RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30 > #017, 2020-06-05 > #018, 2020-06-12 > #018, 2020-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-05-2020



Տեղադրվել է` 2020-05-30 01:06:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 3231, Տպվել է` 114, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱԺԵՇՏԻ ՏԵՂ ԹՈՂՆԵՆՔ...

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

1970-ի սկզբներին Հայաստանը համակված էր խոլերայի համաճարակի տագնապով: Իմ ծննդավայր Դիլիջանում, ուր ապրում եւ աշխատում էի այն տարիներին, ստեղծվել էր խոլերայի համաճարակի դեմ պայքարի քաղաքային շտաբ, որի նիստերից մեկի ժամանակ շտաբի երջանկահիշատակ անդամ, սանէպիդկայանի գլխավոր բժիշկ Ասյա Փահլեւանյանը բառացիորեն այսպիսի մի հայտարարություն արեց. խոլերայից վախենալ պետք չէ, զգուշանա՛լ է պետք: Յուրաքանչյուր համաճարակ տարածվում է անձնական հիգիենայի տարրական կանոնների ամենատարբեր խախտումներից: Հատկապեսՙ կեղտոտ ձեռքերից: Մաքո՛ւր պահենք մեր ձեռքերը, եւ խոլերան մեզ կշրջանցի:

Կես դար է անցել, սակայն այսօր էլ տիկին Փահլեւանյանի խոսքերը ականջիս մեջ են: Մանավանդ այժմ, երբ կորոնավիրուսի համաճարակի առթիվ ամեն օր տարատեսակ լուրեր են պտտվում հասարակության ամենալայն շրջանակներում: Ելնելով վերջին կես դարում իմ վերապրած մի շարք համաճարակների հաղթահարման փորձից, հարկ եմ համարում կրկնել Դիլիջանի սանէպիդկայանի երբեմնի գլխավոր բժշկի վերը բերածս խոսքերըՙ համաճարակից չվախենա՛նք: Եվ հասկանանք ամենագլխավորըՙ սա մի փորձություն է, որը կարող ենք հաղթահարել միայն բոլորս միասին: Մեկ անկարգապահ, թափթփված (մեր սփյուռքահայ եղբայրները կասեինՙ փինթի մարդը), որն անլրջորեն է վերաբերում ընդհանուր վտանգին, կարող է հարվածի տակ դնել ոչ միայն իր, այլեւ մեր հարյուրավոր հայրենակիցների կյանքը: Աստվա՛ծ վատթարագույնից ազատի:

Այժմ, կարծում եմ, ոչ թե իրար միս կրծելու, այլ մեկը մյուսին թեւ ու թիկունք դառնալու անհրաժեշտության պահն է: Ենթադրենք, կորոնավիրուսը մեր ազգային թշնամիներից մեկն է: Օրինակՙ թուրքը: Կարո՞ղ եք պատկերացնել, թե այդ թշնամին ի՞նչ կանի, եթե, դարձյալ Աստված մի արասցե, թեկուզեւ կարճ ժամանակով գրավի հայկական որեւէ բնակավայր: Հայ բնակիչներից ո՞վ կարող է երաշխավորված լինել, որ թուրքն իրեն չի հոշոտի: Ինչպես որ հոշոտեցին ապրիլյան քառօրյա պատերազմում մի քանի ժամով իրենց գրաված հայկական Թալիշ բնակավայրի երկու զառամյալ եւ հաշմանդամ ամուսիններին: Ատելությունից կուրացած, միմյանց կոկորդ կրծելու մոլուցքով ապրող յուրաքանչյուր հայ մարդ այսօր պարտավոր է գիտակցելՙ թուրքի համար որեւէ նշանակություն չունիՙ ո՞վ եսՙ հնչակ, դաշնակ, ռամկավար, հանրապետական, թե՞... նիկոլական: Հա՞յ ես, լեգիտիմ, թե՞ ոչ լեգիտիմ իշխանավոր, շարքային ես, թե՞ մեծահարուստՙ թուրքը քեզ ընդունում է իբրեւ թշնամի: Որովհետեւ գիտի, թե դարեր շարունակ ինչպե՜ս է վայրագաբար լլկել Թուրքիայի (եւ ոչ միայն) հայազգի քաղաքացիներին: Դրա համար էլ չի կարողանում հավատալ մեր նույնիսկ ամենաանկեղծ հավաստիացումներին, թե չենք այրվում իրենցից արժանի վրեժ լուծելու միանգամայն բնական զգացումներից: Ի դեպ, թուրք ասելով ես նկատի ունեմ նաեւ այսօր իրենց ադրբեջանցի անվանող Կովկասի թաթարներին:

Հետեւաբար, մեր բոլոր ներքին գզվռտոցները, իշխանությունը կորցնելու սարսափը կամ ետ բերելու զառանցանքը, ինչպես նաեւ քաղաքական բնույթի ամեն մի այլ տարաձայնություն ազգի հավաքական անվտանգության ապահովման տեսակետից տգիտությա՛ն արտահայտություն է: Ճիշտ այնպես, ինչպես եթե արդեն իսկ խորտակվող «Տիտանիկ» նավում ուղեւորների մեջ գզվռտոց սկսվեր, թե ո՞ր նավախուցը ո՛վ պիտի զբաղեցնի: Երբ նավը, տվյալ դեպքումՙ աշխարհը, կործանման եզրին է, ի՞նչ նշանակություն ունիՙ ո՞վ ո՛ր կարգի նավախցում կխեղդվի:

Կորոնավիրուսի սպառնալիքը ռուս վերլուծաբանները ՆՏՎ հեռուստաալիքի եթերում վերջերս արդեն համեմատում էին երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի հետ: Եվ նշում էին, թե այդ վիրուսը կանխեց նոր, մեծ պատերազմը:

Միգուցե ճիշտ էին, չեմ վիճում: Բայց այդ վտանգը մեզնից յուրաքանչյուրի համար նույնպես սթափեցնող դեր պիտի կատարի: Պիտի նպաստի, որ ազգովին հասկանանքՙ ինչքան էլ այսինչին չեմ սիրում, նրա գաղափարները ինձ խորթ են, ինչքան էլ մարդկայնորեն հակակրանք ունեմ իր նկատմամբՙ նա իմ հայրենակիցն է, իմ ազգակիցը, իմ երկրի քաղաքացին: Միգուցե երբեւէ իրար հետ ճամփա չանցնենք, սակայն ո՞վ իմանաՙ պատեհություն ունենալու դեպքում ընդհանուր թշնամին մեզ միասին կառափնարան չի՞ բարձրացնի: Այնպես անենք, որ գոնե այդ վերջին պահին... միմյանց հրաժեշտ տալու տե՛ղ մնա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ