RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020



Տեղադրվել է` 2020-05-07 22:21:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 2606, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՎԻՃԿՈՄԻ ՖԵՅՔ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԵՋ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Անդրադառնալով այս տարվա առաջինՙ հունվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, վարչապետ Փաշինյանը շտապեց գրառում կատարել, հայտարարելով, որ «փայլուն տնտեսական տարի ենք սկսել», «տարին սկսում ենք բարձր տնտեսական նոտայով»: Հիշեցնենք, որ մինչ այդ նա արդեն հայտարարել էր այս տարին 8-9 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին, փաստորեն ուղղորդելով վիճակագրական կոմիտեին:

Համոզվելու համար, որ հունվար ամսվա ցուցանիշները պայմանավորված են թվային մանիպուլյացիաներով եւ աղավաղումներով, տնտեսության զարգացման համար որեւէ արժեք չհանդիսացող ճյուղի ծավալների ավելացմամբ, միջազգային շուկայում մետաղների նպաստավոր գներով, անդրադառնանք այդ տվյալներին: Ի դեպ, ընդգծենք նաեւ, որ նման կարճ ժամանակահատվածիՙ միայն մեկ ամսվա տվյալներով «բարձր նոտաների» մասին եզրակացություններ անելը նույնպես սխալ է:

Բարձր տնտեսական աճի հրահանգը անշեղորեն կատարվել է

Եվ այսպես, անշեղորեն կատարվել է 8-9 տոկոս տնտեսական աճ «ունենալու» պահանջըՙ հունվարին տնտեսական ակտիվության աճը, ըստ վիճկոմիՙ ճիշտ 8,9 տոկոս է: Նիկոլ Փաշինյանի համար այս պահի կարեւորագույնՙ ապրիլի 5-ի հանրաքվեից առաջ սա թերեւս հրատապ պահանջ էր, քանի որ անհրաժեշտ է լինելու մարդկանց հավաստիացնել, որ տնտեսությունը զարգանում է եւ նրանց ներշնչել, որ իրենք արդեն լավ են ապրում:

Նախՙ տեղեկացնենք, որ գյուղատնտեսության ցուցանիշները հրապարակված չեն: 2018 թ.-ի կեսերից «թավշյա հեղափոխության» տրամաբանությունը որոշեց, որ դրանք հրապարակվելու են միայն եռամսյակային պարբերականությամբՙ «պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ եւ բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ»: Անշուշտ, քննադատության չդիմացող «փաստարկ» է: Ամեն դեպքում ընդգծենք, որ գյուղատնտեսությունը, որն ընդգրկում է ամենամեծաթիվ բնակչությունը, անկման մեջ է: 2018 թ.-ի առաջին եռամսյակում այն սկսել էր դուրս գալ անկումից եւ աճ արձանագրել, բայց գյուղատնտեսությունը որպես առաջնահերթություն հռչակած նոր իշխանության ժամանակ այն կրկին ընկղմվեց ավելի խորը անկման մեջ:

Արդյունաբերությունում աճը հունվարին կազմել է 13,4 տոկոս: Սակայն, հիշեցնենք, որ դա տեղի է ունեցել անցյալ տարվա հունվարին արդյունաբերության 0,4 տոկոս անկման ֆոնին: Բացի դրանից, դա տեղի է ունեցել հիմնականում հանքարդյունաբերության շնորհիվ: Հիշեցնենք, որ վարչապետը սխալ էր համարում ընդերքի հաշվին տնտեսության զարգացումը եւ հայտարարում էր, որ հանքարդյունաբերությունը մեր տնտեսության համար ապագա չի: Սակայն այսօր, այդ նույն հանքարդյունաբերության շնորհիվ «փայլուն» ցուցանիշների մասին է հայտարարում:

Շինարարությունում, ըստ վիճկոմիտեի, արձանագրվել է 7,7 տոկոս աճ: Անցած տարվա հունվարին այստեղ աճը 22,1 տոկոս էր, իսկ տարեվերջում դժվարությամբ հասցվեց 4,6 տոկոսիՙ դեկտեմբերին 8,5 տոկոս աճ ցույց տալու շնորհիվ: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մենք կանգնած ենք «շինարարական բումի» շեմին: Դա տեղի չունեցավ եւ հիմա էլ տեղի չի ունենում :

Տնտեսության ամենամեծ ծավալներ ունեցող ճյուղըՙ առեւտրի շրջանառությունում 10,3 տոկոս աճ է նշված: Այս ճյուղը դարձել է աճպարարությունների գլխավոր ուղղությունը, որտեղ «ավանսով» բարձր աճ է ցույց տրվում, հետոՙ մոտեցվում իրականությանը: Մասնավորպես, անցյալ եւ նախանցյալ տարի արդյունաբերությունում եւ ներմուծման մեջ արձանագրվող անկման պարագայում առեւտրում ընդհուպ 20 տոկոսի հասնող աճ էր ցույց տրվում: Արդյունաբերության եւ ներմուծման մեջ երբ սկսվեց աճ արձանագրել, առեւտրի աճը սկսեց նվազել: Չխոսենք այն մասին, որ վերջին մեկուկես տարում առեւտրի բոլոր ուղղություններում տնտեսվարողները շրջանառության նվազում են արձանագրում, իսկ վիճկոմը հայտարարում է աճի մասին:

Ծառայությունների ոլորտում աճը 13,2 տոկոս է, որը խաղային բիզնեսի շնորհիվ է տեղի ունենում: Այստեղ չի ստեղծվում հավելյալ արժեք: Ընդհակառակըՙ կլանվում են մարդկանց գումարները: Ի դեպ, հենց 2018 թ.-ի կեսերից սկսվեց բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքների ծավալների աճըՙ լավագույնս արտացոլելով մեր սոցիալ-տնտեսական կացությունը:

Ո՞ւմ աշխատավարձերն ու պարգեւատրումներն են կտրուկ ավելացել

Հունվարին գնաճը կազմել էր 0,2 տոկոս, իսկ միջին աշխատավարձը աճել 5,9 տոկոսով: Անտեղյակ մարդուն սա կարող է լավ արդյունք թվալ, բայց ...

Նման ցածր գնաճի պարագայում 8,9 տոկոս տնտեսական աճը մեղմ ասած հնարավոր չէ: Եթե նման տնտեսական աճ լիներ, ապա զուգահեռաբար պետք է ավելանար բնակչության գնողունակությունը, հետեւաբար եւ ավելի բարձր գնաճ արձանագրվեր: Դա տեղի չի ունեցել: Ընդհակառակը, օրինակՙ փետրվարին էլ գնանկում է արձանագրվել: Մենք ունեցել ենք նախադեպՙ 2016 թ.-ին, երբ 1,4 տոկոս գնանկում էր եղելՙ իսկ տնտեսական աճը համապատասխանաբար կազմել էր 0,2 տոկոս: Սա է իրականությանը մոտ իրավիճակը:

Միջին ամսական աշխատավարձի մասին: Պետական հատվածում աշխատավարձն ավելի բարձր աճ է ունեցելՙ 8,6 տոկոս, քան մասնավորումՙ 3,8 տոկոս: Արդյունքում, միջին աշխատավարձի աճը կազմել է 5,9 տոկոս:

Դա փաստում է, որ տնտեսության մեջ զարգացումները համեստ են, սակայն դա չի խանգարում պետական հատվածում կտրուկ բարձրացնել աշխատավարձերն ու պարգեւավճարները: Ավելի կոնկրետՙ պետական հատվածում աշխատավարձերի աճը պայմանավորված է նախարարների, փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարների, մարզպետների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների աշխատավարձերի կտրուկ բարձրացմամբՙ 900 հազարից մինչեւ 1,5 մլն դրամ: Դրան էլ ավելացրած ամենամսյա աստղաբաշխական պարգեւատրումները:

Դարձյալ հիշեցնենք, որ մեծ դժգոհություն առաջացրած այս երեույթը «թավշյա հեղափոխության» ծնունդ է եւ փաստացի հանդիսանում է պետական բյուջեի «օրենքով» թալան: Այն, որ վարչապետ Փաշինյանը դրական է համարել նախարարների եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին նման բարձր գումարներ տալը, վկայում է, որ խոսք անգամ չի կարող լինել նրա անտեղյակ կամ սխալ զեկուցված լինելու մասին :

Արտահանման աճՙ դարձյալ «փրկության է հասել» հանքարդյունաբերությունը

Իր գրառման մեջ վարչապետը նշել էր նաեւ արտահանման 20,4 տոկոսով աճ: Գումարային առումով դա մոտ 29 մլն դոլարով ավելի է, քան անցյալ տարվա հունվարին: Եվ դարձյալ «փրկության է հասել» հանքարդյունաբերությունը: Բանն այն է, որ հանքահումքային արտադրանքն այս տարվա հունվարին անցած տարվա հունվարից ավելի է եղել մոտ 19-20 մլն դոլարով, իսկ ոչ թանկարժեք մետաղներինըՙ մոտ 10 մլն դոլարով: Սա է այն 29-30 մլն դոլարով աճը, որ արտահանման մեջ արձանագրել է վիճկոմը:

Շեշտենք նաեւ, որ մշակող արդյունաբերության արտահանման ծավալները ցավոք նվազել են: Խոսքը երեք խոշոր ենթաճյուղերիՙ պատրաստի սննդի արտադրանքի, մանածագործական իրերի (հագուստ) եւ թանկարժեք ու կիսաթանկարժեք իրերի եւ մետաղների արտահանումի նվազման մասին է:

Եթե հաշվի առնենք, որ այս տարի բացակայում է անցյալ տարվա տնտեսական ակտիվության գլխավոր նպաստող գործոնըՙ ավտոմեքենաների զանգվածային ներմուծումը, իսկ տնտեսական քաղաքականություն ոչ միայն գոյություն չունի, այլ դեռ մի բան էլ պարբերաբար քաղաքական ցնցումների մեջ ենք գտնվում, ակնհայտ է, որ այս տարեկան տնտեսական աճը շատ ավելի փոքր է լինելու: Բարձր աճ հնարավոր կլինի միայն վիճակագրական կոմիտեի մոտ, բայց դա կլինի իրականության ֆեյք արտացոլումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ