսապես աղքատ Հայաստան»: Ե՞րբ կջնջվի այսՙ թիվ ու նյութ բովանդակող բառը, երբ հարստությունը մերՙ միտքն ու գաղափարը բարձր գին ունի դրսում, բայց ներսում դեռեւս ամենօրյա աշխատանքի կարոտ ու նպատազուրկ, դժվար է կանխատեսել: ԳԴՀ մայրաքաղաքում Թումոն սկսելու է գործել 2020- ի հոկտեմբերիցՙ KfW բանկի ֆինանսական օժանդակությամբՙ ապահովելով 1200 աշակերտի շաբաթական անվճար կրթությունը: «Թագեսշպիգելն» իրազեկում է, թե կենտրոնի անունը հայ բանաստեղծ Թումանյանի անվան կրճատՙ Թումո ձեւից է: 2011- ին ամերիկահայ գործարար զույգիՙ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանների հղացած գաղափարը բարեգործական նախագիծ է եւ Երեւանից բացի գործում է նաեւ Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում, Փարիզում եւ Բեյրութում:

Հայաստանը, որ խորհրդային ժամանակներից արդեն լավ ծրագրավորողներ պատրաստող երկրի համբավ ուներ, այսօր փորձում է դրան միավորել նաեւ շախմատի մեջ իր հաջողությունները եւ Սիլիկոնյան հովիտ կերտելՙ Հարավային Կովկասում ներկայանալ որպես Շախմատային հովիտ, գրում է «Թագեսշպիգելը»ՙ ծանուցելով, թե ըստ Ֆրիդոմ հաուսի, ինտերներտն ազատ է Հայաստանում այնքան, որքան Ֆրանսիայում: Թերթն ընդգծում է, որ վարչապետ Փաշինյանն իր ղեկավարած երկրի ժողովրդի հետ հաղորդակցվում է ինտերնետով, հիշատակելով նաեւ այն իրողությունը, թե թավշյա հեղափոխությունն էլ կայացավ ինտերնետի, սոցցանցերում տարածվող ուղիղ եթերի հրապարակայնության միջոցով: Այն օգնեց կանխել բիրտ ուժի, բռնության կիրառումը:

Գերմանական լրատվամիջոցներում Թումո կենտրոնի մասին ռեպորտաժներ ու հիացական գնահատականներ հայտնվեցին 2018- ից, երբ թավշյա հեղափոխությունը Հայաստանին բեւեռեց լրագրողների ոգեւորված հայացքը, եւ առավելաբար շռայլ գովեստներ գրանցեց, երբ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն այցելեց կենտրոն: («Ազգը» ժամանակին անդրադարձել է այդ հրապարակումներին- Ան.Հ.):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ