ԴՈԿՏ. ԴԱԴՈՅԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է «ԻՍԼԱՄԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ» ԹԵՄԱՆ Հ.Ծ. «Իսլամը հայ գրական մշակույթումՙ 7-րդից 21-րդ դար: Տեքստ, կոնտեքստ եւ դինամիկա»: Այս խորագրով մարտի 11-ին Կոլումբիա համալսարանի (Նյու Յորք) «Նոքս» դահլիճում դասախոսություն է կարդացել փիլիսոփայական գիտությունների դոկտ. Սեդա Դադոյանը : Ծրագրի հովանավորներն են համալսարանի հայագիտական կենտրոնը, համալսարանի Մերձավոր Արեւելքի, Հարավային Ասիայի եւ Աֆրիկյան ուսումնասիրությունների բաժանմունքը եւ «ՆԱԱՍՐ» հայկական հետազոտությունների կենտրոնը: Դադոյանը, ըստ «Միրոր-Սփեքթեյթրի», հայագիտական, փիլիսոփայական, արվեստաբանական թեմաներով բազմաթիվ դասախոսություններով է հանդես եկել: Հեղինակ է, կամ համահեղինակ մոտ մի տասնյակ ուսումնասիրությունների, այդ թվումՙ «Ֆաթիմյան ժամանակաշրջանի հայերը: Մշակութային եւ քաղաքական փոխազդեցությունները Միջին Արեւելքում (1997-ին), «Հայոց կաթողիկոսությունը Կիլիկիայից մինչեւ Անթիլիաս: Քաղաքական պատմության ներածություն» (2003-ին) եւ «Հայերը միջնադարյան իսլամական աշխարհում: Փոխազդեցությունների օրինակներՙ 7-ից 14-րդ դարեր» (2011-2013-ին) հատորների: Հաջորդ գիրքը արծարծելու է իր դասախոսության թեման, որն իր կարծիքով շատ քիչ է ուսումնասիրված, հակառակ որ կան եզակի արձանագրություններ փոխադարձ գործակցությանՙ 660-ական թվականից սկսած, որոնք իր թարգմանություններով ներկայիս հասանելի են դարձել գիտաշխատողներին: Նրա նպատակն է համապարփակ, քննադական ուսումնասիրության ենթարկել հիմնականում երեք գլխավոր թեմաներՙ ա) Մարգարեի եւ իսլամի ըմբռնումը, կամ միջնադարյան հայ Մահմետը եւ իր օրենքները, բ) «Pax Islamica» գրավոր արձանագրությունը (7-րդից 20-րդ դար) եւ գ) Ղուրանը գրականության մեջ կամ հայկական ղուրանները, նրանց լուսանցագրություններն ու հավելվածները (1680-2014): Հավելյալ մանրամասնություններով հետաքրքրվողները կարող են դիմել պրոֆ. Խաչիկ Մուրադյանինՙ այցելելով Km3253@Columbia.edu կայքը: |