ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆՙ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ Կառավարությունում տեղի ունեցած կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել aրտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ: Մինչ այդ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփ ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրությոխնն ու վարակված անձանց առողջական վիճակին վերաբերող տվյալները: Առաջարկվել է եւս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ: Այնուհետեւ քննարկվել են տնտեսական գործունեության առանձին տեսակների սահմանափակումներին, դրանց վերացման հնարավորության ժամանակացույցին, վարակի տարածման հակազդելուն ուղղված գործողությունների պլանին վերաբերող հարցեր: Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտակարգ դրություն է սահմանված մարտի 16-ից եւ գործելու է մինչեւ ապրիլի 14-ը: Ավելի վաղ «Լոըսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյանն իր էջում գրել էր. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնՙ Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը: Հետեւաբար, ամբողջ Հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլեւս անհնար է»։ Ափսոսում ենք այս որոշման համարՙ տնտեսությունից այդ ընթացքում հազիվ թե բան մնա: Տեսնենք, թե իրավական հիմնավորումներն ինչպիսին են լինելու: |