ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԹԵՄԱՅԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՑԱՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԹԵՆԳԻԶ-ՍԵՅՐԱՆ ՄԻԿՈՅԱՆՑԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ Հասմիկ Սարգսյան Թենգիզ Միկոյանցը թումանյանական թեմայի ի՛ր մեկնությունն ունի, եւ այդ մեկնությունըՙ հատուկ ստեղծված նկարաշարերով, նկարչի արմատների, իր ապրած միջավայրի հայկականության բացահայտման մի առանձին փուլ են նաեւ: Մի քանի բազմակտավ նկարաշարեր էր Միկոյանցը բերել Երեւան. մեկն արված էր հին թիֆլիսյան միջավայրում, մյուսըՙ Լոռվա աշխարհում, այն վայրում, որտեղ ծնվել, հասակ է առել, եւ որտեղից բանաստեղծական անսպառ ոգեշնչում է ստացել Համայն Հայոց բանաստեղծը: Մյուս նկարաշարերն էլ ստեղծվել են այն վայրերում, որոնք դարձյալ անմիջականորեն կապված են բանաստեղծի անվան հետ, որոնցում եղել է նա: Բանաստեղծի ապրած կյանքի հետագծով շրջելովՙ Թենգիզ Միկոյանցը եղել է Ախալքալակում եւ Ախալցխեում, Բորժոմիում եւ Մանգլիսում, Կոջորիում եւ Աբասթումանում, Ախթալայում եւ Փարվանա լճի ափին, այլուր: Թենգիզի կտավներում այն վայրերն են, որոնցով անցել է Թումանյանը, որտեղ գուցե բանաստեղծել կամ խորհել է հայոց ճակատագրի մասին... Նկարիչը վերականգնել է Թումանյանի ներկայության հիշողությունը թիֆլիսյան փողոցներում եւ տներում, ապա տեղափոխվել է մի կարճ ընթացքով Դսեղՙ այնտեղ եւս փնտրելու բանաստեղծի կենդանի ներկայությունըՙ բարձրուղեշ ծառերով շրջապատված հողե ճանապարհին, բանաստեղծի հայրական տան մերձակայքում, անդնդախոր ձորերի եզերքին, հայացք ձգելու հեռվում ուրվագծվող այն լեռներին, որոնց կանաչ լեռնալանջերին հաճախ է շրջել բանաստեղծի միտքը, տեսնելու եւ ճանաչելու այն մարդկանց սերունդներին, որոնց մի շառավիղն էլ Թումանյանն է... Թենգիզի օջախի անունը Սեյրան է: Վրաստանում նրան ճանաչում ենՙ իբրեւ Թենգիզ Միկոյանցի, որ ծնվել է վրացական Խաշուրի անվանյալ վայրումՙ հայկական ընտանիքում, գեղարվեստական կրթություն ստացել Մոսե Թոիձեի անվ. գեղարվեստի քոլեջում, ապա եւ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում: Թ. Միկոյանցի գեղանկարները գտնվում են աշխարհի տարբեր ծայրերում, մի տասնյակից ավելի անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թբիլիսիում, Ռուսաստանում, հայաստանյան տարբեր ցուցասրահներում: Թենգիզ-Սեյրանին Վրաստանում ճանաչում ենՙ որպես Հին Թիֆլիսի պատկերները հավերժացնող նկարչի: Հին թիֆլիսյան թեմաների գեղանկարչական արծարծումներն են հենց Միկոյանցի համար դարձելՙ որպես նկարիչ կայուն կայացման հենքը: Դեպի սեփական արմատները, ազգային պատկանելությանը գալու մի հետաքրքիր ընթացք է ունեցել նկարիչը: Հիշողության մեջ ունենալով արմատներով մշեցի, ծնունդով կարսեցի, եղեռնից մազապուրծ տատի պատմություններըՙ նկարիչն արդեն կյանքով, գործով, ստեղծագործությամբ եկել, հանգել է հայկականության բացահայտման թեմային: Մեր զրույցը նկարչի հետ իր հայկական արմատների, հայկական գենի իր զգացողության, հին թիֆլիսյան պատկերաշարերի մասին էր: «Հին Թիֆլիսի ողջ շունչը, բույրը, գույնը, տրամադրությունն եք բերում երեւանյան ցուցասրահներ,- կիսում եմ տպավորություններս նկարչի հետ,- եւ այդ գործերը դիտելիսՙ կարոտի զգացման ալիքը բարձրացավ հոգումս, որովհետեւ Հին Երեւանի նույնքան կենդանի շունչը մենք կորցրեցինք մարդկային անտարբերության, անփութության, թե՞ հանցավոր անգիտության, ազգային ժառանգությունը չգնահատելու հետեւանքով: Ի՞նչ եք ապրում հին Թիֆլիսը նկարելով, ի՞նչն է, որ Ձեզ ձգում է. չէ՞ որ Թիֆլիսում ամեն մի անկյուն նաեւ հայկական է»: «Քաղաքը, որ կառուցել են հայերը (եթե անգամ հայերը կառուցած չլինեին), ինքնին կախարդական է, հմայում է, ջերմացնում իր գույներով,- ասում է Թենգիզ-Սեյրան Միկոյանցը:- Ըստ էության, հենց ա՛յդ քաղաքը սովորեցրեց ինձ նկարել, ես երախտապարտ եմ այդ քաղաքին. նրա գույնը, երանգները, ինչով հագեցած է քաղաքը,- այդ ամենի շնորհիվ եմ նկարիչ. հիմա դա կտավներին եմ արտացոլում- դուրս բերում քաղաքի այդ ջերմությունը, որը շատ հին է, կոլորիտով, գեղեցիկ: Տների կառուցվածքը, պատշգամբները, այդ ամենի սիրուն համադրությունը, ամեն ինչ ներդաշնակված է այնտեղ»: Հենց այդ անկյուններում էլ նկարիչը գտել է նաեւ թումանյանական հիշատակություններ. այն տները, որոնցում բնակվել է Թումանյանը, որտեղ ինքը սիրել է շրջել, որտեղ ինքը պատիվ է առել բազմազգ թիֆլիսաբնակներից, եւ պատիվ է տվելՙ որպես հյուրասեր հայ, որպես մեծ մտավորական, որպես ամենայն հայոց թամադա: Հիշում եմ, որ Թումանյանի մասին հուշագրություններում կան վկայություններ, թե ինչպես իր հոբելյանին ողջ Թիֆլիսը, տարբեր ազգերի բնակչությունը, կրթօջախները, մշակութային հաստատությունները, բանաստեղծին ասես ձեռքից ձեռք խլելով, հանդիսություններ են կազմակերպել, պատվել են, մեծարել... Նա Թիֆլիսի հպարտությունն էր, հայության յուրօրինակ դեմքըՙ ճանաչված բոլորի կողմից, հարգված ու մեծարված կենդանության օրոք: Արդյո՞ք այդ հիշողությունը կենդանի է այսօր Վրաստանի մայրաքաղաքում, այն վայրերում, որոնց հետ կապված է բանաստեղծի անունըՙ հետաքրքվում եմ: Պարզվում էՙ իրականությունն այսօր այլ է: Նկարիչը երբեմն ստիպված է եղել բացատրել, ապացուցել այս կամ այն վայրի հայկականության փաստը. «Երբ նկարում էի կոնսիստորիան, որտեղ աշխատել է Թումանյանը, ինձ հարցրինՙ ինչու՞ եմ ընտրել այդ վայրը: Ես ասացի, որ այստեղ հայկական եկեղեցի է եղել. ինձ հակաճառեցին, թե վրացական է: Իմ բացատրությունից հետոՙ ներողություն խնդրեցինՙ պատճառաբանելով, թե իրենց այդպես են սովորեցրել»: Ցավով եզրակացնում եմ, որ, ուրեմնՙ հայկականության, նաեւ թումանյանական կենդանի «ներկայության» հետքերը հետզհետե ջնջվում են: Եվ այս նկարաշարով արվեստագետը,ասես, պատմության փոշին է մաքրում, հիշողությունն է վերականգնում, դարձ է կատարում դեպի թումանյանական Թիֆլիսը: |