«ԽԵՂԴՎՈՂՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԽԵՂԴՎՈՂՆԵՐԻՆՆ Է» ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Բոլոր նրանք, որոնք առիթ ունեցել են լսելու BBC-ի Hard Talk («Դժվար կամ կոշտ զրույց») ծրագրիՙ մեր ընթերցողներին հայտնի հեղինակ Ստեֆըն Սաքուրի (Stephen Sakur) հարցազրույցը Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեյնելի (Anders Tegnell) հետ, կարող են ինձ հետ վկայել, որ այն ուներ շատ բան ուսանելի նաեւ մեզ համար: Հայտնի է, որ Շվեդիան ի տարբերություն շատ այլ երկրների եւ հատկապես Սկանդինավյան իր հարեւանների, Կովիդ-19 համավարակի դեմ պայքարում որդեգրեց բոլորովին այլ մարտավարությունՙ չանշարժացնելով երկրի տնտեսությունը, չփակելով կրթական հաստատությունները եւ թույլատրելով, որոշ սահմանափակումներով հանդերձ, սպասարկման եւ կենսագործունեության մյուս ոլորտներըՙ տրանսպորտ, թատրոն, թանգարան, ռեստորան, սպորտի եւ հաճույքի վայրեր: Արդյունքը, դատելով վիճակագրությունից, այնքան էլ փայլուն չէ. ներկա դրությամբ, 11 միլիոն բնակչություն ունեցող այս երկրում վարակակիրների թիվն անցնում է 40 հազարը (բուժվածներ թե բուժվողներ), իսկ մահացածներինըՙ շուրջ 3500, որը հարեւան երկրների հետ համեմատած, որոնք համավարակի դեմ պայքարի փակ ռեժիմն են կիրառում, 6-7 անգամ ավել է, հատկապես մայրաքաղաք Հելսինկիում: Այսուհանդերձ, շվեդ գլխավոր համաճարակաբանի պնդումով, երկրում այժմ գոյություն ունիՙ այսպես կոչված «զանգվածային իմունիտետ», որը գլխավոր գրավականն է համարավակը վերջնականապես զսպելուՙ նաեւ հետագա ալիքներին ընդառաջ: Մանավանդ որ, հայտարարեց նա, կրկնակի վարակման գիտականորեն ապացուցված որեւէ փաստ գոյություն չունի առայժմ: Մեզ համար առավել ուշագրավն այն է, որ, կրկին համաճարակաբանի վկայմամբ, Շվեդիայում երկար ժամանակ արդեն գործել է հանրային առողջապահության ազդու համակարգՙ յուրաքանչյուր բնակչի առողջության տվյալների ամբողջական գրանցմամբ, հետեւաբարՙ համավարակի տարածման ուղիների, միտումների եւ արագության կանխատեսման եւ վերահսկողության հնարավորությամբ: Որը ամենակարեւորն է այս եւ նման պարագաներում: Ինձ համար երկրորդ հայտնությունն այն էր, որ համավարակի դեմ պայքարը այդ երկրում ղեկավարում է անձամբ գլխավոր համաճարակաբանը իր թիմով, եւ գործադիր իշխանություններն առաջնորդվում են նրա եւ միայն նրա թելադրանքով: Երրորդըՙ շվեդների գիտակցական մակարդակն է: Նրանք քաջ գիտեն ինչպես հոգ տանել անձնական հիգիենային, պաշտպանվել նույնիսկ առանց դիմակ ու ձեռնոց կրելու: Իսկ ինչ վերաբերում է վարակվածներինՙ ցնցիչ էր Թեյնելի պատասխանը լրագրողի այն հարցին, թե ինչպես են մեկուսացվում կամ մեկուսանում շվեդները: «Մեր քաղաքացիները, ասաց նա, covid-19-ից էլ առաջ, երբ հիվանդանում ենՙ պառկում են տանը»: Անշուշտ վստահ լինելով, ավելացնեմ իմ կողմից, լրիվ վճարվելու են դրա դիմաց: Հիմաՙ կտրուկ անցում կատարենք դեպի մեր երկիր: Չեմ ուզում կրկնել բազմիցս կրկնված մեղադրանքները ուղղված մեր իշխանություններին. սկզբում արհամարհանք կորոնավիրուսի նկատմամբ, ապաՙ ձեւական եւ անարդյունավետ խստացումներ, այնուհետեւՙ մեկ բաց-մեկ փակ-մեկ կիսաբաց ռեժիմ: Այդ եւ այլ թերացումների համար, ուշ թե շուտ, պատասխանատուները հաշիվ են տալու: Իսկ հիմաՙ նոր քաղաքականություն ու նոր մոտեցումներ. յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու իր վարակման համար, մենք այդքան մահճակալ, այդքան բուժաշխատող, բժշկական այդքան սարքավորումներ չունենք: Մենք կբուժենք միայն առողջանալու շանսեր ունեցողներին, իսկ մնացյալներըՙ թող բուժվեն տանը եւ, փաստորեն, հույսները դնեն Աստծու ողորմածության վրա: Ըստ ինձ, սա պայքարը տանուլ տված լինելու խոստովանություն է, որի չքմեղանքը դիմակ-ձեռնոց չկրելու, սոցիալական կոչվող հեռավորությունը չպահպանելու հանցանքն ու պատիժն է: Սա ոչ մի կապ չունի շվեդական մոդելի հետ, որտեղ բնակչությունը թե՛ աշխատում է, թե՛ սովորում, թե՛ բուժվում, թե՛ կյանքը վայելում, ճիշտ էՙ covid-19-ի «մտերմության» մեջ, բայց հույս ունենալով, որ ընդմիշտ զերծ է մնալու վարակից: Մեր պետական պատասխանատուները վերջերս շատ են խոսում պայքարի շվեդական մոդելի մասին: Նրանք մոռանում են այդ երկրի առողջապահական ենթակառուցվածքի, ժողովրդի գիտակցական մակարդակի, մեկուսի կյանքով ապրելու սովորության, կառավարման համակարգի, համավարակի դեմ պայքարը մասնագետների գլխավորությամբ մղելու իմաստության մասին: Իմ տպավորությամբ, մերոնք ընդհանրապես չեն ճանաչում մեր ժողովրդին. բուխ սիրտ, համով-հոտով, բայց անկարգապահ, երբեմն փնթի, երբեմն հախուռն, տարօրինակ «խասյաթների» տեր եւ ավանդույթներից կառչած, «բիսետկաներում» քիթ-քթի նստած նարդի խաղացող, տներում համավարակի ամենաթեժ այս օրերին հարեւանների եւ ընկերների հետ բլոտ «տաքացնող» մեր համաքաղաքացիներին: Շվեդական հագուստը մեր հագով չէ: Ըստ անգլիացի լրագրող Ստեֆըն Սաքուրի, Շվեդիայում այս օրերին շատ-շատ են հատկապես այն երիտասարդները, որոնց վերնաշապիկի վրա դաջված է ոչ թե թագավորի կամ վարչապետի, այլ գլխավոր համավարակաբան Անդերս Թեյնելի դիմանկարը: Նախանձե՛լ կարելի է: |