RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020



Տեղադրվել է` 2020-01-24 11:22:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2757, Տպվել է` 184, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Շրիշակս շրիշակիդ վնաս չէ

Պարզվում է` խորհրդարանում «շրիշակ» բառը գիտեն, համենայնդեպս` ԱԺ մեծամասնության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հետամանորյա` 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի անդրանիկ քառօրյայի երկրորդ օրվա սրացման ժամանակ հիշեցրեց, որ պատգամավորների կողմից ավելի շատ գործածական ռուսերեն «պլինտուս» բառի հայերեն համարժեքն է այդ բառըՙ ի գիտություն պոտենցյալ գործածողների: Չնայած զանգվածաբար, նախկին լրագրող թե ոչ, մեր պատգամավորներն իրենց ելույթներում շարունակում են հայերենի հերն անիծել, «բանը կայացնել նրանում» եւ այլ կոպիտ սխալներով խոսել: Հատկապես սահման չի ճանաչում «ով» բառի «որը» բացահայտյալի փոխարեն զանգվածաբար գործածումը, որն անգամ վարչապետի բառապաշարում է աննահանջ ներկա: Բայց շրիշակի բախտը բերեց կարծես խորհրդարանում, քանի որ շրիշակի կամ «պլինտուսի մակարդակով քննարկում»` միմյանց ուղղված մեղադրանքն այս քառօրյայում շատ պահանջարկված էր: Ընդդիմությունը մեծամասնությանն էր ասում` շրիշակի մակարդակի քննարկում եք ծավալում, մեծամասնություննՙ ընդդիմությանը: Ու անգամ քրեական ենթամշակույթի վերաբերյալ օրինագծի` երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ երեքշաբթի օրը շրիշակը հասավ գողական «ռազբորկայի»`«էլ գող փիսո, էլ քաչալ շուն» տարբերակով այնպես, որ անգամ խաղացողներից մի քանիսին դատավորը, վայ, կներեք, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դաշտից, էլի կներեք` ԱԺ դահլիճից, մինչեւ օրվա վերջ հեռացրեց:

Մի խոսքով` նստաշրջանի երկրորդ օրը, մասամբ էլ չորեքշաբթի լրիվ շրիշակային օրեր էին, քանի որ սրացումը, անվերջ հնչող փոխադարձ մեղադրական ելույթներով, շարունակվեց նաեւ հաջորդ` չորեքշաբթի օրը, ու անգամ «Իմ քայլի» պատգամավորներից Լուսինե Բադալյանը հնչեցրեց բանալի խոսքը. «Սադրում ե՞ք»: Նախորդել էին «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի մեղադրանքները Արարատ Միրզոյանին, թե չի կարողանում կառավարել խորհրդարանը, բացի այդ` անաչառ չէ եւ չի նպաստել արդեն հայտարարված եւ «Լուսավոր Հայաստանի» առաջարկած` Երեւանի քաղաքապետարանի նվիրատվությունների օրինականության հարցն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմի համալրմանը: Վարչապետն էլ, Արարատ Միրզոյանն էլ հայտարարել էին, որ իրավական անհամապատասխանություն է ի հայտ եկել ՏԻՄ գործերին խառնվող քննիչ հանձնաժողով ստեղծելու համար: Ու դրանից հետո «Իմ քայլը», չմասնակցելով քվեարկությանը, տապալեց դրա կազմի համալրումը: Մի խոսքով` սրացումները այն է-այն է` դուրս էին գալիս վերահսկողությունից, մինչեւ որ բազմաթիվ եւ երկուստեք սթափության կոչերից հետո խորհրդարանը հուն վերադարձավ:

Բայց արդյոք այս հունվարյան սրացումները, իրոք, զուտ անձերի մակարդակով պատահական զուգադիպություննե՞ր են, թե՞ ավելի խորքային, խութային հոսանքներ կան հատակում, որոնք ժամանակ առ ժամանակ ցնցում են մակերեսը, լավ համակարգվելով ինչ-որ կենտրոնից. ասենքՙ դրսում Վանեցյանի ` առաքելությունը շարունակելու խոստումով ու Միքայել Մինասյանի ՙ «Սրանք մարդ չեն» միաժամանակյա սեանսով, խորհրդարանի ներսում` կլասիկ եւ էլ ավելի կլասիկ ընդդիմության սինքրոն գործողություններով: Արդյոք ներկա իշխանության խորքային-իրական ընդդիմախոսը դեռ հույսը չի՞ կորցրել որեւէ ձեւով վարչապետի աթոռը վերագրավելուց` հանգամանքների նախագծային զուգորդմամբ կամ բազմաքայլ կոմբինացիաներով իշխանության վերադասավորումից հուսալով ու լրիվ մոռանալով հանրության գործոնի մասին: Ասեմ, որ խորհրդարանի լուծարման դեպքում անգամ բոլորովին էլ ակնհայտ չէ, որ խորհդարանում նույն կերպ կհայտնվեն «Լուսավոր Հայաստանը» ու «Բարգավաճ Հայաստանը», իսկ հատկապես խորհրդարանի գծագրությունը փոխելու հետ հները հատկապես մեծ հույս չպետք է կապենՙ ավելի շուտ երկիրը կվերածվի սոդոմ-գոմորի:

Համենայնդեպս` դրսում մսավաճառների, ծննդատների եւ ուզած թեմայի լայնորեն եւ կայծակնային շահագործումը, լարման տարբեր օջախները, զանազան միջադեպերի հրահրումը հուշում են շահառուների մասին: Միեւնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ մարդիկ արդեն առել են բողոքով հարց լուծելու համը, որը նախկին իշխանության օրոք հնարավոր չէր, ու հիմա ինչ իշխանություն էլ լինի` այդ գործոնը չի կարելի անտեսել:

Իհարկե, բնականոնն ու ճիշտը պետք է լինի նորմալ սպանդանոցում մորթված, ստուգված միսը վաճառքի հանելը` բացառելով ձիու, շան կամ էշի մսի հայտնվելը վաճառքում, կամ նորմալ- հիգիենիկ պայմաններ ունեցող ժամանակակից ծննդատանը ծննդաբերելը, սակայն միաժամանակ իշխանությունը պետք է իմանա, որ այդպիսի` իրոք դրական փոփոխությունները հրամանագրերով հնարավոր չէ անել, մարդիկ պետք է տնտեսապես եւ հոգեբանորեն պատրաստ լինեն դրան, այնպես որ ողջունելի է կառավարության` երկու դեպքում էլ փոխզիջումային լուծումների գնալն առայժմ: Բայց այս դիմակայությունը շարունակվելու է ամեն առիթով, իսկ աղքատ մարդն ու բարեփոխման միջազգային պարամետրեր աչքի առաջ ունեցող որեւէ բարեփոխիչ միշտ էլ տարբեր լեզուներով են խոսելու` իրար չհասկանալով: Այնպես որ` ճիշտը նախ պայմաններ, ենթակառուցվածքներ ստեղծելն է` վերը նշված երկու, եւ հետագա այլ դեպքերում էլ, հետո հրամաններ արձակելը:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը` մղձավանջ

Մեկ անգամ գրել ենք, բայց միեւնույն է, մեր պատգամավորները կրկին իրենց բանին են, ու ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին քիչ է մնում ողջ կազմով հարց ուղղեն կառավարությանը: Եղբայր, 52 պատգամավորով կառավարությանը հարց տալու համար գրանցվում եք, որ ինչ անեք: Ողջամտության կանխավարկածն այս արարողակարգային միջոցառման համար չէ՞: Միգուցե գործին պետք է խառնվեն հոգեբանները, միգուցե պատգամավորներից շատերն ունեն ուշադրության, հոգածության կարիք կամ իքնադրսեւորման հնարավորության պակաս, ու նրանց ինքնության շոյման միակ ձեւը կառավարությանն ու հատկապես վարչապետին հարց ուղղելն է: Հոգեբանի խառնվելուց հետո միայն մեզ թույլ կտանք կոչ անել ԱԺ նախագահին` նախաձեռնեք-փոխեք կանոնակարգը, ժամանակ սահմանեք, ասենք երկուսուկես ժամ, թե չէ չորեքշաբթի օրվա վերջին ԱԺ նիստը լսող-տեսնողների ու նույնիսկ կառավարության համար վերածվում է մղձավանջի:

Կուտոյանի մահը համարժեք է երկրում անապահովության զգացմանը

ԱԱԾ նաչկին պետ Գեորգի Կուտոյանի մահը (էն որ ասում են` քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու վարկածով), ինձ վերադարձրեց այն անապոհովության զգացումը, որ ունեցել եմ շատուշատ անգամ`Վլադիմիր Նազարյանի իքնասպանության, գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության, Հոկտեմբերի 27-ի սպանդի, փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անհավատալի ինքնասպանության լուրերը լսելիս: Որովհետեւ այս (եւ բազմաթիվ այլ) նախկին առանցքային պաշտոնյաների` երբեք իրականում չպարզվող հանգամանքներով մահերը մի տեսակ պետությանն են կպնում, խեղճացնում նրա ապահովությունն ու անվտանգությունը, վախեցնում մարդկանց, որ ինչ-որ հզորներ երբ- ինչ ուզենանՙ կանեն մեր պետության ներսում, ու դրա դեմն առնելու, կամ գոնե ողջ ծավալով կատարվածը բացահայտելու ուժը կամ կամքն ունեցող կառույց չկա: Գեորգի Կուտոյանը այն սերնդի ներկայացուցիչն է, որը հիմա քաղաքական եւ տնտեսական տարբեր առանցքային պաշտոններում դեր է ստանձնել, ու ի պաշտոնե պետական նշանակության տեղեկատվության տիրապետելուց զատ` հաստատ իմացել է ներկա դերակատարների կենսագրության շատուշատ մանրամասներ: Ասենք, ովՙ ինչպես պատգամավոր դարձավ, ովՙ ինչպես այս կամ այն քաղաքական ուժը ձեւավորեց ու խորհրդարան մտցրեց անցյալում եւ հիմա, ով` ինչի դիմաց ինչ է ստացել: Ուրիշ եւ անվտանգ բան է այս բոլորը ենթադրել այս կամ այն անձի ապրիորի հայտարարությունների կամ մամուլի բամբասանքի մակարդակով, լրիվ ուրիշ եւ վտանգավոր բան` այդ բոլորն արմատից իմանալը, անցյալի, ինչու չէ` նաեւ ներկայի իշխանությունների ողջ տուրեւառին, արտաքին կապերին, անձերի մասին տեղեկատվությանը տիրապետելը: Չնայածՙ բարձր պրոֆեսիոնալներիՙ քաղաքական փոփոխության պատճառով իրոք անպիտան լինելու զգացումը եւս, որ շատերի համար այժմ խնդիր է, չի կարելի որպես շարժառիթ բացառելը: Իրոք ցավ ապրելով երիտասարդ մարդու, ընտանիքի հոր եւ ամուսնու հեռանալով, միաժամանակ նշենք, որ չենք հավատում նրա տարօրինակ ինքնասպանության լիարժեք բացահայտմանը` շահառուներն են շատ ու տարատեսակ, որոնց կասկածի տակ դնելու նպաստավոր հանգամանքը կարող էր նկատի ունենալ ինքնասպանության հասցնող ուզած երրորդ կողմը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ