ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու - 100 տարի առաջ` 1920 թվականին, Հայաստանում արտադրվել է մինչեւ մեկ միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Էլեկտրակայաններում աշխատող մարդկանց թիվը չի գերազանցել 65-ը: 1920թ. Հայաստանի յուրաքանչյուր բնակչի բաժին էր ընկնում 3.2 ԿՎտժ էլեկտրական էներգիա: - 1920թ.ին Արցախում շահագործվել է միայն մեկ հիդրոէլեկտրակայան 30 ԿՎտ հզորությամբ: Այն գտնվում էր Շուշի քաղաքի մոտ: Այս տարի կարելի է պատշաճ մակարդակով նշել այս հոբելյանը: - 1940 թ.ին սկսվեց Սեւան-Հրազդան կասկադի առաջին աստիճանի (Սեւան ՀԷԿ-ի) շինարարությունը: Այն շահագործման հանձնվեց 1949թ: - 1960թ.ին Անդրկովկասի երեք հանրապետությունների էներգահամակարգերը միացվեցին զուգահեռ աշխատելու համար: - 50 տարի առաջ, 1970թ.ին, Հայաստանի էներգահամակարգի էլեկտրակայաններում տեղադրված գումարային հզորությունը կազմում էր 1677ՄՎտ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը` 6107,5 միլիոն ԿՎտժ: - 1970թ.ին շահագործման հանձնվեց Տաթեւի հիդրոէլեկտրակայանը: - 1980թ.ին հունվարի 5-ին շահագործման հանձնվեց Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկը 407,5ՄՎտ հզորությամբ: - 1980թ.ին Հայաստանում արտադրվել է 13.4 միլիարդ ԿՎտժ էլեկտրական էներգիա: Սպառողներին տրվել է վեց միլիոն Հեկակալորիա ջերմային էներգիա: - 1990թ.ին Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում շահագործման հանձնվեց 200 ՀԿալ/ժ արտադրողականությամբ կաթսայատունը: Այն ջեռուցել է 845,6 հազար քառակուսի մետր բնակելի մակերես: - 2010թ.ին Ստեփան Պապիկյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց հայկական էներգետիկական ակադեմիան: - 2010թ.ին շահագործման հանձնվեց Երեւանի շոգեգազատուրբինային ցիկլով աշխատող արդիական սարքավորումներով կահավորված էներգաբլոկը: |