RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020



ԸՆԴԳԾՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2020-05-07 22:21:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 2518, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումները եւ մեր երկրին ու պետականությանը նետված մարտահրավերները պարզապես ստիպում են վերագնահատել, նոր մոտեցումներով դիտարկել այդ գործընթացները, որպեսզի հնարավոր դառնա դրանց ճիշտ ընկալումն ու դիմագրավելը: Իմ սերնդակիցներին, ովքեր ապրել են երկու հազարամյակների սահմանագիծն ընդգրկող ժամանակահատվածը, սովորաբար թվում էր, թե XXI դարը պետք է հաջորդեր XX դարին, ինչպես նախկին մյուս դարերի հերթափոխի ժամանակ էր եղել: Սակայն նրանք կարող են վկայել, որ XXI դարի գալուստն այնքան էլ բացարձակապես անխուսափելի չէր թվում, քանի որ օրինակ 60-ական թվականներից սկսած շատերը չէին հավատում, որ քաղաքական այրերին կհաջողվի կանխել երկրագունդը ոչնչացնող միջուկային աղետը: Լավ էր, որ մարդկային բանականությունն այնքան զորավոր եղավ, որ նրան հաջողվեց ողջ մնալ:

Այսօր բոլորին թվում է, թե XXI դարը նույնպես երաշխավորված կփոխարինվի XXII դարով: Մինչդեռ այս հարյուրամյակն իր աննախադեպ զարգացումներով նման բարեհոգության տեղ կարծես չի թողնում: Պարզորոշ նկատելի է, որ Արեւմուտքի գերզարգացումը հնարավորություն է ընձեռել հաշվի չառնել մնացյալ աշխարհին: Առաջացել են միջազգային հարաբերությունների կազմակերպման սկզբունքային նոր մոտեցումներ, գլոբալ եսասիրություն, աշխարհի բոլոր անկյուններում առաջընթացի կարեւորության եւ <մարդասիրական> մտադրությունների պատճառաբանությամբ տեղի ունեցող յուրաքանչյուր իրավիճակի խառնվելու իրավունք: Սակայն մեր օրերում նաեւ պարզ է դարձել, որ պատմությունը վերաձեւելու, առավել եւս` <փակելու փորձը> ավելին չի, քան պատրանք: Պատմությունն իսկապես վերակերտվեց, բայց մենք չգիտենք, թե ուր եւ ինչպես, ինչպիսի ճանապարհներով ու ինչ հորիզոնների այն կհասնի: Նոր աշխարհը դարձել է շատ ավելի անկանխատեսելի եւ պատահական իր զարգացման մեջ, քանի որ այնտեղ առաջանում են նոր, անհայտ ու անվերահսկելի ուժեր ու հոսանքներ:


Այս պայմաններում աշխարհի ապագան նորից վերածվել է հարցի: Սակայն եթե նախկինում համաշխարհային քաղաքակրթության ապագային վերաբերող հարցը հանգում էր նրան, թե ինչպիսին է այն լինելու եւ թե գալիքի որ ծրագիրն է նախընտրելի, ապա այսօր հարցն այն է, թե համաշխարհային քաղաքակրթությունն ու Երկիր մոլորակն արդյոք ապագա ունեն:

Այս խորապատկերի վրա համաշխարհային քաղաքակրթության մաս կազմող մեր աշխարհատարածքն ու ժողովրդագրական համապատկերը եւս անմասն չեն մնում այդ զարգացումներից:

Մեծ հաշվով մեր տարածաշրջանի համար թիվ մեկ վտանգը շարունակում է մնալ օսմանիզմը, պանթուրքիզմը եւ պանիսլամիզմը (համաիսլամականություն): Ուստի բոլորովին էլ պատահական չէ, որ վերջերս ԶԼՄ-ներում հաճախակի են դարձել անդրադարձները դրանց: Ցավոք, երբեմն այդ անդրադարձներում տեղ են գտնում անճշտություններ, որոնք էլ այս հոդվածը գրելու առիթը դարձան:

Օսմանիզմի ու պանթուրքիզմի էությունը հասկանալու եւ երբեմն ոչ ճիշտ դասագրքային ձեւակերպումները մեխանիկորեն չկրկնելու համար անհրաժեշտ է անդրադառանալ այն ձեւավորող պատմական իրավիճակին: Աբդուլ Համիդի օրոք Օսմանյան կայսրությունը հայտնվել էր կործանման եզրին: Արտաքին պարտքը աննախադեպ չափերի էր հասել, ազգային-ազատագրական շարժումները լայն ծավալներ էին ընդունել, օտարերկրյա դեսպանները տարբեր պատրվակներով անընդհատ միջամտում էին կայսրության ներքին գործերին եւ այլն: Այդ ամենը դժգոհություն էր առաջացնում թուրքական նորաթուխ բուրժուազիայի շահերի պաշտպան երիտթուրքերի շրջանում: Նրանք ստեղծել էին «Միություն եւ առաջադիմություն» կուսակցությունը եւ Սուլթանական վարչակազմը տապալելու համար 1907թ. դեկտեմբերին Փարիզում համաձայնություն կնքեցին Դաշնակցության, հրեական, արաբական եւ մակեդոնական համանման կազմակերպությունների հետ: 1908թ. հուլիսին այդ պետական հեղաշրջումն իրականացվեց: Երկրում հաստատվեցին սահմանադրական կարգեր եւ իշխանության լծակներն անցան երիտթուրքերին, որոնք խոստանում էին հավասար պայմաններ ստեղծել կայսրության բոլոր ժողովուրդների համար, բարելավել նրանց վիճակը:

Հայերը խանդավառությամբ ընդունեցին այդ խոստումները, սակայն շուտով խորը հիասթափություն ապրեցին, քանի որ իշխանության եկած երիտթուրքերը որդեգրեցին օսմանիզմի պարտադրման գաղափարախոսությունը: Նրանք հայտարարեցին, որ կայսրության բոլոր հպատակներն առանց կրոնական ու ազգային խտրականության օսմանցիներ են եւ ցանկանում էին բոլորին ձուլել մեկ` օսմանյան ազգի մեջ: Նրանք հայտարարում էին, թե ժամանակի ընթացքում կստեղծվի միասնական լեզու (իհարկե դա պիտի լիներ թուրքերենը) եւ մշակույթ: Իրականում օսմանիզմի իրական նպատակն էր բոլոր ազգերին ձուլել թուրքերի հետ եւ վերջ դնել ազգային-ազատագրական շարժումներին: Սակայն դա դատապարտված էր ձախողման, քանի որ ոչ միայն քրիստոնյա ժողովուրդները, այլեւ մահմեդական արաբներն ունեին ազգային բարձր ինքնագիտակցություն եւ նրանց ձուլման փորձը հանդիպեց լուրջ ընդդիմության:

Օսմանիզմից դժգոհ էին նաեւ իրենք` թուրքերը, քանի որ դրանով վերանում էր նրանց նախկին արտոնյալ վիճակը եւ ոչ մահմեդական ռայաները հավասարվում էին իրենց, ինչը հակասում էր ցեղի գերակայությունը: Անհաջողության մատնվելով օսմանիզմի հարցումՙ երիտթուրքերը որդեգրեցին պանթուրքիզմի գաղափարախոսությունը:

21-րդ դարի սկզբին Թուրքիայի քաղաքական էլիտան ներքին եւ արտաքին քաղաքականության առանցքը դարձրեց նեոօսմանիզմը (Neo-Osmanlicilik), որը պետական նպատակաուղղված քարոզչության արդյունքում այսօր դարձել է գերակա եւ իր մեջ է ներառել հասարակության տարբեր շերտեր: Հասարակությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում պատմաֆանտաստիկ «Օսմանյան հանրապետություն» ֆիլմի հանդեպ, որը պատմում է սուլթանի իշխանության տարիների Թուրքիայի մասին: Երիտասարդներից շատերը կրում են ենիչերիների պատկերներով եւ «Կայսրությունը պատասխան հարված կհասցնի» մակագրությամբ վերնաշապիկներ: Անցյալը քաղքենիական պատկերացումներում ներկայանում է որպես Pax Ottoman-ի «ոսկե դար», երբ Միջերկրական ծովում իշխում էին խաղաղությունը, հանգստությունը, բարգավաճումն ու կրոնական հանդուրժողականությունը: «Եվ այդպիսի տրամադրությունները նպաստում են, որպեսզի Եվրոպան չընդունի Թուրքիային եվրոպական հասարակության մեջ»:

Նեոօսմանիզմի կենսագործման համար կարեւոր է նաեւ իսլամական, մասնավորապեսՙ արաբական երկրներում համապատասխան տրամադրությունների ձեւավորումը, որի ուղղությամբ նույնպես տարվում է նպատակաուղղված քաղաքականություն: Գաղափարախոսությունն «արտահանվում» է ինչպես թուրքական «սփյուռք» (ի դեպ, թուրքերը նկատի առնելով այն հանգամանքը, որ սփյուռքահայերն իրենց երկրի քաղաքացիների ժառանգորդներն են, սփյուռքահայությանը համարում են իրենց սփյուռքը), այնպես էլ արաբական երկրներ: Նշանակալի իրադարձություն էր 2010թ. հունվարին թուրքական բուհում «նեոօսմանյան» նախաձեռնություն իրականացնելու Արդարություն եւ զարգացում կուսակցության եւ բարձրագույն կրթության խորհրդի միջեւ ձեռք բերված համաձայնությունը, որով անվճար հիմունքներով Թուրքիայի համալսարաններ են ընդունվելու արաբական երկրների, մասնավորապեսՙ սիրիացի ուսանողներ:

Նեոօսմանականության աշխարհաքաղաքական հայեցակարգի գլխավոր ճարտարապետն է համարվում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, որի «Խորքային ռազմավարություն» աշխատության մեջ են արտացոլված գաղափարախոսության գլխավոր նպատակները: Սակայն գաղափարախոսության ակունքները գնում են մինչեւ Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը, որի կարծիքովՙ երկրի բնակիչներին եւ բալկանյան մուսուլմաններին համախմբողն իսլամն է, որոնց մեկ ընդհանուր պետության գաղափարի շուրջ կարող է միավորել նորովի մշակված գաղափարախոսությունը: Օզալը չի նշել, թե որ գաղափարախոսությունն է ի վիճակի լուծել նման խնդիրներ, սակայն ակնարկվում էր օսմանականության գիրկը վերադառնալու Թուրքիայի ձգտումը:

Առանց թաքցնելու իրենց մտադրությունները, 2009թ. Դավութօղլուն հայտարարեց, որ իր երկիրն իրականացնում է նեոօսմանիզմի քաղաքականություն. «Կա ժառանգություն, որը թողել է Օսմանյան կայսրությունը: Մեզ անվանում են «նեոօսմաններ»: Այո, մենք «նեոօսմաններ» ենք: Հարկադրված ենք զբաղվել հարեւան երկրներով եւ գնում ենք նույնիսկ Աֆրիկա: Մեծ տերությունները շփոթված հետեւում են դրան»: Այնուհետեւ Դավութօղլուն հստակեցրեց, որ Թուրքիան չի սահմանափակվելու մեկ գաղափարի իրականացմամբ, այլ իրար պետք է հաջորդեն Թուրքիայի ծավալապաշտական մյուս գաղափարախոսությունները. «Օսմանյան կայսրությունը մեր պատմության մի մասն է, իսլամըՙ մեր մշակույթի տարրերից մեկը: Արեւմտաեվրոպական ուղղվածությունը մեր պատմական փորձն է, թյուրքիզմըՙ գլխավոր շարժումը»:

Սովորաբար սխալմամբ համարում են, որ Պանթուրքիզմը թուրքական իրականության ծնունդ է: Այնինչ այն ծնունդ է առել Ռուսաստանի թուրքալեզու ժողովուրդների մոտ, որոնց նպատակն էր ազատագրվել օտար տիրապետությունից, թուրքական ժողովուրդներին համախմբել Բալկաններից մինչեւ Սիբիր ու Չինաստան ձգվող միասնական պետության մեջ: Նրանց այդ երազանքը պիտի իրականացվեր միակ անկախ` Օսմանյան կայսրության գլխավորությամբ: Պանթուրքիզմի գաղափարախոսները առաջարկում էին թուրքալեզու բոլոր ժողովուրդների ընդհանուր լեզու դարձնել Պոլսի թուրքերենը: Թուրքերը կայսրության կազմի մեջ մտնող քրիստոնյա ժողովուրդներից սոցիալ-տնտեսական, մշակութային, ազգային ինքնագիտակցության եւ ինքնաճանաչման մակարդակով հետ էին մնում: Ավելին, երկար ժամանակ պահանջվեց թուրքերի մեջ ազգային «եսը» ձեւավորելու համար:

Պանթուրքիզմը ֆաշիզմի նման ռասիստական, շովինիստական գաղափարախոսություն է: Այն փորձում է ապացուցել, որ թուրքական էթնոսը բարձր է կանգնած մյուս ժողովուրդներից եւ ստեղծված է իշխելու համար: Նրա գաղափարախոսները նշում էին, որ Ասիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի բոլոր առաջնորդները սերում են թուրքական, իսկ եվրոպական երկրների ղեկավարներըՙ գերմանական ռասաներից: Իսկ մարդկային քաղաքակրթության բոլոր նվաճումները վերագրում էին թուրքական էթնոսին:

Ծրագրի հեղինակների կարծիքով Պանթուրքիզմն իրականացվելու էր երեք փուլով. թուրքիզմ, օղուզականություն, թուրանիզմ. Առաջին փուլում թուրքացվելու էր Օսմանյան կայսրությունը (այն, փաստորեն, նախատեսում էր ոչնչացնել արեւմտահայությանը), երկրորդում միավորվելու էին օղուզ թուրքերը (օսմանյան թուրքերը, Հյուսիսային Պարսկաստանի ու Անդրկովկասի թուրքալեզու մահմեդականները) եւ թուրքմենները: Այս փուլում էլ ոչնչացվելու էին արեւելահայերի մեծ մասը: Արեւելյան Հայաստանից գրավվելու էին նվազագույնը Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Նախիջեւանը, Զանգեզուրը եւ Ղարաբաղը, որպեսզի կապ ստեղծվեր Ադրբեջանի հետ: Ի վերջո` միավորվելու էին բոլոր թուրքալեզու ժողովուրդները:

1910-1911թթ. Սալոնիկում տեղի ունեցած ընդհանուր ժողովների ժամանակ «Միություն եւ առաջադիմություն» կուսակցությունը որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը: Կայսրության մահմեդական ժողովուրդները պետք է թուրքացվեին, իսկ քրիստոնյաները` ոչնչացվեին: Ապա Թուրքիային էին միացվելու Իրանական Ադրբեջանը, Կովկասը, Ղրիմը, Թաթարստանը, Միջին Ասիան, Սիբիրը, Թուրքմենստանը, Մանջուրիան, եւ ստեղծվելու էր մեծ Թուրանը:

Երիտթուրքերը նշում էին, որ եթե սուլթանները նախկինում ձուլած կամ ոչնչացրած լինեին հպատակ ժողովուրդներին, ապա կայսրությունը չէր բռնի քայքայման ուղին:

Ինչպես նախկինում, այսօր էլ, Պանթուրքիզմի ծրագրի իրականացման ճանապարհին գտնվում է Հայաստանը, եւ հենց այդ պատճառով հայ ժողովուրդը դարձավ դրա առաջին զոհը: Իշխանությունները թուրք բնակչության մեջ սկսեցին հրահրել վայրենի շովինիզմ ու հայատյացություն, կոչ էին անում ոչնչացնել հայերին: Այսինքն` պանթուրքիզմի ազգայնական, ռասիստական, ծավալապաշտական գաղափարախոսությունն իր սուր ծայրով ուղղվեց հայ ժողովրդի դեմ եւ հանդիսացավ Մեծ եղեռնի գլխավոր գործոնը:

Ժամանակակից Թուրքիայում նեոպանթուրքիզմի տեսքով եւ նորովի մեկնությամբ պանթուրքիզմը վերածնունդ է ապրում: Սակայն եթե ԱՄՆ-ի համար այն հզոր գործիք էր ընդդեմ ԽՍՀՄ-ի, ապա վերջինիս փլուզումից եւ թյուրքախոս ազգերի համախմբվելու փորձերն ավելի ռեալ հարթության մեջ դրվելուց հետո դա սկսեց անհանգստացնել հենց ԱՄՆ-ին: Թեեւ այսօր էլ ամերիկյան քաղաքական շրջանակները դեռ օգտագործում են պանթուրքական (օրինակՙ ույղուրական) գործոնը, բայց արդեն այն ուղղում են գլխավորապես Չինաստանի դեմ :

Հաշվի չառնելով նրանց աշխարհագրական տարածման սահմանները եւ տարբերությունները, պանթուրքիստների նպատակը թյուրքախոս ժողովուրդներին մեկ ընդհանուր պետության մեջ ընդգրկելն է: Դրա իրականացման ճանապարհին առաջնային է համարվում թյուրքական էթնոսի համախմբումըՙ Չինաստանից մինչեւ Ադրիատիկ ծով: Միաժամանակ կարեւորվում է նաեւ տնտեսական գործոնը, որը համախմբմանը տալիս է ընդգծված բնույթ, քանի որ Միջին Ասիայի նավթային պաշարներըՙ «թուրանական նավթը», Թուրքիայի էներգետիկ խնդիրների լուծման ճանապարհն են:

Եթե նեոօսմանների հիմնական նշանակետը էթնիկական գործոնն է, ապա նեոպանթյուրքիստների համար թյուրքախոս ժողովուրդներին ոչ թե կրոնական (սեմական արաբներ, բալկանյան մուսուլմաններ) հենքով համախմբելն է: Այստեղից էլ նրանց միջեւ բավական լուրջ տարաձայնություններ են առկա: Սակայն անգամ այս տարաձայնության պարագայում նեոօսմանները պանթյուրքիզմը դիտում են որպես այլընտրանքային ճանապարհ, այն լրացնող գործոն, որի վերջնանպատակն է դառնալու թուրքական եվրասիականությունը: Այնպես որ, թուրքիզմը երբեւէ հետընթաց չի ապրել եւ տարածաշրջանային անկանխատեսելի փոփոխությունների դեպքում կկիրառվի: Օրինակ` Իրաքյան վերջին պատերազմի ընթացքում ազգայնական ուժերն անթաքույց քարոզչական եւ ռազմական օգնություն ցուցաբերեցին իրաքյան թուրքմեններին: Ավելացնենք, որ մեր օրերում Թուրքիայում պանթուրքիստական գաղափարախոսության կրողներն են Ազգայնական շարժում կուսակցությունը, զինվորականության ուլտրազգայնական թեւը, կիսառազմականացված «Գորշ գայլեր» ազգայնական-ծայրահեղական խմբավորումը եւ այլ հայտնի ու անհայտ կառույցներ:

Այս անգամ այսքանը: Խոսակցությունը կշարունակենք առաջիկայում:

9.03.2020

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ